Լավագույնը նրանք են, ովքեր ձեր հետ բիզնեսներում «օրթա՞խ» են եղել․ Վահագն Ալեքսանյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսանյութով անդրադարձել է գործարար Սամվել Կարապետյանի (« Կալուգաի Սամո») վերջին հայտարարություններին՝ կապված Բաքվում գտնվող նախկին պաշտոնյաների հետ։


Պատգամավորը հարցականի տակ է դրել քաղաքացիներին «լավագույնների» և «մյուսների» բաժանելու ընդդիմադիր տրամաբանությունը։


Վահագն Ալեքսանյանը նկատել է, որ Սամվել Կարապետյանը «մեր լավագույն հայրենակիցներ» է անվանում Բաքվի բանտերում գտնվող Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին կամ Ռուբեն Վարդանյանին։ Պատգամավորը շեշտել է, որ թեև բոլորն էլ մաղթում են նրանց շուտափույթ վերադարձ, սակայն նման որակումներն առնվազն տարակուսելի են։


«Այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունում էլ ուրիշ լավագույն քաղաքացի չկա՞։ Օրինակ՝ հիմա զինվորական ծառայություն անցնող տղերքը լավագույնը չե՞ն։ Թե՞ լավագույնը հենց նրանք են, ովքեր ձեր հետ իշխանության մեջ են եղել կամ բիզնեսներում «օրթախ» (փայատեր) են եղել»,- նշել է Ալեքսանյանը։



Պատգամավորի խոսքով՝ նման հայտարարությունները վիրավորական են ՀՀ շարքային քաղաքացիների համար, ովքեր դուրս են մնում «լավագույնների» այդ նեղ ցանկից։


Ալեքսանյանն ընդգծել է, որ մարդկանց կարգավիճակը հարգելն ու ազատություն մաղթելը մեկ բան է, բայց նրանց բացառիկ «լավագույն» հռչակելը՝ բոլորովին այլ։


«Եթե այդ մարդիկ լավագույնն են, իսկ մյուսները ի՞նչ դասակարգումով են անցնում՝ վա՞տ, ավելի վա՞տ, թե՞ վատագույն։ Հայաստանի քաղաքացիներն էլ այդ կատեգորիայի՞ են բաժանվում»։