Էմմա Պողոսյանը հենց նոր դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն: Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է Արայիկ Հարությունյանը։
«2023-ին Երևանի առաջնության ժամանակ կանխատեսել էի, որ նա մեր ապագա չեմպիոնն է: Այսօր նա ապացուցեց դա: Շնորհավոր բոլորիս»,- գրել է նա:
ԿԳՄՍՆ-ն հայտնել է, որ Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ 86 կգ քաշային Էմմա Պողոսյանը երկամարտի 248 կգ արդյունքով ոսկե մեդալ է նվաճել Բաթումիում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում:
Պոկում վարժությունում Էմման բոլոր երեք մոտեցումները հաջող է կատարել՝ գլխավերևում պահելով 102,105 և 107 կգ կշռող ծանրաձողերը: Այս ձևում նա երրորդն էր: Հրում վարժությունում հայ մարզուհին դարձյալ փայլուն է գործել՝ բարձրացնելով նախ 132, ապա 134 և 141 կգ կշռող ծանրաձողերն ու արժանացել ոսկե մեդալին:
Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Լիանա Գյուրջյանն հրում վարժությունում դարձել է արծաթե մեդալակիր՝ 135 կգ արդյունքով: Երկամարտում նա 5-րդն է: