Շիրակի մարզպետը դիմավորել է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունից վերադարձած հայ ծանրորդներին

Ծափերով, դափնիներով ու երգ-երաժշտությամբ՝ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի գլխավորությամբ մարզպետի աշխատակազմի պատասխանատուները, Աշոցք համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանն ու մարզասերները դիմավորել են Վրաստանի Բաթումի քաղաքում կայացած ծանրամարտի 2026 թվականի Եվրոպայի առաջնության մրցումներից վերադարձած հայ ծանրորդներին։


Ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումներին Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքական թիմերում ընդգրկված էին 16 մարզիկ-մարզուհիներ։
Նրանցից 9-ը՝ 5 տղամարդ և 4 կին Շիրակի մարզի ներկայացուցիչներ էին։


Եվրոպայի առաջնության առանձին վարժաձևերում և երկամարտի հաշվարկում Հայաստանի պատվիրակները նվաճեցին 24 մեդալ՝ 9 ոսկի 8 արծաթ և 7 բրոնզ։ Այստեղ առյուծի բաժինը կազմեցին հավաքական թիմերում ընդգրկված Շիրակի մարզի ներկայացուցիչների ձեռքբերումները՝ 18 մեդալ, որից 8 ոսկի 5 արծաթ և 5 բրոնզ։


Շիրակցի մարզիկներից Էմմա Պողոսյանը, Գարիկ Կարապետյանը և Վարազդատ Լալայանը հռչակվեցին Եվրոպայի չեմպիոններ, իսկ Գառնիկ Չոլաքյանը, Ալեքսանդրա Գրիգորյանը և Արա Աղանյանը փոխչեմպիոններ։


Ծանրորդուհի Աննա Ամրոյանն էլ ոսկե մեդալակիր դարձավ հրում վարժաձևում։


Հավաքական թիմերի գլխավոր մարզիչները ևս Շիրակի մարզից են՝ տղամարդկանց թիմինը Հակոբ Փիլոսյանն է, իսկ կանանցը՝ Արտաշես Ներսիսյանը։