Մասսայական բռնվելու են, չեմ բացառում՝ ծանրացնենք հոդվածը․ Սիմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» ընտրակաշառքների մասին

Սամվել Կարապետյանը փորձում է քաղաքական առևտրի մեջ մտնել։ Ընտրություններին իրենք այդքան ձայն չեն հավաքելու, նա նաև թեկնածու չէ, չի կարող լինել ոչ վարչապետ, ոչ պատգամավոր, ասելու են Ռոբերտ Քոչարյանն ամենափորձառուն է, և փորձելու են միանալ, Քոչարյանին սարքել թեկնածու և մեր երկիրը նորից «հանձնեն» կլաններին։


Այս մասին Հանրային ՀԸ եթերում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։


Մեկնաբանի՝ բոլորը հայտարարել են, որ Քոչարյանի հետ դաշինք չեն կազմի, դիտարկմանն ի պատասխան, Ալեն Սիմոնյանն ասաց՝ Գյումրիի դեպքերը հիշո՞ւմ եք։


«Արյան վրա երդում էին ուտում։ Հիմա բոլորն էդպես ասում են, հետո մի հատ արդարացում են գտնում, ասում են, դե ճիշտ որոշումն էս պահին դա է։ Քի՞չ ենք նման դեպքերի ականատես եղել»,- ասաց Սիմոնյանը։


Անդրադառնալով «Ուժեղ Հայաստանի» կողմից ընտրակաշառքի բաժանման դեպքերին, Ալեն Սիմոնյանն ասաց՝ նախ պետք է կուսակցությունները քաղաքական գնահատական տան, նրանք չեն կարող գան ու «առնեն» քաղաքացիներին։


«Շատ մասսայական բնույթի է և մասսայական շարունակություններ են լինելու, և մասսայական բռնվելու են բոլորը։ Չեմ բացառում, որ մոտ ժամանակներս մենք սանկցիան կավելացնենք, հիմա 7-8 տարի է կաշառք տալը և վերցնելը։ Չեմ բացառում, որ ԱԺ արտահերթ ձևով նախագիծ կբերենք և ավելի կծանրացնենք այդ հոդվածը։ Ոչ մեկը չի պլստալու, դա անհարգալից վերաբերմունք է ՀՀ նկատմամբ»,- ասաց Սիմոնյանը։