Լոռեցի Սամոն մնացել է 2020 թվականի ՀՓՇ-ի քարոզչական «պոյեզի» վերջին վագոնում

Հետևելով «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կալուգացու մտքի զիգզագներին՝ սրտի կսկիծ ենք ապրում ու դառը կսկծալով, ինչպես ասում են լոռեցիները՝ փիքր անում՝ այս մարդու «ուժեղ» կերպարը կերտելու գործն ո՞ւմ է վստահվել՝ հանրային հաղորդակցության ոլորտի փորձառու մասնագետների՞ն, այսպես ասած՝ PR-շչիկներին, թե՞ ճոխ-ճոխ հոնորարներ ստացող, բայց սաբոտաժով զբաղվող, «կլիենտին» հանրության աչքում «փչացնող»  «փիառչիներին»։ Մեծն երգիծաբան Հակոբ Պարոնյանը թե ողջ լիներ, հաստատ կգրեր իր «Մեծապատիվ մուրացկանները» վեպի երկրորդ հատվածը, որի գլխավոր հերոսը հաստատ Կալուգայից Հայաստան եկած Կարապետյանը պիտի ըլլար, և որին  պարոն Պուտինը հաստատ իր մոտ կանչած ու հարցուցած պիտի ըլլար.  «Ի՞նչ ամսական կ՚ուզես հայրենիքիդ քաղաքական թատրոնի մեջ ուժեղ ապուշի դեր կատարելու համար»։ Թողնենք Պարոնյանին իր երգիծական հանճարի հետ ու գանք մեր օրեր, Երևան,  մտնենք Սամվել Կարապետյանի՝ Մոնումենտում գտնվող շքեղ առանձնատուն, մասնավորապես՝ դրա բակ։   


 Օրերս, օգտվելով տնային կալանքի տակ գտնվելու ռեժիմի ընձեռած հնարավորությունից, «մեծն փիզնեսմենն» իր հարկի ներքո հերթական խումբ մարդկանց է ընդունել, այս անգամ՝ երիտասարդների, որոնց հետ տեղի ունեցած հարցուպատասխանը ստիպում է հարցադրում անել՝ այդքան հարուստ քսակով ու այդքան աղքատ, դատարկ ու ընչազո՞ւրկ մտքով, ասելիքով ու գաղափարներով, այդքան կտրվա՞ծ իրականությունից, Հայաստանի անցյալից ու ներկայից, համաշխարհային անցուդարձից  ու տենդենցներից։ Տպավորություն է, թե Կալուգա-Տաշիր տրանզիտի ուղևոր լոռեցի Սամոն մնացել է 2020 թվականի ՀՓՇ-ի օրերի քարոզչական «պոյեզի» վերջին վագոնում, որից, ի դեպ, դուրս են եկել անգամ ռուսա-բելառուսամետ ընդդիմության մյուս հայտնի գլուխները՝ ի մասնավորի Ռոբերտ Քոչարյանն ու Գագիկ Ծառուկյանը։ Երիտասարդներից մեկի հարցին  պատասխանելով՝ Սամվել Կալուգացին նկատել է՝ պետք է բացատրել մարդկանց, որ սա՝ ընտրությունները նկատի ունի, իրենց ապագայի խնդիրն է, սա ընտրություն է  «հայ մարդու մեջ և գորշ գայլերի մեջ, որովհետև մենք շատ լուրջ ընտրության առաջ ենք կանգնած։ Հայի ինքնության և, չեմ ուզում վախեցնել մարդկանց, Հայաստանի հաջորդ տարածքի կորստի, որտև այս մարդկանց համար բացարձակ նշանակություն չունի 100 կիլոմետր ստեղ, 500 կուղարկեն մյուս կողմը, բայց դուք գիտեք, որ մենք շատ փոքր երկիր ենք, եթե մենք մի 5 տարի էլ էսպես բաժանենք, վերջում կմնա միայն Լոռու մարզը, որտև մենք դա ոչ մեկի չենք տալու, պայքարելու ենք Լոռու մարզի համար և կանգնելու ենք լուրջ փաստերի առաջ։ Վախեցած, նվաստացած կառավարությունը չի կարող ապահովել երկրի զարգացում, երկրի անվտանգությունը, դա ես իրոք բացառում եմ, դրա համար մեզ պետք է փոփոխություն, քանի որ առանց դրա հնարավոր չէ զարգացնել այս երկիրը»:  Սամվել Կալուգացու այս հայտարարությունը, հարկավ, պետք է ուշադրության արժանանա իրավապահ մարմինների կողմից, մասնավորապես՝ ՀՀ քաղաքացիներին «հայ մարդկանց» և «գորշ գայլերի» «սորտավորելու» համար։ Դատելով քաղաքական հայտ ներկայացրած սույն գործչի հայտարարությունից՝ «գորշ գայլերը» կառավարող ուժն  ու վերջինիս 2021-ին ընտրած 680 հազար քաղաքացիներն են և այն քաղաքացիները, որոնք առաջիկա  հունիսի 7-ի ընտրությունների ժամանակ էլ են պատրաստվում քվեարկել ՔՊ-ի օգտին։ Շատ կարևոր է պարզել՝ արդյոք պատահակա՞ն է Սամվել Կալուգացին գործածում «գորշ գայլեր» արտահայտությունը։  Հազիվ թե։  Հիշյալ բառակապակցությունը, նկատենք, ասոցիացիաներ է առաջացնում նույնանուն՝  թուրքական երիտասարդական ազգայնական կազմակերպության հետ, ու ստացվում է, որ այն քաղաքացիները, որոնք չեն ընտրելու «Ուժեղ Հայաստան»-ին, դրա լիդերի կողմից ավանսով անվանվում են թուրքերի հետ նույնականացվող «գորշ գայլեր»։ Հիշո՞ւմ եք, տարիներ առաջ էլ հասարակական մի գործիչ ՀՀ քաղաքացիների մի հատվածին՝ մասնավորապես Շիրակի և Արարատի մարզերի  բնակիչներին , անվանել էր «թուրքի եթիմ», ինչից հետո նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցվեց «ազգային, ռասայական, կրոնական ատելություն հրահրելու» հատկանիշներով։  Հարկ է հիշեցնել, որ օրերս էլ ընտրակաշառքի գործով սկանդալային հաղորդագրության մեջ Սամվել Կարապետյանի կուսակցության շտաբի աշխատակիցը «շուն-շանգյալ» կապակցությունն էր գործածել  մարդկանց  բնորոշելու համար։ Փաստորեն, ՀՀ քաղաքացիներին վայրի կենդանիների հետ նույնացնելու վարքագիծը բնորոշ է ուժեղականներին՝ լիդերից մինչև կուսգրասենյակի շարքային աշխատակից։ Սա ՀՀ բոլոր ընտրողներին «ուժեղիստների» մասին հետևություն անելու ուժեղ արգումետ է։


Այժմ դառնանք Սամվել Կալուգացու մյուս՝ ցինիկ հայտարարությանը  Հայաստանի  տարածքային կորստի վերաբերյալ՝ ընդհուպ այն մասշտաբի, որ մնա միայն ՀՀ մարզերից մեկը՝ Լոռին։ Ո՞ւմ հանձնարարությամբ է Սամվել Կալուգացին ՀՀ տարածքային կորստով վախեցնում ՀՀ քաղաքացիներին, արդյոք այն երկրի՞, որն ասոցացվում է  Հյուսիսային բևեռի հայտնի գազանի՝ «սպիտակ արջի» հետ։ Մի երկիր, որն, ի գիտություն «արջասեր ու  արջամետ»  հայ գործչի, լինելով ՀԱՊԿ անդամ երկիր,  քանիցս՝ 2021-ին, 2022-ին,  կասկածի տակ է դրել Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ իր պայմանագրային պարտավորությունները չկատարելու համար մահանա բռնելով ՀՀ սահմանների սահմանազատված  չլինելը։ Մի երկիր, որի տարբեր գործիչներ  Հայաստանը քանիցս անվանել են «ֆորպոստ», դիտարկել որպես ծայրագավառ, պլացդարմ, ամեն ինչ, բայց ոչ երբեք անկախ ու սուվերեն պետություն։  Ու Հայաստանի՝ Տաշիր Սամոյի կողմից «գորշ գայլ» բնորոշված  իշխանությանն էլ՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի,  ոչ մի կերպ չեն ներում այդ կարգավիճակի հետ չհամակերպվելու, այն թոթափելու համար։ Այդ պատճառով էլ իրեն՝ Տաշիրցի Սամվելից աճա՜ծ Կալուգայի Սամո դարձածին, ուղարկել են Հայաստան՝ Հայաստանի ինքնիշխանության ոչնչացման, ծայրագավառացման, լավագույն դեպքում Միութենական պետության կազմ քարշ տալու վաղեմի ծրագիրը իրագործելու համար՝ իրեն էլ որպես «պրիզ» խոստանալով Լոռու մարզի «նամեստնիկի» պաշտոնը։ Իր այդ՝ «առաքելության» գիտակցո՞ւմն է, որ ստիպում է լոռեցի Սամոյին այդպես՝ «շնագայլի» խորամանկ քմծիծաղով ազդարարել՝ «մեզ պոպոխություն է պետկ»՝ «պոպոխություն» ասելով նկատի ունենալով ինքնիշխան Հայաստանի փոխակերպումը ռուսահպատակ պետական կազմավորման՝ Լոռի վարչական կենտրոնով։  


Հեղինե Մանուկյան