Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսությունը հասունացել է այնքան, որ դրական արդյունքներ լինեն. Միրզոյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կարծում է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսությունը բավարար չափով հասունացել է, որպեսզի նպաստավոր արդյունքներ լինեն։


ՀՀ ԱԳ նախարարն այդ մասին ասել է «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում անցկացվող քննարկման ժամանակ։


«Թուրքիայի հետ հրաշալի երկխոսություն ունենք։ Համագործակցության բազմաթիվ առիթներ են եղել, հենց երեկ մեր ներկայացուցիչները հուշագիր ստորագրեցին՝ համատեղ վերականգնելու պատմական Անիի կամուրջը, որը Հայաստանի և Թուրքիայի սահմանին է։


Մեկ շաբաթ առաջ երրորդ հանդիպումը տեղի ունեցավ աշխատանքային խմբի, որը փորձում է վերականգնել Հայաստանի և Թուրքիայի միջև երկաթուղային կապը՝ Գյումրի-Կարս ուղով։ Այսինքն՝ ունենք համագործակցության բազմաթիվ դեպքեր, բայց սահմանն ընդհանուր առմամբ փակ է։ Երկկողմ պատրաստակամություն ենք արտահայտել դիվանագիտական հարաբերություններ հիմնելու, մեր երկկողմ հետաքրքրությունն ու պատրաստակամությունն ենք արտահայտել սահմանը լիովին բացելու վերաբերյալ։


Համաձայնություն կար առաջին փուլում սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագետների համար, սակայն առ այսօր սահմանները դեռ փակ են։ Որոշ համաձայնություններ իրականացվում են, որոշները դեռ մշակվում են, բայց կարող եմ վստահորեն ասել, որ սա տեղի է ունենալու, քանի որ Հայաստան-Թուրքիա երկխոսությունը բավարար մակարդակի է հասել, որպեսզի նպաստավոր արդյունքներ լինեն»,- ասել է Արարատ Միրզոյանը։