Ռոբերտ Քոչարյանն ու նրա ենթակայությամբ գործող ԱԺ պատգամավորներն իրենց քաղաքական պայքարի և առաջիկա ընտրապայքարի «թիվ մեկ» անելիքը համարում են կառավարող ուժի «թիվ մեկ» օրակարգի՝ խաղաղության գործընթացի արժեզրկումն ու նսեմացումը՝ այն ներկայացնելով որպես մեկ մարդուց՝ Ադրբեջանի նախագահի կամքից ու բարեհաճությունից կախված բան։ ՀՀ քաղաքացիներին ու Հայաստանին մեծագույն զոհողությունների ու դիվանագիտական ահռելի աշխատանքի շնորհիվ վիճակված գործընթացը շարքից հանելու համար, իրար հերթ չտալով, Քոչարյանն ու շահագրգիռ խմբակը պարբերաբար թութակում են հայտնի մանտրան «երեք պատերազմի» մասին։ Թե՝ «Հայաստանի գլխին երեք պատերազմ բերած Նիկոլ Փաշինյանը ո՞նց կարող է խոսել խաղաղության մասին, առավել ևս՝ բերել այն։ Ու այսքանից հետո էլ ինչպե՞ս է համարձակվում «պատերազմի եռագլուխ ուժեր» համարել Քոչարյան-Սամվել Կարապետյան-Գագիկ Ծառուկյան ոչ ֆորմալ «կոալիցիոն ուժերին», եթե նրանցից մեկը՝ Քոչարյանը, «հաղթանակած նախագա» է, «նախագա», որի օրոք Ադրբեջանը, որպես պարտված երկիր, սսկված-տեղում վեր ընկած, արմունկներն էր կրծում, ռիսկ չէր անում անգամ սահմանային լարվածություն հրահրել, ավելին՝ նույնիսկ մտքով չանցկացրեց պատերազմ սանձազերծել Հայաստանի դեմ՝ ազդվելով իր՝ Ռոբերտ Սեդրակիչի ահից, դիմանալով հայկական կողմի ռազմահայրենասիրական սադիզմին, թե՝ «Ի՞նչ Ղարաբաղի հարց, հայ ժողովուրդը Ղարաբաղի հարցը լուծել է 92 թվականի պատերազմի միջոցով»։ Իսկ այ Փաշինյանը եկավ, արեց հայտարարություններ ու գործողություններ ու․․․ էն մնացածը։
ՀՀ քաղաքացին, ընտրողն արդեն սովոր է սեփական պետության դեմ «ցուցմունք» տալու քոչարյանական երեսփոխանների քստմնելի վարքագծին։ Ի դեպ, ոչ միայն քոչարյանական պատգամավորների։ Նույն վտանգավոր ու կեղծ ցուցմունքը ՀՀ-ի դեմ տալիս են նաև «Հայաստան» դաշինքի նորահայտ «ֆիլիալի»՝ «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչները՝ լիդերից մինչև շարքային կուսակցական, և իհարկե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ «մեկին մեկ» կրկնելով քոչարյանա-դաշնակցական ձևակերպումները՝ ամեն մեկը «զուբրիդ անելու» իր կարողությանը համապատասխան։ Պատահակա՞ն է արդյոք ռուսա-բելառուսամետ ուժերի ցուցմունքների նույնական լինելը։ «Եստեստվեննո, ա կակ ժե»,- կասեր Կրեմլում Հայաստանի հետ հարաբերությունները համակարգող Սերգեյ Կիրիենկոն՝ քմծիծաղ տալով ու հիշելով «վարչապետի թեկնածուներին» իր մեյլից ուղարկված «մետադիչկաները»։
Մենք էլ, առանց քմծիծաղի, առաջարկում
ենք պարզել՝ «երեք պատերազմ» ասելով Կիրիենկոյի կոնտորայի սպասավորները
ո՞ր պատերազմները նկատի ունեն։ Հասկանալի է, որ Փաշինյանի «բերելուն» վերագրվող առաջին
պատերազմը 2020 թվականի 44-օրյան է, որի «կազուս բելին», ինչպես ընդդիմությունն է սիրում
պնդել, Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունն էր ու մեկ էլ
2019-ին առաջարկված բանակցային «գյոզալական» առաջարկը մերժելը։ Հապա մյուս երկու պատերազմնե՞րը
երբ են տեղի ունեցել։ Եթե ընդդիմությունը նկատի ունի 2022-ի ռազմական ագրեսիան ՀԱՊԿ-ի
պատասխանատվության ու պարտավորությունների գոտի Հայաստանի նկատմամբ և 2023 թվականի
«հակաահաբեկչական օպերացիան» ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտի Ղարաբաղում,
ապա հարց ունենք՝ վերջին երկու պատերազմները Նիկոլ Փաշինյանի ո՞ր հայտարարության կամ
գործողության պատճառով են տեղի ունեցել։ Կրեմլի քարոզչական հիպնոսից դուրս գալուց ու
օյաղանալուց հետո «երեք պատերազմ»-ի թեզը թութակողները գուցե հասկանան, որ դրանց բոլորի
տո բերողն էլ, տո սանձազերծող-հրահրողն էլ, տո խաղաղապահների տեղակայման պայմանով կանգնեցնողն
էլ եղել է մեկ սուբյեկտ՝ հայտնի որպես պրեզիդենտ Ռոսսիյսկոյ Ֆեդերացիի։ Ասվածում համոզվելու համար առաջարկում ենք լսել Պուտինի
գաղափարախոսական հայր Ալեքսանդր Դուգինի խոստովանությունը՝ «մենք դավաճանեցինք մեր դաշնակցին,
մենք օգնեցինք Ադրբեջանին վերադառնալ Ղարաբաղ»։
Արդ, տեսնենք, թե ինչ է բերել Ռոբերտ Քոչարյանը
Հայաստանի գլխին։ Ամեն ինչ, բացի պատերազմից, ու այդ ամեն ինչի մեջ մտնում էին ռազմավարական
նշանակության մի շարք օբյեկտների օտարումը մի սուբյեկտի, որի ձեռքում է եղել պատերազմի սպառնալիքի կառավարումը, և որը մտադիր
է ՀՀ-ում նորից իշխանության բերել արդեն ծանոթ, հին ուժերին՝ այդպիսով վերադարձնելով
պատերազմի սպառնալիքի կառավարման «ռիչագները»։
Այնպես որ, զուր է Քոչարյանը թմբկահարում թեզը, թե իր օրոք պատերազմ չի եղել։
Այդ «բացթողումը» նա ստիպված կլինի կոմպենսացնել՝ Հայաստանի գլխին բերելով հերթական
պատերազմը։ Նոր պատերազմի անխուսափելիությունը «երաշխավորող» արգումենտները, եթե կուզեք՝
«կազուս բելին» Քոչարյանի ու նրա քնարի հետևորդների հետևողական հայտարարություններն են իշխանության գալու
դեպքում խաղաղության փաստաթուղթը վերաբանակցելու, խաղաղության համար երաշխավորներ կարգելու
մասին։ Արդ, ինչո՞ւ են երկրորդ նախագահն ու նրա շրջապատը ցնցվում, երբ նրանց անվանում
են պատերազմի «եռագլուխ ուժեր»։
Մի քանի դիտարկում էլ պատերազմ չբերած Քոչարյանի
թողած բանակցային ժառանգության մասին. «Մադրիդյան
սկզբունքներ» կոչվող տխրահռչակ փաստաթուղթը ի՞նչ էր, եթե ոչ գործարք պատերազմի հետաձգման
մասին, սկզբունք առ սկզբունք արցախյան հաղթանակը չեզոքացնելու, այն հանձնելու «ճանապարհային քարտեզ»։ Այս որակումներն, ի դեպ, մերը չեն, այլ փաստաթուղթը տարբեր ժամանակներում
անողոք քննադատության ենթարկած, Քոչարյանի
հետ 2021-ին ու այսօր էլ դաշինք
կազմած ՀՅԴ-ականների՝ տեղական գործիչներից մինչև Հայ դատի գրասենյակի և ՀՅԴ Արցախի կառույցի կարկառուն ներկայացուցիչների։
Նրանք էին, որ առաջարկում էին «կազմաքանդել» Քոչարյանի բանակցային տաղանդի արգասիքը,
որդեգրել նոր սկզբունքներ, որոնցով կերաշխավորվի ԼՂՀ տարածքային ամբողջականությունը
և ամենակարևորը՝ բանակցային գործընթացում կապահովվի ԼՂՀ-ի՝ որպես լիիրավ կողմի մասնակցությունը։
Ի դեպ, երբ Քոչարյանը որոշեց «ոչ ևս» անել ՀՀ դիվանագիտական մեծագույն նվաճումներից
մեկը՝ ԼՂ-ին դուրս թողնելով բանակցային սեղանից, ո՞ւմ հրահանգով դա արեց։ Սեփական կամո՞ք,
թե՞ կատարելով օտար պետության կամքը։ Արդյոք սա՞ էր այն գինը, որը ոչ լեգիտիմ նախագահը
վճարեց՝ առ ժամանակ հետաձգելու պատերազմի սանձազերծումը։ Հա, մի հարց էլ Սերժ Սարգսյանի
օրոք տեղի ունեցած քառօրյա պատերազմի սանձազերծման պատճառների մասին. Քոչարյանը քառօրյայի
պատճառների մասին երբևէ հարցում արե՞լ է իր հետնորդին կամ էլ այդ հետնորդի օրոք պաշտպանության
նախարար աշխատած, այժմ էլ «Հայաստան» խմբակցությունը ղեկավարող Սեյրան Օհանյանին։ Շինիչ
հորդոր՝ թող հարցնի, գուցե պարզվի, որ Հայաստանի գլխին բերված բոլոր չորս ու բերվելիք
պատերազմների հեղինակը միևնույն, իր հետ քիմիական կապի մեջ գտնվող սուբյեկտն է։
Հ. Մանուկյան