ՀՀ-ում նախատեսվում է ներդնել դիվանագիտական գրասենյակների
ստեղծման նոր կարգավորում։ Այս մասին Ազգային ժողովի մայիսի 11-ի արտահերթ նիստում
հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ ներկայացնելով «Դիվանագիտական ծառայության
մասին» և հարակից օրենքներում փոփոխությունների նախագծերը։
Նախարարի խոսքով՝ նոր
կարգավորումը հնարավորություն կտա այն երկրներում, որտեղ ֆինանսական կամ գործնական
տեսանկյունից նպատակահարմար չէ բացել ամբողջական դեսպանություն, ստեղծել դիվանագիտական
գրասենյակներ։ Դրանք կղեկավարի տվյալ երկրում հավատարմագրված
ՀՀ դեսպանը։
Օրենսդրական փաթեթով առաջարկվում է նաև վերանայել
դեսպանների և մշտական ներկայացուցիչների պաշտոնավարման ժամկետները։ Մասնավորապես, դեսպանը
կկարողանա նույն երկրում պաշտոնավարել առավելագույնը 5 տարի, որից հետո վերանշանակվել
այլ երկրում։ Այդ դեպքում ծառայության ընդհանուր առավելագույն ժամկետը կկազմի 8 տարի։
Փոփոխություններ են նախատեսվում նաև դիվանագետների
ռոտացիոն ծառայության կարգում։ Նոր նախագծով՝ արտերկրում ծառայությունից հետո դիվանագետները
ՀՀ ԱԳՆ-ում կաշխատեն ոչ թե 24, այլ 18 ամիս, ինչից հետո կրկին կարող են գործուղվել
օտարերկրյա պետություն։ Գլխավոր հյուպատոսների դեպքում նախարարությունում աշխատանքի
պարտադիր ժամկետը կկրճատվի 18-ից 12 ամիս, իսկ արտերկրում ծառայության ժամկետը կավելանա
2-ից 3 տարի։
Առանձին փոփոխությամբ
վերացվում է դիվանագետ ամուսինների աշխատավարձերի գործող սահմանափակումը։ Ներկայումս,
եթե երկու դիվանագետ ամուսիններն էլ գործուղվում են արտերկիր, նրանցից մեկը ստանում
է աշխատավարձի միայն 50 տոկոսը։ Առաջարկվող կարգավորմամբ՝ երկու
դիվանագետներն էլ կստանան իրենց ամբողջական աշխատավարձը։
Բացի այդ, նախատեսվում
է արտերկրում ծառայող դիվանագետների աշխատավարձերը հավասարեցնել Երևանում ծառայություն
իրականացնող դիվանագետների վարձատրությանը։ Ինչպես նշեց նախարարը, օրինակ՝ ԱԳՆ-ում
աշխատող առաջին քարտուղարի աշխատավարձը կազմում է 267-366 հազար դրամ, մինչդեռ արտերկրում
ծառայող նույն պաշտոնյայինը՝ 157-178 հազար դրամ, ինչը նվազեցնում է արտերկրում ծառայության
գրավչությունը։