Հրազդանում կառուցվող արհեստական բանականության գործարանում ներդրումների ծավալը կազմելու է 5 միլիարդ դոլար․ Փաշինյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քարոզարշավային օրն ավարտել է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում անցկացրած հավաքով, որի  ժամանակ ելույթ է ունեցել կուսակցության վարչության նախագահ, արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։



Իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է տեխնոլոգիական ապագայի մասին՝ շեշտելով, որ երկիրն այս պահին տեխնոլոգիական անցման փուլում է։

«Վերջին տարիներին 2017 թվականի նկատմամբ Հայաստանում գիտության ֆինանսավորումն ավելի քան կրկնապատկել ենք։ Ավելացրել ենք աշխատավարձերը գիտության ոլորտում՝ 100-300 տոկոսով։ Այսօր Հայաստանի Հանրապետությունը տեխնոլոգիական անցման փուլում է գտնվում, և դուք այդ անցման առաջին առարկայական դրսևորումները տեսաք մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած զորահանդեսում, երբ օտարերկրյա արտադրության սպառազինությանը զուգահեռ ձեզ ներկայացրեցինք սպառազինություն, որն արտադրված է Հայաստանում։ Այստեղ նրբությունն այն է, որ այդ սպառազինությունը ոչ միայն արտադրված է Հայաստանում, այլ նաև մենք արդեն առաջին արտահանման լուրջ պայմանագրերն ու գործարքներն ունենք, երբ Հայաստանում արտադրված սպառազինությունն արտահանվում է զարգացած երկրներ։ Շատ կարևոր է արձանագրել, որ այսօր Հայաստանը մեծ քայլերով տեխնոլոգիական տրանսֆորմացիաներ է ապրում»,- ասաց Փաշինյանը՝ շեշտելով, որ 2021 թվականից մինչև 2025 թվականը ՀՀ կառավարությունը 170 միլիարդ դրամի ներդրում է արել ռազմարդյունաբերական համալիրում։


Վարչապետը շեշտել է, որ գիտության ֆինանսավորմանը զուգահեռ Կառավարությունն էական ներդրումներ է արել գիտության ոլորտի սարքավորումների ձեռքբերման համար։ Պետական բյուջեից շուրջ 10 միլիոն դոլար ենք հատկացրել Երևանի պետական համալսարանում ժամանակակից սուպերհամակարգիչ տեղադրելու համար, և այսօր Երևանի պետական համալսարանն ունի սուպերհամակարգիչ, որը հասանելի է մեր ամբողջ կրթական համակարգի համար»,- ասել է վարչապետը։


Նա նշել է, որ Հայաստանում լուրջ զարգացումներ կան նաև արհեստական բանականության ոլորտում։


Վարչապետը հայտնել է, որ շուտով Հայաստանում՝ Գեղարքունիքի մարզի Գագարին համայնքում, կբացվի արհեստական բանականության առաջին գործարանը։ Գագարինում արհեստական բանականության գործարանը բացում է «Էլեվեյթ» ընկերությունը,  կատարվել է շուրջ 70 միլիոն դոլարի ներդրում։


«Հրազդանում այսօր կառուցվում է Firebird ընկերության արհեստական բանականության գործարանն է կառուցվում, որի երկարաժամկետ կամ միջնաժամկետ ներդրումների ծավալը կազմելու է 5 միլիարդ դոլար, 5 միլիարդ դոլարի ներդրում՝ արհեստական բանականության գործարան ստեղծելու համար»,- ասել է Փաշինյանը։