Միգրացիոն համակարգի բարեփոխումը՝ ՀՀ զարգացման օրակարգի մաս․ Արմեն Ղազարյանի ելույթը

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը մայիսի 5-8-ը մասնակցել է միգրացիայի միջազգային դիտարկման երկրորդ ֆորումին, որի շրջանակում պետությունները գնահատում են Անվտանգ, կանոնավոր և ապահով միգրացիայի վերաբերյալ գլոբալ դաշնագրի (GCM) նպատակների իրականացման առաջընթացը և նախանշում հետագա առաջնահերթությունները։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից:


Ֆորումի ընթացքում Արմեն Ղազարյանը հանդես է եկել ելույթով՝ վերահաստատելով Հայաստանի ամուր հանձնառությունը Միգրացիայի վերաբերյալ գլոբալ դաշնագրի սկզբունքներին, որոնք դարձել են երկրի միգրացիոն քաղաքականության իրականացման կարևոր հենասյուներից մեկը։


Իր խոսքում նախարարի տեղակալը նշել է, որ միգրացիոն կառավարումը շարունակում է մնալ Հայաստանի համար օրակարգային առանցքային ուղղություն․ երկիրը երկար տարիներ բախվել է արտահոսքի հետ կապված խնդիրների, մինչդեռ վերջին շրջանում արձանագրվում են ներհոսք և տարանցիկ միգրացիայի աճող միտումներ։ Այս պայմաններում Հայաստանի մոտեցումը ձևավորվել է երեք փոխկապակցված առաջնահերթությունների շուրջ՝ ինստիտուցիոնալ դիմակայունության ամրապնդում, քաղաքացիակենտրոն ծառայությունների զարգացում և թվային փոխակերպումներ։


Արմեն Ղազարյանը կարևորել է Ներքին գործերի նախարարության կազմում Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ինստիտուտի ստեղծումը՝ այն գնահատելով որպես համակարգային բարեփոխումների կարևոր ձեռքբերում։ Նոր կառույցը միավորել է միգրացիայի, ապաստանի, քաղաքացիության և մի շարք այլ ծառայությունները՝ նպաստելով համակարգման, հաշվետվողականության և փաստահեն քաղաքականության մշակման արդյունավետության բարձրացմանը։


Նա նաև անդրադարձել է իրականացվող ծավալուն օրենսդրական բարեփոխումներին՝ ընդգծելով, որ թարմացվել են քաղաքացիությանը, օտարերկրացիներին, փախստականներին և ապաստանին, ինչպես նաև թրաֆիքինգի դեմ պայքարին վերաբերող օրենսդրական կարգավորումները։ Ըստ նախարարի տեղակալի՝ բարեփոխումները հիմնված են հատկապես թվային լուծումների ներդրման վրա՝ ապահովելով միջազգային և եվրոպական չափանիշներին առավել համահունչ համակարգերի ձևավորում։ Այս գործընթացը պայմանավորված է նաև Եվրոպական միության հետ վիզաների ազատականացման շուրջ ակտիվ երկխոսությամբ։


Ելույթում անդրադարձ է կատարվել 2023 թվականին Հայաստանի առջև ծառացած հումանիտար մարտահրավերներին։ Նշվել է, որ ավելի քան 115 հազար տեղահանված անձանց ընդունումը և նրանց ժամանակավոր պաշտպանության ապահովումը լուրջ փորձություն էր պետական կառույցների դիմակայունության համար։ Հայաստանը, սակայն, կարողացել է արագ արձագանքել՝ ապահովելով 1951 թվականի Փախստականների մասին կոնվենցիայով նախատեսված դրույթների կատարումը։ Արմեն Ղազարյանի խոսքով՝ այս փորձը ևս մեկ անգամ ապացուցել է ճգնաժամային իրավիճակներում արագ և պատասխանատու գործելու ունակ ինստիտուտների կարևորությունը։


Նախարարի տեղակալը շեշտել է նաև քաղաքացիակենտրոն ծառայությունների շարունակական կատարելագործման անհրաժեշտությունը՝ նշելով, որ միգրացիայի արդյունավետ կառավարումը նախևառաջ մարդկանց ծառայելու մասին է, ինչը Հայաստանը հաջողությամբ իրականացնում է։


Արմեն Ղազարյանի խոսքով՝ սոցիալական ներառականությունն ու վերաինտեգրումը շարունակում են մնալ պետական քաղաքականության առաջնահերթություններից։ Նպատակն է ձևավորել միգրացիայի կառավարման այնպիսի համակարգ, որը կլինի ոչ միայն անվտանգ և կանոնակարգված, այլև հասանելի և մարդակենտրոն՝ արձագանքելով մարդկանց իրական կարիքներին։


Արմեն Ղազարյանը կարևորել է նաև թվային փոխակերպումների դերը՝ նշելով, որ թվայնացումը դարձել է ինչպես ինստիտուցիոնալ դիմակայունության, այնպես էլ ծառայությունների մատուցման առանցքային ուղղություններից մեկը։ Նա խոսել է նաև Բնակչության պետական ռեգիստրի բարելավման, քաղաքացիության դիմումների էլեկտրոնային նոր ընթացակարգերի և աշխատանքի ու կեցության թվային թույլտվությունների համակարգային բարեփոխումների մասին։


ՆԳ նախարարի տեղակալի խոսքով՝ այս միջոցառումները նվազեցնում են վարչարարական բեռը, բարձրացնում թափանցիկությունը և ծառայությունները դարձնում ավելի արագ, հասանելի և արդյունավետ՝ ինչպես քաղաքացիների, այնպես էլ միգրանտների համար։


Արմեն Ղազարյանն ընդգծել է, որ Հայաստանի առաջնահերթությունների թվում է միգրացիոն ռազմավարության մշակումը, որի հիմքում նաև GCM սկզբունքներն ու միգրացիոն կառավարման ինստիտուտների ամրապնդումն է։


«Թույլ տվեք վերահաստատել Հայաստանի հանձնառությունը՝ շարունակելու ակտիվ ներգրավվածությունը միգրացիոն երկխոսության գլոբալ գործընթացներում, կիսվել ազգային փորձով և համատեղ աշխատել անվտանգ, կանոնավոր և բոլորի համար օգտակար միգրացիոն համակարգ ստեղծելու ուղղությամբ»-ելույթը եզրափակել է ՆԳ նախարարի տեղակալը։