Արա Աբրահամյանը ծրագրել է զգալի միջոցներ տալ ՌԴ-ում բնակվող վիրահայերին՝ նրանց ՀՀ գալու և քվեարկության համար

«Բաղրամյան 26» ալիքի տեղեկությունների համաձայն՝ «կալուգացիները» պլանավորել են զգալի միջոցներ հատկացնել Ռուսաստանում բնակվող ախալքալաքցի հայերին, որպեսզի նրանք ընտրությունների ժամանակ գան Հայաստան և քվեարկեն նրանց օգտին։


Մասնավորապես ալիքը նշում է, որ ունեցած տեղեկությունների համաձայն՝ Մոսկվայի հայ համայնքի նախագահ Նորիկ Թևանյանը Արա Աբրահամյանի հանձնարարությամբ ապրիլի վերջին մոսկովյան ռեստորաններից մեկում խնջույքի է հավաքել Ռուսաստանում գործող մոտ 200 ախալքալաքցի հայ ձեռնարկատերերի։ Խնջույքից հետո Թևանյանը առանձին հանդիպումներ է ունեցել այդ ձեռնարկատերերի խմբերի հետ և հանձնարարել է նրանց կազմակերպել Հայաստանի քաղաքացիություն ունեցող գյուղացիներին՝ առաջիկա ընտրությունների ժամանակ Հայաստան գալու և «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկելու համար։


Ալիքի տեղեկությունների համաձայն՝ Ջավախքում լուրեր են շրջանառվում, որ Թևանյանի հանձնարարությամբ Ռուսաստանում բնակվող ախալքալաքցի հայ գործարարները պլանավորում են իրենց համագյուղացիներին մեկ անձի համար 100 դոլար ընտրակաշառք վճարել։


«Հույս ունենք, որ Հայաստանի իրավապահ մարմինները զգոն կլինեն այս կազմակերպված հանցագործության դեմ և համապատասխան միջոցներ կձեռնարկեն կաշառք ստացած և մի քանի օրով Հայաստան ժամանած անձանց նկատմամբ։ Հնարավոր է՝ բավարար հիմքեր գտնվեն այս անձանց ՀՀ քաղաքացիությունը չեղյալ համարելու և նրանց պատասխանատվության ենթարկելու համար։


Ընտրակաշառքի համար Հայաստան գալ պլանավորող որոշ մարդիկ, իրենց ամբողջ կյանքը Ռուսաստանում կամ Վրաստանում ապրելով, այնուամենայնիվ, կենսաթոշակ են ստանում ՀՀ-ից: Հնարավոր է՝ ժամանակն է մտածել այս անձանց կենսաթոշակները չեղյալ համարելու մասին: ՀՀ քաղաքացիները չպետք է իրենց ամբողջ կյանքը կենսաթոշակ վճարեն նրանց, ովքեր ապրում են ՀՀ-ից դուրս և պատրաստ են մասնակցել ՀՀ-ի ոչնչացմանը 100 դոլարի դիմաց»,- ասվում է «Բաղրամյան 26» ալիքի հաղորդագրության մեջ: