Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել, որին մասնակցել են ՆԳ նախարարության և ենթակա ծառայությունների ղեկավարները։ Այս մասին հայտնում են նախարարությունից։
Արփինե Սարգսյանին է ներկայացվել ԱԺ առաջիկա ընտրություններին ընդառաջ Ոստիկանության ստորաբաժանումների կողմից իրականացված աշխատանքը։
«Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ առերևույթ ընտրական հանցագործությունների վերաբերյալ 19 հաղորդում է ուղարկվել նախաքննական մարմիններ, որոնց հիման վրա նախաձեռնվել են քրեական վարույթներ։ Ներկայացվել են նաև ընտրողների նախնական ցուցակների հրապարակման, վերջնական ցուցակների ձևավորման և ճշգրտման ուղղությամբ ընթացիկ աշխատանքները։ Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ համագործակցությանը։ Կարևորվել է ընտրության օրը Միգրացիայի և քաղաքացիության ծառայության և 112 օպերատիվ կառավարման կենտրոնի թեժ գծերի միջոցով քաղաքացիներին և դիտորդական առաքելությունների ներկայացուցիչներին տարբեր լեզուներով տեղեկատվության հասանելիության ապահովումը։ Անդրադարձ է կատարվել անձնակազմի վերապատրաստման հարցերին»,- ասված է հաղորդագրությունում։
Ներքին գործերի նախարարը հանձնարարել է գործող ընթացակարգերի, ընտրողների իրավունքների և ընտրական հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ ինտենսիվացնել հանրային իրազեկումը։ Նախարար Սարգսյանը նախընտրական և ընտրական գործընթացներում առերևույթ իրավախախտումների, հանցագործությունների կանխարգելման, դրանց բացահայտման և արագ արձագանքման ուղղությամբ տվել է խիստ հանձնարարականներ։ Արփինե Սարգսյանը շեշտել է, որ իրավապահ համակարգի արձագանքը պետք է լինի օպերատիվ, պրոֆեսիոնալ և համակարգված՝ ուղղված ընտրական գործընթացների պատշաճ ապահովմանը։
Ներքին գործերի նախարարության և ենթակա ծառայությունների ղեկավարները ներկայացրել են կոնկրետ ուղղություններով կատարված աշխատանքները։