Մի երեխա չեղա՞վ էդ 15 հոգու միջից՝ գոնե տեղից վեր կենար, գնար գլուխը մտցներ մի ծակ՝ փրկվեր․ շարունակվեց Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհի գործով դատական նիստը
«Ծնողները վստահություն ունեն, որ հրդեհի ժամանակ իրենց որդիները արդեն ողջ չեն եղել, կամ գոնե գիտակից չեն եղել»․ այս մասին այսօր դատարանի դահլիճում՝ Ազատի գյուղի զինվորական կացարանում 15 զինծառայողի զոհվելու գործով նիստի ընթացքում հայտարարեց տուժողների փաստաբան Նորայր Նորիկյանը։

Փաստաբանը կարծիք հայտնեց, որ հրդեհը՝ հետքերը թաքցնելու միտում է ունեցել։

«Տուժողների մոտ համոզմունք է ձևավորվել, որ վարույթն իրականացնող մարմինը այդպես էլ խորամուխ չեղավ այլ վարկածների ուղղությամբ խորքային քննություն իրականացնել և ենթադրյալ այլ վարկածները հերքելուն ուղղված չիրականացրեց օբյեկտիվ ու բազմակողմանի քննություն, որի հետևանքով ծնողների կասկածները չփարատվեցին», - ասաց Նորիկյանը և վարկածների շարքում թվարկեց դիվերսիան, ինչպես նաև ուղղակի դիտավորությամբ հանցագործություն կատարելը՝ դիզվառելիքի, զենքի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, պետական դավաճանության, հակառակորդի հետ ապօրինի հաղորդակցության տարբերակները։

 Խոսքն ուղղելով մեղադրյալներից մեկին Նորիկյանն ասաց․ «Եթե բան գիտեք՝ ասեք։ Դուք՝ պտտվելով դեպի ձեր գործընկերները ասում եք՝ «արա՛, խոսեք»։ Այսինքն՝ Դուք ակնկալում եք, որ մարդիկ ինչ-որ բան ասեն, ասե՛ք։ Ես նախորդ նիստում ասացի՝ խնդրում եմ, եթե բան գիտեք, ասե՛ք»։

 Ի պատասխան մեղադրյալն արձագանքեց․ «Ես վաղուց կասեի պարոն Նորիկյան»։

 Նորիկյանի ելույթից հետո խոսք խնդրեց տուժողներից մեկի հարազատը․ «Եղիշը (մեղադրյալ, սպա-խմբ․) ասում է վառել եմ, եթե ասում ա պատահական վառել եմ, այսինքն՝ երեխեքը սենց պառկել են (ցույց է տալիս մեջքի վրա պառկած դիրք-խմբ․), ասել են՝ լավ, Եղիշը շիշը քցել ա, մի բաժակ բենզինով սաղս վառվե՞նք։ Մի երեխա չեղա՞վ էդ 15 հոգու միջից գոնե տեղից վեր կենա, գնա գլուխը մտցնի մի ծակ, գոնե փրկվի»։

Ապա հայտարարվեց 10 րոպե ընդմիջում՝ մեղադրյալներից մեկի ինքնազգացողությունը վատանալու պատճառով։

Ընդմիջումից հետո տուժողներից մեկի պաշտպանը բարձրաձայնեց իր վստահորդի կալանքից ազատելու հարցը, նշելով՝ եթե գնան գրավոր ապացույցները հետազոտելու ընթացակարգով, ապա իր վստահորդը ամբողջական պատիժ կկրի անազտության մեջ մնալով՝ առանց հանցանք իրականացնելու։ Նշեց՝ եթե մեղադրող կողմը դիրքորոշում ունի, որ իր վստահորդը կարող է ազդել տուժողների վրա, ապա խնդրեց մատնացույց անել, թե կոնկրետ ո՞ր տուժողի վրա կարող է ազդել։

 Դատարանը՝ լսելով պաշտպաններին, պատասխանեց․ «Գտնում եմ, որ ապացույցների հետազոտությունը պետք է շարունակվի այն հերթականությամբ, որը սահմանվել է»։

Դատարանն անցավ գրավոր ապացույցների հետազոտման փուլին։

 Մեղադրող դատախազն ընթերցեց փորձաքննվողներից մեկի խոսքից հատված․ «Քնած ժամանակ լսել է գոռգոռոցներ և արթնանալով տեսել է, որ զորանոցն այրվում է, վերմակը՝ քաշելով դեմքին փորձել է դուրս գալ զորանոցից, սակայն զգացել է, որ չի կարողանում։ Պառկել է մահճակալի տակ, ապա՝ Եղիշն ու Վաղարշակը իրեն քաշելով հանել են դուրս»։

Ըստ մյուս փորձաքննվողի՝ կոնտակտի մեջ է մտել դժվարությամբ, հիշել է, որ դեպքի օրը գնացել է փայտ բերելու։ Վերադառնալուց հետո մտել է զորանոց տեսել է, որ զորանոցն այրվում է՝ դուրս է փախել։

Ըստ փորձաքննվողներից մյուսի՝ Եղիշե Հակոբյանի, 23։30-ի սահմաններում զորանոցի վառարանը վառելիս ձեռքի շիշը վառվել է և հրդեհ է առաջացել։ Շիշը նետել է հատակին, հետո՝ չվնասված ձեռքով փորձել է շիշը դուրս նետել և մարել հրդեհը։ Ապա, մի կերպ բացելով դուռը, դուրս է նետվել։

Մեղադրյալների պաշտպանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ կրակին ամենամոտը եղել է Եղիշե Հակոբյանը, որը ողջ է մնացել։

Զոհվածներից մեկի հայրը, վկայակոչելով Հակոբյանի ցուցմունքը, որտեղ նշված էր, որ հրդեհը բռնկվել է մոտ 23։30-ին ասաց, որ որդին ժամը 00։30-ին հաղորդագրություն է ուղարկել ընկերուհուն։ Ունի նաև դրա ապացույցները։

Ըստ փորձաքննության եզրակացության՝ Եղիշե Հակոբյանի օրգանիզմում թմրանյութեր չեն հայտնաբերվել։ Տուժողների ներկայացուցիչ Նորիկյանը հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ փորձաքննությունը կատարվել է ուշ և այդ ժամանակը բավարար էր, որպեսզի փորձաքննվողի օրգանիզմից այն դուրս գար։

 Տուժողներից մեկի հարազատը հայտարարեց, որ Հակոբյանի հետ ծառայողներից մեկը իրեն ասել է, որ Հակոբյանին հարցրել է՝ «Արա՛, էլի ուռե՞լ ես»։ Ի պատասխան Հակոբյանը, ըստ տուժողի հոր, ասել է՝ «Հա՛, մերս հիվանդ ա, վնուշկեքի մեջ եմ, ուռել եմ։ Ու անալիզները գալիս ա, մաքուր ա»։
 
Պաշտպանական կողմը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ գործին կցված դեպքի վայրի լուսանկարներից երևում է, որ տարածքում կան կրակմարիչներ, նաև՝ էլեկտրական ջեռուցման սարքեր։ Բացի այդ, լուսանկարներում երևում է մոտ 200 լիտր տարողությամբ ջրի բազմաթիվ տակառներ։ Ըստ պաշտպանի, այս տակառները կարող էին ծառայել որպես հրդեհային անվտանգության միջոցառումների համար տարրեր։

 Զոհերից մեկի մայրը նշեց, որ իրենք եղել են վառված կացարանում, արձանագրել են, որ վառված է կացարանի փայտե հատակի այն հատվածը, որտեղ քնած են եղել զինվորները, մնացած հատվածը ամբողջական է եղել։
 
Ապա շարունակվեց գրավոր ապացույցների հետազոտությունը, որից հետո՝ աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված դատական այս նիստն ավարտվեց։

Նշենք, որ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զինվորական կացարանում բռնկված հրդեհի գործով մեղադրյալի աթոռին է հայտնվել 5 անձ։
Եղիշե Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով ՀՀ ՊՆ զորամասի ինժեներական ծառայության սպայի պաշտոնը, խախտել է ավտոբենզինի հետ վարվելու կանոնը, որը օգտագործել է Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի համար նախատեսված կացարանում շահագործվող վառարանը վառելու նպատակով, որի արդյունքում կացարանում հրդեհ է բռնկվել:

Գոռ Աղեկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով նույն զորամասի թիկունքի պետի-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալի պաշտոնը, պարտավոր լինելով կազմակերպել ողջ անձնակազմի հրդեհային անվտանգության պահանջների ուսումնասիրումը և հրդեհների մարման ժամանակ անհրաժեշտ գործողությունների ուսուցումը, ապահովել բոլոր օբյեկտներում հրշեջ միջոցների առկայությունը, առնվազն 3 ամիսը մեկ անգամ ստուգել գնդի հակահրդեհային պաշտպանության կազմակերպումն ու վիճակը, անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով հիշյալ պարտականությունները չի կատարել, որն անզգուշությամբ առաջացրել է մահ․ կացարանում բռնկված հրդեհը ոչ միայն հնարավոր չի եղել մարել, այլ նաև պահեստային ելքի բացակայության պայմաններում հնարավոր չի եղել կոտրել կացարանի պատուհաններին ամրակցված երկաթե ճաղավանդակները և դուրս գալ այնտեղից, ինչի հետևանքով 15 զինծառայող մահացել է, իսկ 5 շարքայիններ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Մառլեն Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ, նշանակված լինելով զորամասի հակահրդեհային պաշտպանության և փրկարար աշխատանքների պետի պաշտոնին, պարտավոր է եղել իմանալ զորամասի օբյեկտների հրդեհավտանգության առանձնահատկությունները, զորամասի սպայական կազմի, ենթասպաների և ավագների համար կազմակերպել դասընթացներ՝ հակահրդեհային պատրաստության հրդեհաշիճման միջոցների կիրառման ու պահպանման վերաբերյալ, հսկել հրդեհաշիճման միջոցների սարքին վիճակը և նպատակային օգտագործումը, ժամանակին զեկուցել հրամանատարին զորամասի օբյեկտներում հայտնաբերված թերությունների մասին և դրանց հայտնաբերման դեպում շուտափույթ վերացնել դրանք և կանխել հրդեհի առաջացումը, սակայն իր պարտականությունների չկատարման հետևանքով զորամասի կացարանում բռնկված հրդեհը հնարավոր չի եղել մարել, պահեստային ելքի բացակայության պայմաններում հնարավոր չի եղել կոտրել կացարանի պատուհաններին ամրակցված երկաթե ճաղավանդակները և դուրս գալ այնտեղից, ինչի հետևանքով առաջացել է 15 անձի մահ, իսկ 5 զինծառայող ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Մեղադրյալ Գոռ Մարգարյանը դեպքի ժամանակ եղել է զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատարը։ Ըստ մեղադրանքի՝ վերջինս, պարտավոր լինելով անցկացնել ստուգումներ և ապահովել վաշտի զբաղեցրած շենքերի հրշեջ անվտանգությունը, բոլոր տեսակի կացարաններում տեղադրել կրակմարիչներ և խիստ հսկողություն սահմանել հրդեհային անվտանգության կանոնների պահպանման համար իր պարտականությունները չի կատարվել, և Եղիշե Հակոբյանի կողմից ավտոբենզինով վառելու հետևանքով հրդեհ է բռնկվել,որը հնարավոր չի եղել մարել, պահեստային ելքի բացակայության պայմաններում հնարավոր չի եղել կոտրել կացարանի պատուհաններին ամրակցված երկաթե ճաղավանդակները և դուրս գալ այնտեղից՝15 անձի մահ և 5 անձի տարբեր աստիճանի մարմնական վնասվածք պատճառելով։ Տիգրան Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով զորամասի ինժեներական ծառայության պետի պաշտոնը, պատասխանատու լինելով իրեն վստահված ստորաբաժանման նյութական ապահովման համար, պարտավոր լինելով հսկողություն սահմանել հակահրդեհային պահանջների կատարման նկատմամբ, հետևել հրդեհային անվտանգության կանոնների պահպանմանը չի կատարել իր պարտականությունները:Իր պարտականությունների նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով անզգուշությամբ առաջացել է մահ։
 
 
Վովա Հակոբյան