«Տալու է», «բերելու է», «դարձնելու է». Կիրիենկոյի «շպառգալկան»՝ ընդդիմությանը

Հունիսի 7-ի ընտրությունների քարոզարշավն արդեն մի քանի օր է, ինչ մեկնարկել է,  բայց ընտրողն իր մաշկի վրա հաստատապես զգում է Կիրիենկոյի՝ ընդդիմադիր եռագլուխ ուժերին իջեցված հրահանգների ազդեցությունը։ Ովքեր դեռ տեղյակ չեն, թե ով է Կիրիենկոն, ծանուցենք՝ նա Կրեմլում Հայաստանի հետ հարաբերությունները համակարգողն է, Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալը։ Երբ նա 2025-ին նշանակվեց իր՝ Հայաստանի գծով պաշտոնում,  ռուսական մամուլը գրեց՝ «խնդիր է դրվելու փափուկ ուժ կիրառել ռուսական շահերն առաջ մղելու համար», քանի որ «Հայաստանի ղեկավարությունն ակտիվորեն շարժվում է դեպի Արևմուտք, ինչը Ռուսաստանի պետական քաղաքականության տեսանկյունից անընդունելի է»։  


 

«Փափուկ ուժը» ընտրապայքարի մեկնարկից հետո ակնհայտորեն փոխարինվել է ահա այս գործիքի՝ կացնի հետ նույնացվող, այսպես ասած՝ «տապոռային քարոզչությամբ», որն իր մեջ կրում է ընտրողի ինքնապաշտպանական բնազդը խարխլող ահաբեկչական էլեմենտներ։ Ենթադրում ենք՝ գոսպոդին Կիրիենկոն զանգահարել է ընտրապայքարին մասնակցող, Պուտինի կողմից աջակցվող ռուսամետ ուժերին ու հրահանգել՝ «ռեբյատա, նադո պա ժոշչե», տալով այն «մետադիչկաները», որոնց շրջանակներում էլ պետք է խոսի ու գործի հայաստանյան ընդդիմությունը՝ Քոչարյանը, Ծառուկյանն ու Կալուգացին, ինչպես նաև դուստր կազմակերպությունները՝ «ծռերից» մինչև Թաթոյանի թևեր։ 

Այս կոնգլոմերատը, ինչպես տեսնում ենք, լծվել է գործի՝ իրենց նախընտրական քարոզչությունը կառուցելով հետևյալ երեք՝ «տալու ա», «բերելու ա», «դարձնելու ա»  գործողությունների շուրջ՝ դրանք վերագրելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։     

 


Եվ այսպես,  գործողություն առաջին՝ «տալու է»։ «Եթե Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության, այսինքն՝ հունիսի 7-ին վերընտրվի, ապա հանգեցնելու է Հայաստանի արցախացմանը, այն է՝ «տալու է» նոր տարածքներ, ինչպես  հանձնեց  Ղարաբաղը, ինչպես տվեց «Տավուշի չորս գյուղերը», հերթը հիմա մյուս տարածքներինն է՝ Սևանինը, Վարդենիսինը, Տիգրանաշենինը, Սյունիքինը։ Հատկապես Սյունիքը տալու է, ու պետք չի  խաբվել ԹՐԻՓՓ-ով։ ԱՄՆ-ի նպատակը ոչ թե Հայաստանի կապուղիների ապաշրջափակումն է՝ խոշոր ծավալով ներդրումներ անելով Հայաստանում, այլ ընդամենը մի բան՝ հարևան Իրանին լրտեսեսելը, մեկ էլ մեր ռազմավարական դաշնակցին՝ ՌԴ-ին, տարածաշրջանից հանելը։ Էդ ԹՐԻՓՓ կոչեցյալն ընդամենը քողածածկույթ է, նույն «Զանգեզուրի միջանցքը»՝ անունը փոխած։ Թրամփի դարդը չէր կտրվել, որ Փաշինյանի հետ գործարք կնքեր, գար, Հայաստանի պես երկրում ներդրումներ աներ»։  


 

Գործողություն երկրորդ՝ «բերելու է». «եթե Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության, ապա Հայաստան ա բերելու  «300 հազար ադրբեջանցիների», որոնց կբնակեցնի Սյունիքում, Սևանում, Ջերմուկում, Վարդենիսում և մեր՝ առանց էդ էլ փոքրացած հայրենիքի այլ  վայրերում։ Ալիևը որ Սևանը «Գյոկչա» ա կոչում, Երևանին՝ Էրիվան,  առաջ ա բրթում «Արևմտյան Ադրբեջան»-ի թեման, հո հենց նենց չի՞ ասում։ Բա ձեզ թվում ա, որ Նիկոլը էդքան դպրոց ու մանկապարտեզ ա կառուցում, ո՞ւմ համար ա կառուցում, Հայաստանում էդքան մարդ կա՞։ Էդ դպրոցները, մանկապարտեզները  կառուցում ա Հայաստան վերադառնալ պատրաստվող 300 հազար ադրբեջանցիների համար, դրանք էլ, գիտեք, արագ են բազմանում։ Գալու են, վերաբնակվելու են Հայաստանում ու մեր սուրբ հայրենիքի առանձին կտորներ իրանցով են անելու»։ Ի դեպ,  նախընտրական քարոզչական կաթսայում Կրեմլի ինստրուկտաժով եփվող գլուխներից մեկը՝ Կալուգացին, իր թիմակիցների հետ հանդիպման ժամանակ որոշել է ճոխացնել  ադրբեջանցիների վերադարձի մասին կեղծիքը՝ կրակելով նոր թիվ՝  «500 հազար»։ Մինչև ընտրությունների օրը, համոզված ենք, միլիարդատեր գործարարը այդ թիվը մի քան անգամ ավելացնելու է, Սերժ Սարգսյանի պես՝ ինչքան ուզես, էդքան էլ խփելու է։ Սուտն էլ հո փողով չի՞։      


 

Գանք երրորդ  գործողությանը՝ «դարձնելու ա» «եթե Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության, ապա շարունակելու է Եվրամիության հետ սիլի-բիլիները, վերջնականապես փչացնելու է հարաբերությունները ՌԴ-ի հետ ու Հայաստանը դարձնելու է երկրորդ Ուկրաինա, Հայաստանը տանելու է ուկրաինացման։ Մենք ԵԱՏՄ անդամ ենք, վաղը եթե դուրս գանք ԵԱՏՄ-ից, ռուսը գազը կտրի, օդն ու Լարսը փակի, որտե՞ղ ենք մեր ապրանքները արտահանելու, տնտեսությունը «սկելու» ա, Հայաստանը շալակելու ա արտաքին նոր պարտք՝ ավելացնելով արդեն եղած մեծ պարտքը, ու  հայտնվելու ա աղքատության ճիրաններում։ Էդ ժամանակ, ժող ջան, ձեր թոշակներն էլ ա իջնելու, աշխատավարձերն էլ, էն առողջապահության ապահովագրությունն էլ «ոչ ևս» ա լինելու։ Նենց որ, ժող ջան, ոնց որ էս վերջերս Հայաստան եկած  Զելենսկին իր երկիրը տարավ կործանման, նենց էլ Նիկոլը կտանի»։


Քոչարյան, Ծառուկյան և Կալուգացի, ականջներդ կանչի, հըն, ճշգրի՞տ  վերծանեցինք  Կիրիենկոյի՝ ձեզ իջեցված նարատիվներն ու ցուցումները, թե ինչ հուզական շեշտադրումներով  պետք է գեներացվեն դրանք։  Համոզված ենք, որ քարոզարշավի երկրորդ կեսին  դրանք՝ ցուցումները,  ավելի հաճախակի են լինելու, ավելի խիստ՝ հրամայական տոնով, «բեզագավոռոչնի», չէ՞ որ ՌԴ-ն ձեզ վրա վերջին անգամ է «ստավկա անում»՝ ակնկալելով կոնկրետ արդյունք՝ ինչ գնով էլ լինի՝ սուտ ու կեղծիք տարածելով, ընտրակաշառք բաժանելով, ձեր ենթակայությամբ աշխատողներին ձեր օգտին քվեարկել ստիպելով վերցնել «վլաստը» Հայաստանում։  Ի դեպ, հիշեցնենք, որ ամիսներ առաջ՝ նախքան քարոզարշավի մեկնարկը, մամուլը գրեց, որ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Կիրիենկոյի հետ:  

 

Հեղինե Մանուկյան