Հունիսի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Հայաստանի դեմ ծավալվել է ռուսական լայնածավալ ապատեղեկատվական արշավ։ Հետազոտողները այն անվանում են վերջին տարիների ամենախոշոր նմանատիպ գործողություններից մեկը։ «Կուբ»-ը պարզաբանում է՝ ինչ նպատակներ են դրանք հետապնդում և ինչ մեթոդներ են օգտագործվում։ Այս մասին հայտնում է Euronews-ը:
Հունիսի 7-ի
խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Հայաստանը բախվել է կրեմլամետ լայնածավալ
ապատեղեկատվական արշավի հետ, պնդում են հետազոտողները։
Մայիսի սկզբին
հայտնաբերվել է 343 կեղծ տեսահոլովակ։ Վերլուծաբանների գնահատականով՝ սա վերջին տարիների ամենամեծ նմանատիպ
գործողություններից մեկն է. դրանից ավելի մեծ եղել է միայն 2025
թվականի Մոլդովայի ընտրություններին միջամտելու արշավը։
Հետազոտողների տեղեկություններով՝ գործողությունը սկսվել է մարտի սկզբին՝ «Մատրյոշկա»
ցանցի շրջանակներում. սա կրեմլամետ ապատեղեկատվական արշավ է, որն ավելի ու ավելի ակտիվորեն է օգտագործում արհեստական բանականության գործիքները։
Շատ կեղծ
տեսանյութերում առաջ է քաշվում այն թեզը, որ վարչապետ
Նիկոլ Փաշինյանի հաղթանակը, ով քարոզարշավ է անցկացնում եվրոպամետ կարգախոսներով,
կարող է հանգեցնել Հայաստանի և Ռուսաստանի միջև պատերազմի։
Antibot4Navalny
կոլեկտիվը, որը հետաքննում է բոտ-ցանցը, հայտնել է, որ
հայտնաբերել է տասնյակից ավելի կեղծ տեսանյութեր Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ։ Դրանցում կրկնվում է երկու
առաջնորդների միջև «գաղտնի գործարքի» մասին կեղծ պնդումը. Ֆրանսիան, իբր, աջակցում
է Փաշինյանին ընտրություններում՝ Հայաստանի կողմից Ռուսաստանի դեմ պատերազմ
սկսելու խոստման դիմաց՝ նրա հաղթանակից
հետո։