Ռուսաստանի իրավաբանական անձանց միասնական պետական գրանցամատյանում «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համարի և կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի վերաբերյալ տվյալները խմբագրվել են։
Factor TV-ի ստացած նոր տեղեկանքում արդեն նշվում է, որ Նարեկ Կարապետյանը ոչ թե Ռուսաստանի, այլ Հայաստանի քաղաքացի է։ Փոփոխությունը կատարվել է մայիսի 20-ին, օրվա վերջում, ինչի վերաբերյալ հրապարակում է կատարել նաև Ազգային ժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորի թեկնածու Ալեն Սիմոնյանն ու նշել, որ փաստաթուղթն ինչ-որ պահի անհասանելի է դարձել, այնուհետև այն խմբագրվել է։
Նարեկ Կարապետյանի քաղաքացիության հարցին անդրադարձել է նաև Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։
Նա հայտարարել է, որ Կարապետյանը երբեք Ռուսաստանի քաղաքացիություն չի ունեցել։ Նարեկ Կարապետյանը մայիսի 20-ին Factor TV-ի լրագրողի հարցին ի պատասխան ևս պնդել է, որ ՀՀ քաղաքացիությունից բացի այլ քաղաքացիություն երբեք չի ունեցել․ «Իրավաբանները դիմել են ՌԴ դեսպանատուն, ամենայն հավանականությամբ, որպեսզի պատասխան տրվի»,- նշել է նա։ Այդպես էլ պաշտոնական պարզաբանում չի տրվել այն մասին, թե ինչու և ինչպես է Ռուսաստանի իրավաբանական անձանց միասնական պետական գրանցամատյանում Նարեկ Կարապետյանի անվան դիմաց նշված եղել ՌԴ քաղաքացի։ Արդյո՞ք դա սխալմունք է եղել, անփութության հետևանք՝ հայտնի չէ։ Ռուս պաշտոնյան այս մասին պարզաբանում ներկայացնելու փոխարեն՝ խոսել է հակառուսական ապատեղեկատվական քայլերի մասին։ Փաստաթղթում Նարեկ Կարապետյանի անունը հիշատակված է որպես «Մոսպրոմեքսպլուատացիա» ՍՊԸ բաժնետեր։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում