Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է Դատախազության երկու միջնորդությունները՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ:
Այս մասին 1lurer.am-ին հայտնում են դատախազության մամուլի ծառայությունից։
Հիշեցնենք՝ հունիսին նշանակված ՀՀ Ազգային Ժողովի ընտրությունների «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Անդրանիկ Նորիկի Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու վերաբերյալ մայիսի 22-ին դատախազը միջնորդություն էր ներկայացրել ԿԸՀ։
Այսօր առավոտյան ԱԱԾ աշխատակիցները քննչական գործողություններ են իրականացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանի ղեկավարած «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակում:
Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեն պետական դավաճանության և լրտեսության դեպքի առիթով նախաձեռնել է քրեական վարույթ: Կոմիտեում ԱԱԾ-ից ստացված հաղորդման համաձայն՝ Թևանյանը, 2024 թվականին հավաքագրվելով օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, «Ռուսսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնի տնօրեն հանդիսացող՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչի հանձնարարությամբ կատարել է լրտեսություն: Նա հավաքել և 622 հազար դոլարի դիմաց նրան է փոխանցել պետական գաղտնիք պարունակող՝ 2024 թվականի ապրիլին ԱԺ-ում տեղի ունեցած փակ, գաղտնի լսումների ընթացքի և արդյունքների մասին ռուսերեն թարգմանված տեղեկություններ՝ այդ կերպ կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության: