«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը եթե որևէ բանից ուժեղ է, ապա մի բանից՝ փողից ու այդ փողով վարձակալված գրասենյակներից։ Մայիսի 13-ին ԿԸՀ ներկայացրած հայտարարագրից տեղեկանում ենք, որ հանրապետության ողջ տարածքում, բոլոր մարզերում, այդ թվում՝ մայրաքաղաքում, կուսակցությունը գրասենյակներ է վարձակալել։ Ընդամենը ամիսներ առաջ՝ 2025 թ. դեկտեմբերին գրանցված կուսակցությունը շուրջ 100 անշարժ գույք՝ շենք-շինություն է վարձակալել։ Մասնավորապես Վանաձորի հասցեներից մեկում վարձակալած տարածքը 772.97 ք/մ է, Աշոցքում վարձակալածը՝ 607.47 ք/մ։ Գյումրիի Սպանդարյան փողոցում էլ ՈՒՀ-ն առևտրի և սպասարկման օբյեկտ է վարձակալել՝ 626 ք/մ տարածքով, Կոտայքի Աբովյան համայնքում էլ՝ 582.4 ք/մ տարածքով։ Ուժեղների՝ շենք վարձակալելու չափանիշը երևի սա է՝ «մեծ ըլնի, բոլ ըլնի»։ Մեծն ու բոլը, սակայն, չի երաշխավորում, որ դրանց վարձակալը նաև քաղաքական մեծ ու բոլ ասելիք ունի և, ամենակարևորը, ընտրողների մեծ ու բոլ աջակցությունը։
Տպավորիչ են նաև կուսակցության եկամուտները՝ 159 մլն 500 հազար դրամ, որոնք գոյացել
են նվիրատվությունների հաշվին։ Կուսակցության
դրամական միջոցներն էլ կազմում են 16 միլիոն 719 հազար դրամ։ Մի «խղճուկ» գումար՝ կուսակցության ընտրական ցուցակի
թեկնածուներից շատերի կարողությունների համեմատ։