Զորահանդեսը և նախկին նախագահների ցինիզմի ու անպատկառության ցուցահանդեսը

Այսօր Առաջին Հանրապետության օրը Հանրապետության հրապարակում շքեղ զորահանդես էր, ավելի ստույգ՝ հաշվետվություն-զորահանդես։  Եվ ոչ միայն Հանրապետության հրապարակում, այլ նաև ֆեյսբուքյան հրապարակում, որի պատատակերից մերթընդմերթ լսվում էին ոչ թե հրճվանքի ու հպարտության ճիչեր, այլ չարության ու նախանձի, զորահանդեսը նսեմացնելու, արժեզրկելու գաղջ հևոցներ։ Բայց նախ՝ հրապարակում տեղի ունեցածի և դեռ շարունակվողի մասին։ Զորահանդեսը, ինչպես գիտենք, մի միջոցառում է, որի ժամանակ ցուցանվում է երկրիդ զինված ուժերի ուղնուծուծը, տեսքն ու բովանդակությունը, ոգին ու ձեռնահասությունը, կամքն ու կարողությունը՝ պաշտպանելու պետությանդ անկախությունը, ինքնիշխանությունը, ազատությունն ու խաղաղությունը արտաքին սպառնալիքներից։  Զորահանդեսը այն բոլոր միջոցների ցուցադրությունն է, որոնք պետք են ոչ թե խախտելու, դրժելու խաղաղությունը՝ նախահարձակ լինելով ու պատերազմ սանձազերծելով, այլ պաշտպանելու խաղաղությունը, մասնավորապես այն խաղաղությունը, որը հաստատվել է ՀՀ-ում։  


Երեկ զորա-ցուցահանդես էին կազմակերպել նաև նախկին նախագահները՝ երկրորդն ու երրորդը, միայն թե զորահանդեսն այդ  կապ չուներ օրվա «թրենդի» հետ. նախկին նախագահներն այդ զորահանդեսի ժամանակ հրապարակ էին հանել սեփական գլուխներում արտադրված տոքսիկ մտքերը՝ չմոռանալով հնչեցնել նաև մարտակոչ՝ հունիսի 7-ի ընտրությունների առնչությամբ։  Այս մարդիկ, ովքեր պաշտոնի բերումով գործ են ունեցել ՀՀ զինված ուժերի հետ, եղել են քարոզչության նկատմամբ չափազանց զգայուն այդ ինստիտուտի գերագույն-գլխավոր  հրամանատարները, ակնկալվում էր, որ պետք է մի կողմ նետեին իրենց  քաղաքական նախանձը, լայն բացեին դրա հետևանքով կկոցած իրենց աչքերն ու, տեսնելով երկրի գլխավոր հրապարակում ցուցադրվող շքերթը, ներողություն հայցեին ժողովրդից բանակի «քանդված ու քայքայված» լինելու սուտը այսքան ժամանակ չարանենգորեն տիրաժավորելու համար։ Թվում էր, թե մի կես գրամ գորովով  ու փաղաքշանքով կլցվեին, մի կեսբերան դրական խոսք կարտաբերեին 44-օրյա պատերազմի, 2022-ի սեպտեմբերյան զինված ագրեսիայի, հետայդու էլ բազում փորձանք-փորձությունների միջով անցած, ռեաբիլիտացված, իր սրբազան առաքելությունն իրացնելու կամքն ու կարողությունը վերագտած, ժամանակակից զինատեսակներով համալրված ՀՀ զինված ուժերի հանդեպ և մասին։ Բայց՝ ոչ։ Նրանց բարոյականությունը հազիվ մի բանի էր հերիքել՝ «տոնը փչացնող» տեքստեր երկնելու։   


Երկրորդ նախագահն իր ուղերձում սպառնացել էր «հունիսի 7-ին  նոր «Սարդարապատ անել»՝ ժողովրդի քվեով «վռնդել»  արդեն իսկ մեր երկրի ներսում գտնվող թշնամուն»:  Երրորդն էլ իր անունից տարածված տեքստում քոքել էր լալահառաչը՝ Հանրապետության հրապարակում տեղի ունեցողը որակելով «կապիտուլյանտ իշխանության» կողմից  կազմակերպված՝ «բեմադրված  զորահանդես»։  «Սա անբարո քաղաքական հնարք է առաջիկա ընտրություններից առաջ քողարկելու պատերազմի աղետալի հետևանքները, բանակի ներկայիս անմխիթար վիճակը»,- աղեկտուր հառաչել էր կոնսերվի կոկոշ-բանկեքով բանակ պահած նախկին նախագահ-պաշտպանության  նախկին նախարարն ու հավելել. «Բանակը նախընտրական դեկորացիա չէ, այլ մեր ազգի ծնունդը, հպարտությունը, արժանավոր զավակը, բայց այսօր, ցավոք, լքված զավակը»։ Եվ ուրեմն,  տա-դա-դա-դամ՝ «առաջիկա ընտրությունները նաև այս իրավիճակը փոխելու հնարավորություն են:  Կոչ եմ անում մեր քաղաքացիներին համախմբվել և հունիսի 7-ին ո՛չ ասել պարտության, հուսահատության և ազգային արժեքների նսեմացման խորհրդանիշ դարձած ուժին՝ իր արբանյակներով հանդերձ» և, ուշադրություն՝  «սկիզբ դնել բանակի վերականգնմանը»։


Ցինիզմի բարձրագույն պիլոտաժ։ Բանակը դեկորացիայի չվերածելու մասին են խոսում,  այն լքված զավակի հետ են համեմատում սուբյեկտներ, որոնց օրոք «տարածաշրջանի ամենամարտունակ բանակի» տրաֆարետի ներքո նույն այդ բանակը հետևողականորեն վերածվում էր բարդակի,  կոռուպցիայի, ամենաթողության արսենալի։ Սուբյեկտներ, որոնց կառավարած բանակի զինվորը, այո, վերածվել էր իրենց ասած՝ «լքված զավակի», որից գողացված հացի քանակը ուղիղ համեմատական էր օրվա գեներալիտետի որովայնի ճարպի հաստությանը,  կառուցած ապարանքների  շքեղությանը։ Նոր Սարդարապատի ու  բանակի  վերականգնման մասին են խոսում սուբյեկտներ, որոնք 2008-ի նախագահի ընտրություններից հետո, այո, Սարդարապատի ճակատամարտ են տվել, միայն թե՝ սեփական ժողովրդի դեմ, ու տապալել սահմանադրական կարգը՝ բանակը ներգրավելով ներքաղաքական պրոցեսներում՝ ճնշելու ժողովրդի ընդվզումը կեղծված ընտրությունների դեմ։ Բանակն այսպիսով բարոյալքածներն այսօր, փաստորեն, իրենց  բարոյական իրավունք են վերապահում խոսելու բանակի անմխիթար վիճակից։ Արդ, անմխիթար ասելով ո՞ր վիճակը նկատի ունեն, այն վիճակը, որն առկա է 2021-ից այս կողմ իրականացված բազմաթիվ բարեփոխումների արդյունքո՞ւմ՝ զինծառայողների սոցիալական երաշխիքների համակարգից մինչև մոդուլային զորանոցներ։ Անմխիթար վիճակ ասելով Սերժ Սարգսյանն ու մյուս՝ բանակի վրա պարազիտացած  սուբյեկտներն արդյոք նկատի ունեն Հայաստանի Հանրապետության պետական սահմանի երկայնքով՝ մի քանի տասնյակ ամրացված շրջաննե՞րը՝ 21-րդ դարի պահանջներին համապատասխանող ամրոց–բերդերը, արդյոք ռազմարդյունաբերական համալիրում  շուրջ 170 միլիարդ դրամի ներդրո՞ւմը, արդյոք  շուրջ  7 երկրների արտադրության սպառազինությունն ու ռազմական տեխնիկա՞ն, որը մարտաշարքով անցավ զորահանդես-հաշվետվության ժամանակ, միջոցառում, որը «թուրքը տեսնում, հաստատ չի ուրախանում»։   

 

Բանակի անմխիթար վիճակի մասին մտքեր արտահայտած Սերժ Սարգսյանին պատասխանելու լավագույն կերպը եղել է, կա և լինելու է իրեն իսկ՝ Սերժ Սարգսյանին ցիտելը։ 2010 թվականին գործարար Սամվել Ալեքսանյանի՝ Ախուրյանում  կառուցած շաքարի գործարան եկած երրորդ  նախագահը բանակում տիրող, այսպես ասած, «բարդակի» մասին լրագրողի հարցին  պատասխանել էր. «Ներողություն բառիս համար, ես ընդհանրապես կտրուկ բառեր քիչ եմ օգտագործում, բայց զզվում եմ բոլոր այն մարդկանցից, ովքեր փորձում են բանակի հաշվին քաղաքական դիվիդենդներ շահել»։ Ոսկի խոսքեր։ Սերժ Սարգսյանը տեսնես այս հիշեցումից հետո կզզվի՞ իրենից ու բանակի հաշվին դիվիդենդներ շահող մյուս զզվելիներից։   


Հեղինե Մանուկյան