Ի պատասխան վերջին օրերին քարոզարշավի ընթացքում Նարեկ Կարապետյանի տարածած հայտարարության, թե իբրև Լոռու մարզի Մեծավան գյուղում գործել է 3 դպրոց, իսկ այսօր գործում է միայն մեկը, և համայնքի բնակիչները լքում են համայնքը, հայտնում ենք, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
«Մեծավան համայնքում երբևէ միաժամանակ երեք դպրոց չի գործել։ Գյուղի հին դպրոցներից մեկը բացվել է 1930-ական թվականներին և գործել է մինչև 1970-ական թվականները։ Դրա փակվելուց հետո բացվել է Մեծավանի թիվ 1 միջնակարգ դպրոցը, իսկ ավելի ուշ՝ Մեծավանի թիվ 2 միջնակարգ դպրոցը։ Այս երկու դպրոցներն էլ այժմ գործում են: Մեծավանի թիվ 1 միջնակարգ դպրոցում այժմ սովորում է 308 աշակերտ, թիվ 2-ում՝ 250 աշակերտ:
Ավելին՝ ՀՀ Կառավարության «300 դպրոցի նորոգման, կառուցման և վերակառուցման» ծրագրի շրջանակում այժմ Մեծավանի թիվ 2 միջնակարգ դպրոցի տեղակայման վայրում կառուցվում է մոտ 300 աշակերտի համար նախատեսված ժամանակակից, տիպային նոր դպրոց։
Կոչ ենք անում քաղաքական գործիչներին զերծ մնալ ակնհայտ սուտ և չճշտված տեղեկություններ տարածելուց ու հանրությանը մոլորեցնելուց»,-նշվում է հայտարարության մեջ