Կրեմլյան «Մատրյոշկա» բոտերի ցանցը խորհրդարանական ընտրություններից մի քանի օր առաջ հերթական գրոհն է սկսել ընդդեմ Հայաստանի Հանրապետության ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Առիթը, հավանաբար, Եվրամիությանն անդամակցելու շուրջ ստեղծված իրավիճակն է։ Այս մասին հետաքննություն է հրապարակել հեղինակավոր The Insider պարբերականը։
Ըստ պարբերականի՝ Twitter-ում (X), տարածվում են կեղծ տեսանյութեր, որոնք քողարկված
են որպես արևմտյան լրատվամիջոցների և օտարերկրյա քաղաքական գործիչների հայտարարություններ։
«Մատրյոշկայի» տեսանյութերի թեմաներն են հայկական մրգերի և բանջարեղենի Ռուսաստան ներմուծման
արգելքը, ինչպես նաև Փաշինյանի հայտարարությունը՝ մատակարարումները այլ երկրներ, այդ
թվում՝ ԵՄ ուղղելու մասին։ Բոլոր կեղծիքների
հիմնական տրամաբանությունն այն է, որ Հայաստանը
Ռուսաստանից բացի այլ բարեկամներ չունի։
Մի կեղծ տեսանյութում, ենթադրաբար, Լոնդոնի Քուին Մերի համալսարանի
պրոֆեսոր Ֆիլիպ Քոուլին ասում է, որ «եվրոպացի առաջնորդները հանճարեղորեն մոլորեցրել
են Նիկոլ Փաշինյանին»։ Տեսանյութում կա պնդում, որ Հայաստանի վարչապետը ակնկալում էր
ԵՄ-ից միլիարդավոր եվրոներ ստանալ վիզային ռեժիմի ազատականացման համար, բայց ստացել
է միայն «խորհրդանշական գումար» (իրականում՝ ավելի քան 2 միլիոն եվրո)։
Մեկ այլ կեղծ տեսանյութում նշվում է, որ Հայաստանի վարչապետը «բառացիորեն
հունից դուրս է եկել»՝ իմանալով եվրոպական ֆինանսավորման չափը։ Մեջբերվող աղբյուրը
The Insider-ի լրատվական բաժնի գլխավոր խմբագիր Թիմուր Օլևսկու գոյություն չունեցող
մեկնաբանությունն է, որին վերագրվում է այն միտքը, որ նման նախագծերը պետք է արժենան
առնվազն 50 միլիոն եվրո։
Տեսանյութերի առանձին շարք է նվիրված հայկական մթերքի արտահանմանը
դեպի Եվրոպա։ Դրանցից մեկում կա պնդում, որ Ֆրանսիայի սննդի գլխավոր վարչությունը
(DGAL) հայկական մրգերում և բանջարեղենում հայտնաբերել է թունաքիմիկատների անընդունելի
մակարդակներ, և որ նման ապրանքները, ենթադրաբար, չեն կարող վաճառվել ԵՄ որևէ երկրում։
Ամենաաբսուրդ տեսանյութը վերաբերում է ելակին։ Այնտեղ նշվում է,
որ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն ստիպված է եղել հերքել Ֆրանսիայի
կողմից հայկական ելակ գնելու մասին հաղորդագրությունները։ Տեսանյութի ստեղծողները Ֆրանսիայի
ԱԳ նախարարի բերանի շարժումները հարմարացրել են այնպես, իբրև թե նա ասում է, որ «ներկայումս հայկական ելակի Ֆրանսիա ներմուծման
վերաբերյալ որևէ համաձայնագիր չկա» և մեղադրել
Հայաստանի իշխանություններին կեղծ տեղեկատվություն տարածելու մեջ։Այս մեջբերումները
որևէ հաստատում չունեն։
Սա թերևս «Մատրյոշկա»-ի
առաջին հարձակումը չէ Հայաստանի վրա։ Ինչպես նախկինում նշել էր The Insider-ը, երկրում
խորհրդարանական ընտրություններից առաջ ծավալվում է Կրեմլի օգտին լայնածավալ քարոզչական
արշավ։ Վերջին ամիսներին ցանցը տարածել է Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի եվրոպական ուղու
մասին հարյուրավոր կեղծ տեսանյութեր։
The Insider-ի հետաքննությունը պարզել է նաև , որ Հայաստանում տարածվող
«Վայոմինգ Սթար» քարոզչական թերթի հետևում կանգնած է FSB-ի հետ կապված, պրոֆեսիոնալ գործ տվող Ալեքսանդր Իոնովը։
Bot Blocker նախագծի համաձայն՝ հունիսի սկզբին «Մատրյոշկա» ցանցի
հայկական արշավը դարձել էր իր պատմության մեջ ամենամեծը՝ մասշտաբով գերազանցելով նույնիսկ
Մոլդովայի դեմ գործողությունը։ Նախկինում հետաքննողները Հայաստանի մասին կեղծ ավելի
քան 340 տեսանյութ էին նշում, բայց մայիսին
դրանց թիվը զգալիորեն աճել է։
Մարիամ Գրիգորյան