Բաքվի ռազմական դատարանն այսօր 15 տարվա ազատազրկման դատապարտեց Հակարիի կամրջից անցած ամառ առևանգված Վագիֆ Խաչատյանին: Դատավճիռը հրապարակեց նախագահող դատավոր Զեյնալ Աղաևը:
«Ես անմեղ մարդ եմ, ես էնտեղ չեմ մասնակցել, ես չեմ եղել էնտեղ: Ինձ ձերբակալեցին, ոչ թե ես ահաբեկիչ, ես Բադարա գյուղացի էի, ինձ բռնեցին որպես բադարեցի, Բադարայի բնակիչ». - Վագիֆ Խաչատյանն իր վերջին խոսքում Բաքվի դատարանին մի վերջին անգամ փորձեց համոզել, որ կապ չունի այն ամեն հետ, ինչում իրեն մեղադրում են։
Տարեց արցախցին անգամ խնդրեց իրեն հատուկ սարքերով ստուգել, որ չի ստում, Մեշալիում չի եղել, որևէ մեկին չի սպանել. - «Կան այդպիսի սարքավորումներ, որ մարդու ճշտությունը և սուտ ասելը որոշում են: Ես ուզում եմ այդ ցուցմունք տվող մեքենաներով ինձ ցուցմունք տան, որ ես էդտեղ չեմ եղել»:
Վագիֆ Խաչատրյանի ելույթից առաջ այսօր ավելի վաղ դատախազ Մուհադաս Սուլթանովն էր պահանջել 15 տարվա ազատազրկման դատապարտել նրան։ Դատախազն իր ելույթում պարզաբանել էր, թե ինչու ավելի խիստ պատժաչափ՝ ցմահ ազատազրկում չի պահանջում։ Ըստ Սուլթանովի՝ Ադրեբեջանի օրենսդրությունն արգելում է ցմահ ազատազրկել 65 տարեկանից բարձր անձանց, իսկ Խաչատրյանը 68 տարեկան է։
Ցմահ ազատազրկումից հետո Ադրբեջանում ամենաբարձր պատժաչափը 20 տարին է, բայց սա էլ Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ կիրառել չի ստացվի՝ կրկին իրավական նորմերի պատճառով։ Այս դեպքում էլ, ըստ դատախազի, քանի որ Խաչատրյանը հանցագործությունը կատարել է 1991-ին, իսկ մինչև 2014-ի օրենսդրության համաձայն՝ Խաչատրյանի կատարած հանցագործության համար ամենաբարձր պատժաչափը 10-15 տարվա ազատազրկումն է, հետևաբար՝ նրա համար պահանջել է օրենսդրության համաձայն ամենախիստ պատիժը՝ 15 տարին։
«Բառ չեմ գտնում ասեմ, ի՞նչ ասեմ, եթե պիտի անմեղ մարդուն դատեն, նրանցից ամեն ինչ էլ սպասելի է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Խաչատրյանի դուստրերից Վեներան, ով տեղյակ չէր 15 տարվա պատժաչափի մասին:
Մյուս դուստրը՝ Ծովինարն ընդհանրապես խոսել չկարողացավ. - «Ես ի վիճակի չեմ ոչ մեկի հարցերին պատասխանելու»:
Բաքուն արցախցուն մեղադրում է «ցեղասպանության» հոդվածով, մասնավորապես՝ «1991-ին Մեշալի գյուղի վրա զինված հարձակման համար, որի հետևանքով 25 ադրբեջանցի է սպանվել»։
Փաստացի իր շահերը միայնակ պաշտպանող Վագիֆ Խաչատրյանը դատարանում բազմիցս հերքել է իր մասնակցությունը Մեշալիի դեպքերին, պնդելով՝ ինքն այդ օրերին գտնվում էր Շուշիի բանտում։ Դուստրը հաստատել էր՝ հայրն այդ ժամանակ «Կոլցո» օպերացիայի ժամանալ ձերբակալվել էր ադրբեջանական ՕՄՈՆ-ի կողմից, հետևաբար չէր կարող լինել Մեշալիում։
Վագիֆ Խաչատրյանին ադրբեջանցիներն առևանգեցին Հակարիի կամրջից, երբ նա ամռանը Արցախից Հայաստան էր գալիս սրտի բաց վիրահատության համար:
Դատավարությունից առաջ նա մեկ անգամ է կարողացել խոսել աղջիկների հետ, անցած ամիս մեկ նամակ էլ ուղարկել է: Ընտանիքը հոկտեմբերի 12 -ից հետո այլևս որևէ տեղեկություն չունի հորից։ Միայն ադրբեջանական կայքերում տարածված տեսանյութերում են տեղեկանում նրա մասին։
Վեներա Խաչատրյանն ասաց, որ անցած ամիս հոր նամակը հասել է իրենց. - «Նամակում, ինչպես միշտ, մեզ ասում էր՝ «լավ մնացեք, ձեզ լավ նայեք, իմ մասին մի մտածեք: Մեզնից ոչ մի բան չի խնդրում, մեզնից մենակ խնդրում է, որ մենք մեզ լավ նայենք»:
Աղբյուր՝
azatutyun.am