Բունդեսթագը հաստատել է 2027 թվականի բյուջեն․ պաշտպանությանը կհատկացվի ռեկորդային գումար

Գերմանիայի Բունդեսթագը, հաստատել է երկրի 2027 թվականի դաշնային բյուջեն։ Փաստաթուղթն ընդունվել է իշխող կոալիցիայի մեծամասնության աջակցությամբ․ կողմ է քվեարկել 317, դեմ՝ 260 պատգամավոր։


Նոր բյուջեով ընդհանուր ծախսերը կազմելու են 555,9 միլիարդ եվրո, ինչը շուրջ 6 տոկոսով գերազանցում է ընթացիկ տարվա ցուցանիշը։ Միևնույն ժամանակ, նոր փոխառությունների զուտ ծավալը 98 միլիարդից կավելանա՝ հասնելով 123 միլիարդ եվրոյի, իսկ հիմնական բյուջեի շրջանակում նախատեսվող ներդրումները կկազմեն 61,8 միլիարդ եվրո։


Ծախսային հիմնական առաջնահերթությունների թվում են պաշտպանությունն ու սոցիալական ոլորտը։ Մասնավորապես՝ պաշտպանական ծախսերը նախատեսվում է հասցնել գրեթե 140 միլիարդ եվրոյի, ինչը Սառը պատերազմի ավարտից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է։ Հիմնական բյուջեի մեկ երրորդից ավելին էլ ուղղվելու է աշխատանքի և սոցիալական ապահովության ոլորտներին։ Բացի այդ, 12 միլիարդ եվրո է նախատեսվել Ուկրաինային աջակցելու համար։