Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր այցելել է Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ակնաշեն բնակավայրում վերջերս բնակեցված՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված համայնքային փոքր տուն։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:


 

Նախարարը շրջել է տարածքում, ծանոթացել բնակիչների կենսապայմաններին, զրուցել նրանց հետ, հետաքրքրվել առօրյայով։


 

Արսեն Թորոսյանն ընդգծել է, որ պետության առաջնահերթություններից է հաշմանդամություն ունեցող անձանց համար արժանապատիվ և մատչելի կենսապայմանների ապահովումը, ինչպես նաև նրանց ինքնուրույն կյանքի և համայնքում լիարժեք մասնակցության հնարավորությունների ընդլայնումը։


 

Նշենք, որ համայնքային փոքր տները նախատեսված են 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող անձանց, այդ թվում՝ մտավոր և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող քաղաքացիների համար։ Դրանք միտված են խթանելու անկախ կյանքը, սոցիալական ներառումը և համայնքում ապրելու իրավունքի իրացումը՝ ապահովելով անհրաժեշտ խնամք, աջակցություն և սոցիալական ծառայություններ։


 

Ակնաշենի փոքր տանն այս պահին բնակվում է ԱՍՀ նախարարության ենթակայությամբ գործող շուրջօրյա հաստատություններից տեղափոխված 12 բնակիչ։