Հունիսի 7-ի ընտրություններում իշխանությունը վերցնելու պլանը ձախողած ընդդիմության հետընտրական համախմբումը, ինչպես երևում է, առկախված է։ Նման առաջարկ, հիշեցնենք, արել էր «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ օրերս, մի քանի լրատվամիջոցների խմբագիրների հետ հարցուպատասխանի ժամանակ, նկատենք՝ «Հաջողության ջենտլմենները» ֆիլմի «Դոցենտի» կերպարի մեջ մտած։
Հիշեցնենք նաև՝ «ուժեղաց ուժեղը» ընդդիմադիր ուժերին հետընտրական կոալիցիա,
համակարգող խորհուրդ ձևավորելու, ուղիղ եթերի ձևաչափով շփվելու, ժողովրդին դիմելու
և «ադրբեջանաթուրքական կինոն» ավարտելու առաջարկ արեց։ Դեպքերի ընթացքը, սակայն, հուշում
է, որ կարծես թե «кина не будет! Электричество кончилось!» Խոսքը, նկատենք, այն կինոյի մասին է,
որը ընդդիմությունը պետք է «ցուցադրեր» կամ պետք է ցուցադրի՝ «փողոցային պայքարի»
տեսքով՝ «ճիշտ պահին գեներացնելով» այն։ Արդ, ինչու է ուշանում այդ պայքարը, ում կամ
ինչի պատճառով։ Արդյոք նախկին պայքարների ձախորդ փորձն է հետ պահում ընդդիմադիր կոնգլոմերատին
նորից ապավինել փողոցին, թե՞ ինչ որ ընդհատակյա, կոնսպիրատիվ պրոցեսներ կան, որոնց
մասին հանրությունը տեղյակ չէ։ Գուցե։ Բայցևայնպես, «տառապանքի փորձը» հուշում է, որ
հետընտրական ընդդիմադիր
կոալիցիա, այն էլ՝ լայն, ձևավորել հնարավոր
չի լինելու, լինելու է համախմբման իմիտացիա, որը պսակվելու է 2024-ի «սրբազան շարժման»
օրերին տեղի ունեցած «համախմբման» ճակատագրին․ երբ մեկ սեղանի շուրջ հավաքվեցին օրգանապես անհամատեղելի քաղաքական ուժերը՝
ՀՀԿ-ից մինչև «Սասնա Ծռեր», որոշ ժամանակ արքեպիսկոպոս Գալստանյանի թամադայությամբ
քննարկեցին երկիր հայրենիի ճակատագրին, փրկությանը վերաբերող հարցեր, ապա․․․․ ցրվեցին՝ ամեն մեկն իր գործին
ու բանին։ Սպասենք իրադարձությունների զարգացմանը։
«Ուժեղ Հայաստան»-ի մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանն ի պատասխան
Civic.am-ի հարցման՝ քաղաքական ո՞ր ուժերն են արձագանքել Ս․Կարապետյանի վերոհիշյալ առաջարկին՝ նկատեց․ «Քաղաքական գործընթացը ընթացքի մեջ է, պրոցեսները
գնում են և համապատասխան փուլում հանրությունն ամեն բանի մասին կտեղեկանա։ Մենք գործ
ունենք բաց, թափանցիկ պրոցեսի հետ և պատշաճ կերպով կիրազեկենք հասարակությանը հետագա
անելիքների և գործողությունների մասին»։
Թերթերից մեկն էլ գրել է, թե՝«ընդդիմությունում սպասում
են գործնական քայլերի և Կարապետյանից հանդիպման հրավերի, ոմանք տարակուսած են։ Հունիսի
26-ին ՍԴ-ում քննվելու է ընդդիմության հայցը, միասնական քայլեր դեռ որոշված չեն, մինչդեռ
Կարապետյանը ակնարկել էր հանրահավաք նախաձեռնելու մասին»։
Ավելին ասենք՝ ընդդիմությունում եթե «ոմանք տարակուսած են» իրենց անելիքների անհստակությունից,
ապա առնվազն տարակուսանքի տեղիք են տալիս որոշ ընդդիմադիր գործիչների հիմնավորումներն
ու փաստարկները փողոցային պայքարի, այն սկսել-չսկսելու,
դրա իրական շահառուի վերաբերյալ։ Ընդդիմության փողոց դուրս գալը, ըստ որոշ ընդդիմադիրների,
ուշադրություն, թող եփած հավերը զսպեն իրենց ծիծաղը, առաջին հերթին պետք է Նիկոլ Փաշինյանին,
այդ նա է «սադրում», որ իրենք փողոց դուրս գան․«Մեզ համար մեր հայ ազգը շատ թանկ է, եթե փողոցային պայքար սկսվի, ապա շատ անկանոն
ու շատ զոհերով լի կլինի։ Այդ իսկ պատճառով մենք այդ քայլին չենք գնում, մնում ենք
օրենքի շրջանակներում»,-հունիսի 14-ին, ՈՒՀ-ի՝ ՍԴ դիմելու օրն ազդարարել էր հիշյալ
կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը։
Փառահեղ վերլուծական միտք ունի տիկին Ղումաշյանն, ինչ խոսք։ Նա հիշեցրեց մեզ բուրժուադեմոկրատական
հեղափոխության ձախողումից հետո՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի արած ոչ պակաս փառահեղ
հայտարարությունը, թե՝ ցնցումներից ու արյունահեղությունից խուսափելու համար է, որ
«զադնի դրեց», անգամ հեռացավ կուսակցության ղեկավարի պաշտոնից, քանի որ․ ««Ես չէի կարող ինձ
ներել, եթե թափվեր անգամ մեկ անմեղ մարդու արյուն»։ Ծառուկյանը, նկատենք, գոնե ինչ
որ պրոցես սկսել էր, որ անհանգստանում էր թափվելիք արյունից, բայց Կարապետյանն ու նրա
թիմը անշարժ, տեղում նստած է։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ու նրա իշխանությանը 2015-ին «ավանսով» արյուն թափելու
մեջ մեղադրած Գագիկ Ծառուկյանն ու նրա ուժը, նկատենք, մինչև այս պահը պաշտոնապես չեն
արձագանքել Սամվել Կարապետյանի միավորման առաջարկին։
Հիշեցնենք մի կարևոր հանգամանք ևս՝ 2015-ին Ծառուկյան-Սերժ Սարգսյան հակամարտության «հանգուցածման» գործում նույն Սամվել Կարապետյանի
ունեցած մեծ ներդրման մասին։ Մարդ, որը 11 տարի առաջ դարձավ ընդդիմադիր լայն թափ հավաքած
շարժումը ցրողի, սառեցնողի դերակատարումը, այսօր հավակնում է ընդդիմադիր շարժում գեներացնել։ «Հայաստան» դաշինքի պատգամավոր, պատգամավորի թեկնածու,
ՀՅԴ-ական Քրիստինե Վարդանյանն էլ, ի պատասխան հարցի՝ արդյոք քննարկումներ տեղի են ունենում
իրենց ուժի, դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի և «Ուժեղ Հայաստան»-ի միջև՝ ասաց․ «Պարոն Կարապետյանը
խոսել է ընդդիմության համախմբման մասին, որը միանշանակ մենք կիսում ենք և դրա մասին
ավելի վաղ էլ ենք խոսել։ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն առիթ ունեցել է մեկնաբանել
առաջարկը՝ մասնավորապես նշելով, որ համախմբման գաղափարը միանշանակ կիսում ենք։ Այս
օրերին ընդդիմադիր ուժերի միջև տեղի են ունենում առողջ քննարկումներ։ Որևէ այլ նորություն
եթե լինի, կարծում եմ՝ ընդդիմադիր ուժերը պաշտոնապես կհայտարարեն»։ Ճշգրտմանը՝ իրենց
դաշինքը միայն «Ուժեղ Հայաստան»-ի հե՞տ է քննարկումներ ծավալում, թե՞ ընդդիմադիր այլ
ուժերի հետ ևս՝ Վարդանյանը պարզաբանեց՝ «ընդդիմադիր մի շարք ուժերի հետ»։ Մենք փորձեցինք
նաև ԲՀԿ-ից ճշտել՝ արդյոք մասնակցո՞ւմ են ներընդդիմադիր քննարկումներին, սակայն կուսակցության
մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը մեր բազում զանգերին չպատասխանեց։ Կուսակցության ընտտրական
ցուցակի անդամ Սուրեն Սուրենյանցն էլ խոստացավ պատասխանել մեր հարցերին, սակայն Տոնոյանի
օրինակին հետևելով մեր զանգերն անպատասխան թողեց։
ՀԱԿ փոխնախագահ, Սամվել
Կարապետյանի հետ նախընտրական քննարկումներ ունեցած, բայց արդյունքի չհասած Լևոն Զուրաբյանն
էլ, ի դեպ, երկու օր առաջ «Ֆակտոր»-ի հետ զրույցում
ազդարարել է, թե Սամվել Կարապետյանը պետք է
մարդկանց փողոց հանի՝ որպես ընդդիմադիր՝ ընտրություններում ամենաշատ ձայները ստացած քաղաքական ուժ, «եթե մենք հայտարարենք՝ մարդ դուրս չի գա, հարց չի լուծվի»։ Ի դեպ, ՀԱԿ-ը,
արձագանքելով ընդդիմադիր դաշտի համախմբման առաջարկին, օրերս հանդես էր եկել իր առաջարկով՝ ստեղծել «Ոչ»-ի շարժման համազգային միասնական ճակատ
և բողոքի զանգվածային գործողություններ սկսել։
Մինչ ընդդիմության ներսում ինչ-որ՝ առայժմ կուլիսային պրոցեսներ են տեղի ունենում,
որոշ ընդդիմադիրներ էլ փորձում են «ողջամիտ» փաստարկներ բերել առ այն, թե, ուշադրություն,
ինչու չպետք է սկսել փողոցային շարժում։ Նախկին դեսպաններից մեկը՝ «Մայր Հայաստան»-ական
Ձյունիկ Աղաջանյանն, օրինակ, մի ուշագրավ համեմատություն է արել․ «Փաշինյանին ըմբոստություն է պետք, որ քյափը հավաքի, մտցնի բանտերը ու հարցը կարգավորվի։
Անունը հանի, թե դուք պետական հեղաշրջում էիք անում, դրա տակ նստացնի մարդկանց, էդ
ընթացքում թե սահմանների հանձնումներն անի, թե որևէ իրավական հիմք չունեցող անկլավների
հանձնումը, այսինքն, ինքը օգտագործի ցնցումային,
հետշոկային ժամանակահատվածը՝ էդ ամեն
անելիքը անելու, որպեսզի ինքն իր առջև դրված հանձնառությունները կատարի»։
Սյուր է, այդպես չէ՞։ Ի դեպ, տիկնոջ ասածում մեկ դիպուկ ճշմարտություն կա՝ «ք(յ)ափ»-ի
մասով։ Դա, հիշեցնենք, այն փրփուրն է, որը գոյանում է ջրալի կերակուրների, մուրաբաների
վրա, որը հավաքում ու որպես անպետք նյութ թափում են։ Իհարկե, տիկին Աղաջանյանն ու նրա
մակարդակի «վերլուծական» կարողություններ ունեցողները բացի «հանձնելուց», «տալուց»
այլ բան ի վիճակի չեն կանխատեսել, բայցևայնպես, արժանին պետք է մատուցել տիկնոջը ընդդիմադիր
լիդերներին այդպես դիպուկ բնութագրելու՝ անպետք
փրփուրի հետ համեմատելու համար։ «Քյափ»-ի, փրփուրի տեղը, այո, իշխանության ղեկին
լինելը չէ, այլ՝ համապատասխան տեղում լինելը։
Հեղինե Մանուկյան