Մոր օժանդակությամբ որդին չհրկիզվող պահարանից հափշտակել է 55.5 մլն դրամ և 275 հազար դոլար․ նրանք ձերբակալվել են

Սեպտեմբերի 16-ին Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում Մյասնիկյան պողոտայում գտնվող սահմանափակ ընկերության տնօրենը հաղորդում է տվել, որ հունիս ամսին ընկերության հաշվապահին է հանձնել 55 միլիոն 500 հազար դրամ և 275 հազար դոլար, որպեսզի նա այդ գումարը պահի ընկերության չհրկիզվող պահարաններից մեկում, իսկ երբ սեպտեմբերի 16-ին հաշվապահին խնդրել է, որ նշված գումարից տրամադրի 2 միլիոն դրամ, րոպեներ անց վերջինս հայտնել է, որ անհայտ պայմաններում չհրկիզվող պահարանից գումարը հափշտակել են։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:


ՆԳՆ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված գողությունը մոր՝ ընկերության հաշվապահի օժանդակությամբ կատարել է Երևանի բնակիչ 36-ամյա տղամարդը։


65-ամյա կինը և 36-ամյա որդին ձերբակալվել և տեղափոխվել են Երևան քաղաքի վարչություն։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հափշտակված գումարը հայտնաբերելու ուղղությամբ։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։