Սրբուհի Գալյանն ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հիմքեր չի տեսնում

Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հիմքեր չի տեսնում։ 


«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սրբուհի Գալյանն այդ մասին ասել է Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքները վիճարկելու գործի քննության ժամանակ՝ հանդես գալով որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ։ «Քաղաքացիական պայմանագիր»-ը գործում ներգրավված է որպես երրորդ կողմ։


Հիշեցնենք, որ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրություններին մասնակցած 7 քաղաքական ուժեր դիմել են ՍԴ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով։  Սահմանադրական դատարանը բոլոր դիմումները միավորել է և քննարկում է մեկ գործի շրջանակներում։ Գործի քննությունն ընթանում է հունիսի 7-ից։ Նախորդ օրերի ընթացքում ՍԴ դիմած քաղաքական ուժերի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց հիմնավորումները, թե ինչու պետք է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչվեն։ Նրանք պնդել են, որ իշխանությունների կողմից եղել է վարչական ռեսուրսի չարաշահում։ Ընդդիմադիր քաղաքական ուժերը խնդրահարույց են համարել նաև այն, որ իշխող ուժի ներկայացուցիչները դեռևս քվեաթերթիկների հաշվարկի ընթացքում հայտարարել են իրենց հաղթանակի մասին, ինչպես նաև երեք ընտրական տեղամասերում ԿԸՀ-ի կողմից ընտրությունների արդյունքները չեղարկելու և այդ ընտրատեղամասերում վերաքվեարկություն չնշանակելու ԿԸՀ-ի որոշումները, ինչի արդյունքում, ըստ ընդդիմադիրների, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը զրկվել է խորհրդարան մտնելու հնարավորությունից։ Ընդդիմադիրները խոսել են նաև ընտրությունների ընթացքում թույլ տրված բազմաթիվ խախտումների մասին, որոնք, ըստ նրանց, ևս հիմք են ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու համար։


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ, ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը իր ամփոփիչ ելույթի ժամանակ հայտարարել է, որ գործի քննության ընթացքում չեն ներկայացվել այնպիսի ապացույցներ, որոնց հիման վրա հնարավոր կլիներ արձանագրել, որ դիմումատուների մատնանշած խախտումները իրականում տեղի են ունեցել կամ տեղի են ունեցել այն ծավալով և բնույթով, ինչպես ներկայացվում են և կարող էին ազդել ընտրությունների վերջնական արդյունքի վրա։


«Մինչդեռ հենց վերջինն է այն չափանիշը, որը սահմանել են թե՛ Վենետիկի հանձնաժողովը, թե՛ Սահմանադրական դատարանը։


Դիմողը պարտավոր էր ապացուցել ոչ միայն ենթադրյալ խախտումների փաստը, այլ նաև դրանց ազդեցությունն ընտրությունների արդյունքների վրա։ Դիմողներին սա չի հաջողվել անել, իսկ ընտրությունների արդյունքները չեն կարող անվավեր ճանաչվել ենթադրությունների հիման վրա»,- ասել է Գալյանը։


Անդրադառնալով իշխանությունների կողմից վարչական ռեսուրսի չարաշահման մասին մեղադրանքներին՝ Սրբուհի Գալյանը նշել է, որ ընդդիմադիրների կողմից հնչող այդ մեղադրանքի հիմքում դրված է Կառավարության բնականոն գործունեությունը։ «Ի՞նչ պետք է աներ Կառավարությունը, դադարեցնե՞ր իր գործունեությունը, չիրականացնե՞ր Կառավարության ծրագրով նախատեսված միջոցառումները։ Օրինակ, չշարունակե՞ր առողջության համընդհանուր ապահովագրության՝ տարիներ տևած ռեֆորմը, չշարունակե՞ր սոցիալական միջոցառումների իրականացումը։ Եթե սա է դիմողների չափանիշը, ապա յուրաքանչյուր ընտրությունից առաջ պետությունը պարզապես պետք է դադարի կառավարել երկիրը։ Երևի դիմումատուները ցանկանում էին, որ այդպես լիներ, որ իրենցից շատերի՝ ենթադրաբար բաժանած ընտրակաշառքները իրոք ի զորու լինեին փոխել ընտրության արդյունքը»,- ասել է Գալյանը։


Նրա խոսքով՝ դատարանին չի ներկայացվել գեթ մեկ կոնկրետ դեպք, որը իր բոլոր տարրերով կհաստատեր վարչական ռեսուրսի ապօրինի օգտագործումը  և դրա ազդեցությունն ընտրողի ազատ կամարտահայտման վրա։


Գալյանն անդրադարձել է նաև ՍԴ դիմած ուժերի կողմից բարձրաձայնված ընթացակարգային խախտումներին՝ նշելով, որ առանձին ընտրատեղամասերում արձանագրված առանձին դեպքերի մասին է խոսքը, որոնց մեծ մասն անմիջապես արձագանք է ստացել։ «Եթե խախտումները կրել են զանգվածային, համակարգային բնույթ, ինչպես պնդում են դիմողները, բնական հարց է առաջանում՝ որտե՞ղ են այդ զանգվածային խախտումների ապացույցները, որտե՞ղ են դրանց վերաբերյալ կազմված արձանագրությունները, որտե՞ղ են դիմողների վստահված անձանց բազմաթիվ, աննախադեպ հաղորդումները։ Այս հարցերից որևէ մեկին պատասխան չի տրվել»,- նշել է Գալյանը։


Անդրադառնալով մեղադրանքներին, թե իշխանությունները չեն սպասել ԿԸՀ-ի կողմից արդյունքների ամփոփմանը և շտապել են հայտարարել իրենց հաղթանակի մասին՝ Սրբուհի Գալյանն ասել է. «Դիմողների քաղաքական դաշտի ներկայացուցիչները դեռևս 20։00-ի սահմաններում արդեն հայտարարել էին իրենց հաղթանակի մասին։ Մեր քաղաքական ուժերի ներկայացուցչները հաշվել էին քվեարկողների ձայները, դիմողները ի՞նչն էին հաշվել քվեարկության ավարտից անմիջապես հետո, երբ 20։00-ի դրությամբ ձայները ուղղակի ֆիզիկապես հնարավոր չէր հաշվել»։