Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Արտուշ Գաբրիելյանի, այսօր՝ նոյեմբերի 9-ին մեկնարկեց Պեմզաշենում մոր և երկու երեխայի սպանության գործով առաջին դատական նիստը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Պեմզաշեն գյուղի սեփական բնակարանում սպանված էին գտել 31-ամյա Զարինե Մելիքսեթյանին, նրա 12-ամյա դստերը եւ 8-ամյա որդուն:
Դաժան սպանության կասկածանքով ձերբակալվել, ապա կալանավորվել են Շիրակի մարզի 32-ամյա բնակիչ Վրույր Բարսեղյանը եւ նրա ազգականը՝ 41-ամյա Արկադի Բարսեղյանը։
Վրույր Բարսեղյանն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք, իսկ Արկադի Բարսեղյանը չի ընդունում մեղադրանքը եւ նշում է, որ դեպքի վայրում չի եղել։ Երկու մեղադրյալներն էլ ամուսնացած են, ունեն երեխաներ։ Սպանված կնոջ ամուսինը ՌԴ-ում էր՝ արտագնա աշխատանքի, վերադարձել է ողբերգական դեպքից հետո։
Ըստ Քննչական կոմիտեի վարկածի՝ անմարդկային սպանությունների շարժառիթը եղել է գողությունը։
Վրույր Բարսեղյանին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ ՔՕ 155-րդ (սպանություն) հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 8-րդ եւ 13-րդ կետերով, 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ , 5-րդ, 6-րդ եւ 13-րդ կետերով (2 դրվագ), 252-րդ (ավազակություն) հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով եւ 198-րդ (սեքսուալ բնույթի բռնի գործողություններ) հոդվածի 4-րդ մասով։ Արկադի Բարսեղյանին մեղադրանք է ներկայացվել 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ, 13-րդ կետերով եւ 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:
Մեղադրյալ Վրույր Բարսեղյանն առարկեց, որ գործի հետագա քննությունը տեղափոխվի Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, մյուս մեղադրյալը նշեց, որ իր համար տարբերություն չկա, հետևաբար գործի քննությունը կշարունակվի Երևանում։
Արկադի Բարսեղյանի ներկայացուցիչը դատախազին բացարկի միջնորդություն ներկայացրեց։ Պաշտպանը նշեց, որ մինչ Վրույր Բարսեղյանի ցուցմունք տալը չեն կատարվել մի շարք քննչական գործողություններ։
Մեղադրյալ Արկադի Բարսեղյանը համաձայնեց իր պաշտպանների հետ նշելով, որ իրեն ներքաշել են մի գործի մեջ, որում ինքը չի եղել։ «Ես էդ մարդկանց չեմ էլ տեսել, ինչ Ռուսաստանից եկել եմ, էդ մարդկանց չեմ տեսել», - ասաց մեղադրյալը։
Դատարանը, հանրային մեղադրողին բացարկ հայտնելու՝ Արկադի Բարսեղյանի պաշտպանի միջնորդությունը մերժեց։
Հաջորդիվ Արկադի Բարսեղյանի պաշտպանները միջնորդեցին Բարսեղյանին՝ կալանքի հետ կապ չունեցող խափանման միջոց կիրառել։
Պաշտպանը նշեց, որ պետք է հիմնավորված ռիսկ լինի, որ մեղադրյալն ազատ արձակվելու դեպքում կխոչընդոտի արդարադատության իրականացմանը։ Միաժամանակ պաշտպանը նկատեց, որ քննությանը խոչընդոտելու հիմքեր առկա չեն՝ միաժամանակ նախաքննության ընթացքում Արկադի Բարսեղյանի դրսևորած վարքագիծը հաստատում է նրա կողմից քննությանը խոչընդոտելը բացառելու հանգամանքը։
Մեղադրյալը պաշտպանեց իր ներկայացուցիչների տեսակետը նշելով․ «ինչի՞ պետք է մնամ կալանքի տակ, եթե ես ոչ մի բանից տեղյակ չեմ, ոչ մի բան չեմ էրե, միատ էլ տուժող Սևակ Մելիքսեթյանը կսե պտի գնդակահարեք երկուսին էլ։ Կբացահայտվի՝ չեն գնդակահարե, կվառեն՝ ով որ էրել է էդ բանը, ոչ թե գնդակահարեն։ Ես վստահ եմ որ կբացահայտվի, որովհետև ես ոչ մի կապ չունիմ։ Թե ինչի՞ են իմ անունը տվել՝ չեմ կռնա սե, թող դատական նիստի վախտ պարզվի։ Ես չեմ ուզե ուրիշի էրածի համար էրտամ դատվիմ։ Ես էդ մարդկանց դաժե չեմ տեսել։ Արդեն տարիմ է նստած եմ, հլը չիդեմ էլ ինչքան պտի նստիմ սպասեմ, որ ընձի բաց թողան։ Ով որ էրել է էդ բանը, պտի պատասխան տա, պտի վառեն էդ մարդուն։ Ես ոչ մի բան չեմ էրե։ Ընձի խայտառակ են էրել սաղ աշխարհով մեկ», - ասաց Արկադի Բարսեղյանը։
Մյուս մեղադրյալ Վրույր Բարսեղյանն էլ նշեց․ «ես ինչ որ էրել եմ, խոստովանել եմ՝ թե՛ գրավոր, թե՛ կամեռայի դեմ։ Ուրիշ բան չունիմ սելու։ Ես ընձի մեղադրեմգը բռնաբարության մեջ, որովհետև ընձի դանակով հարվածել են, որ ես էդ բանի մեջ շարունակեմ էդ գործը ու էդ սաղ ցուցմունքը տված է», - ասաց Վրույր Բարսեղյանն ու նշեց, որ արդեն քանի տարի է հոգեմետ դեղեր է օգտագործում, խնդրում է իրեն բուժում տրամադրել։
Դատարանը՝ քննարկելով հանրային մեղադրողի կողմից ներկայացված՝ մեղադրյալների խափանման միջոցը ևս 3-ական ամսով երկարացնելու, ինչպես նաև Արկադի Բարսեղյանի պաշտպանների կողմից ներկայացված՝ իրենց պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու մասին միջնորդությունները որոշեց բավարարել դատախազի միջնորդությունները և երկու մեղադրյալների խափանման միջոցները երկարացվեցին երեքական ամսով։
Պաշտպանների միջնորդությունը մերժվեց։
Տուժողների պաշտպան Գարիկ Գալիկյանը միջնորդեց ընդմիջել դատական նիստը նշելով, որ տուժող կողմը գույքային պահանջ ունի մեղադրյալներից, որը պետք է ներկայացնի գրավոր կերպով, հետևաբար կարիք կա ընդմիջել նիստը։
Դատավորը բավարարեց տուժողի ներկայացուցչի միջնորդությունը և դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց 2024 թվականի հունվարի 18-ին։
Վովա Հակոբյան