Մարինա Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում հերքել է 2019 թվականին Արսեն Թորոսյանի հասցեին հնչեցրած մեղադրանքները
«Չէի ուզենա ֆեյսբուքյան պատս պղտորել, բայց կարևոր է, որ բոլորը տեղյակ լինեն, թե ինչ ճակատագիր է սպասվում նման հայտարարություններ անողներին։ Նախկինում էլ են եղել թե՛ հերքողներ, թե՛ դրա համար ֆինանսական տույժեր կրողներ, բայց կարծես թե դեռ անձինք կան, որ կարիք ունեն այսպիսի հետևանքների պարբերական հիշեցման։ Նման մի անձի մասով էլ դատարանը մի որոշ ժամանակ առաջ է վարույթ ընդունել իմ հայցադիմումը»,-այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը։

Նա նաև նշել է, որ հերքման տեքստը հերքողի էջում հիմա փակված է․ «Քանի որ այս տեսակի մարդկանց համար անպատասխանատու հայտարարություններ անելը ավելի հեշտ է, քան դրանց համար պատասխան տալու համարձակություն ունենալը։ Հատկապես ուշադրություն եմ ուզում հրավիրել ընտրական գործընթացի վրա ստվեր գցող անպատասխանատու և հերքված հայտարարությանը, քանի որ Երևանի ավագանու վերջին ընտրություններից առաջ նույն բանը մեր թաղամասի կրկնվող հասցեներում գրանցված ընտրողների մասով կրկին արել էր մի լրագրող, ով իմ զգուշացումից հետո արագ հեռացրել էր այդ գրառումը՝ բարեբախտաբար իր համար»,-գրել է պատգամավորը և կից հրապարակել Երևանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանի հերքումը, որը ներկայացնում ենք ստորև։

«Հերքում․ Հայտնում եմ, որ 15․08․2019 թվականին ֆեյսբուք սոցիալական կայքի իմ անձնական էջում՝ տեղեկատվություն ստանալու հարցման մեջ, Արսեն Թորոսյանը իր մտերիմ անձանց նշանակել է ՀՀ ԱՆ ենթակայության տակ գործող բժշկական հաստատությունների ղեկավարների պաշտոններում՝ ազատելով փորձառու ղեկավարներին», «Արսեն Թորոսյանը ունի մասնաբաժին (откат) բուժհաստատություններում ակտիվորեն բաժանվող պարգևավճարներից, չեն համապատասխանում իրականությանը։ Հայտնում եմ, որ 25․08․2019 թվականին www.lurer.com լրատվական կայքում հրապարակված հոդվածում  Արսեն Թորոսյանի վերաբերյալ իմ կողմից կատարված այն արտահայտությունը, որ «Արսեն Թորոսյանը, գյուղի բարեկամներին, խնամի-ծանոթներին գրանցել է իր հասցեում և ընտրությունների կազմակերպման արատավոր տեխնոլոգիաներ է կիրառել», չեն համապատասխանում իրականությանը»,-գրել է Մարինա Խաչատրյանը։