«Երեխաների ջրահեղձությունը տեղի է ունենում արագ ու անձայն». ի՞նչ կարևոր կանոններ պետք է իմանա յուրաքանչյուր ծնող

Դժբախտ պատահարներից խուսափելու համար անհրաժեշտ է հիշել, որ ջրահեղձությունը տեղի է ունենում շատ արագ ու անձայն, իսկ երեխաների անվտանգության գլխավոր երաշխիքը մեծահասակի մշտական հսկողությունն է, հայտնում են առողջապահության նախարարությունից։

 

«Ինչպե՞ս կանխարգելել երեխաների ջրահեղձությունը

 

Հնարավորինս վաղ տարիքում երեխային սովորեցրեք լողալու տարրական հմտություններ:

 

Համոզվեք, որ ջրային տարածքին մոտ երեխաները կրում են փրկօղակ կամ փրկարարական բաճկոն, նույնիսկ, եթե նրանք լողալ գիտեն:

 

Երեխաներին մի՛ թողեք առանց հսկողության, նույնիսկ, եթե նրանք կրում են փրկօղակ կամ փրկարարական բաճկոն։

 

Երեխային թույլատրեք լողալ միայն դրա համար նախատեսված վայրերում՝ սահմանելով հսկողություն:

 

Եթե ունեք լողավազան, շուրջը տեղադրեք մեկուսացնող ցանկապատներ:

 

Մշտապես հետևեք երեխային, երբ նա ջրի մեջ է կամ ջրի մոտակայքում (ներառյալ լոգարանում):

 

Ամեն անգամ, երբ երեխաները գտնվում են ջրի մեջ կամ դրա շրջակայքում, լողալու հմտություններ ունեցող մեծահասակը պետք է գտնվի երեխայից ձեռքի երկարության հեռավորությամբ:

 

Մի՛ տարվեք այլ գործերով. ջրահեղձությունը տեղի է ունենում արագ և անձայն:

 

Սովորեք առաջին օգնության տարրական հմտություններ՝ խեղդվող երեխային անհապաղ սիրտ-թոքային վերակենդանացում կատարելու համար:

 

Երեխային հնարավորինս վաղ տարիքում պատմեք ջրահեղձ լինելու վտանգի մասին:

 

Հիշե՛ք, որ ջրահեղձության վտանգները մեծ են ոչ միայն բացօթյա ջրավազաններում, լողավազաննրում, այլև տնային պայմաններում (մանկական լոգարան, դույլ, զուգարան), որտեղ անվտանգության կանոնների խստիվ պահպանումը նույնքան կենսական է:

 

Ծնողները և խնամակալները պետք է կանխեն երեխայի անվերահսկելի մուտքը լոգարան, լողավազան կամ բաց այլ ջրային տարածք:

 

Մի՛ զբաղվեք այլ շեղող գործունեությամբ, որը կարող է վտանգել երեխային, ներառյալ հեռախոսի օգտագործումը (օրինակ՝ հաղորդագրություններ ուղարկելը), շփվելը, տնային գործեր կատարելը կամ ալկոհոլ խմելը»,-նշում են նախարարությունից: