Այսօր մամուլի ասուլիս է տվել ԼՂ ՊՆ նախկին նախարար Ջալալ Հարությունյանի պաշտպան Արսեն Սարդարյանը և ասել, որ իր պաշտպանյալի գործով ունեն որոշակի զարգացումներ։ Նա նշել է, որ շուրջ 5 ամիս տևած ռազմագիտական համալիր փորձաքննության եզրակացությունը օրեր առաջ ստացել են և այդ ռազմագիտական փորձաքննությունը 11 ռազմագետ-փորձագետի կողմից ստորագրած, որպես կանոն 15-30 տարի փորձառություն ունեցող սպաներ են, որոնք միակարծիք եզրակացություն են տվել, որը, կարծում է յուրաքանչյուր իրավաբանի գնահատմամբ առերևույթ վկայում է Ջալալ Հարությունյանին մեղսագրվող գործողություններում նրան առաջադրված հանրային հետապնդման հիմքերի բացակայության մասին։
«Այս եզրակացությունը ստանալուց հետո, մենք ունեցանք դատախազության կողմից կայացրած հիմնավոր որոշում առաջին դրվագով մեղադրանքը դադարեցնելու վերաբերյալ, խոսքը գնում է հակահարվածի մասին։ Գիտեք, որ հակահարվածի դրվագով մեղադրում էին պարոն Հարությունյանին, որ իբր ուժերի հարաբերակցությունը հաշվի չի առնվել, և այդ իրադրությունում հակառակորդի նկատմամբ հարձակում կատարելը չէր կարող կանոնադրության պահանջներից բխել։ Ռազմագետները միանշանակ պատասխանեցին, որ այդ իրադրությունում դա ոչ միայն եղել է օրինական, այլ դա եղել է անհրաժեշտություն, որը կատարվել է Ջալալ Հարությունյանի կողմից։ Եվ այս մասով քրեական հետապնդումը դադարեցվեց»,- Արսեն Սարդարյանը։
Սակայն, փաստաբանը տեղեկացրեց, որ երկրորդ դրվագի մասով քրեական նոր հետապնդում առաջադրվեց, անունով նոր է, բայց այն ամբողջությամբ կրկնում է արդեն իսկ առաջադրված նախկին մեղադրանքը, և, կարծես, այս ռազմագիտական փորձաքննությունը ընդհանրապես գոյություն չի ունեցել։
Այս մասով ներկայացնելով որոշակի մանրամասները՝ պաշտպանը ռազմագիտական փորձաքննության որոշակի հատվածից մեջբերումներ արեց՝ նշելով, որ ռազմագետները միակարծիք հայտնել են, որ ցանկացած պարագայում, եթե դիվիզիոնի հրամանատարական կազմը ճիշտ կազմակերպված լիներ կրակային դիրքերի անմիջական պահպանությունն ու ինքնապաշտպանությունը և մասնավորապես նշանակած լիներ դիտորդներ, ապա հնարավոր կլիներ հանկարծակիի չգալ և խմբի պատկանելիությունը դիտորդի վրա գրոհելու պարագայում կբացահայտվեր, որը հնարավորություն կտար արդյունավետ կազմակերպել մարտկոցների հետագա գործողությունները։
«Երկրորդ մեղադրանքը հիշում եք, Դ-20 դիվիզիոնի վրա, հոկտեմբերի 12-ին հակառակորդի կողմից կատարված հարձակմանն է վերաբերվում, որի հետևանքով մենք ունենք յուրային թե՛ մարդկային կորուստներ, թե՛ զրահատեխնիկայի կորուստներ։ Եվ այստեղ Ջալալ Հարությունյանը մեղադրվում է այն բանի համար, որ իբր երբ դիվիզիոնի հրամանատարությունը կապվել է Ջալալ Հարությունյանի տեղակալ, հրետանու գծով պետ Գենադի Բաղդասարյանի հետ, վերջինս զեկուցել է Ջալալ Հարությունյանին, որ խմբավորում է մոտենում, իբր՝ Ջալալ Հարությունյանն ասել է, որ դա յուրային խմբավորում է։ Եվ իբր այդ տեղեկությունն է հիմք հանդիսացել, որ մենք ունեցել ենք այդ կորուստները»,- ասաց պաշտպանը։