Միլիարդներ Ուկրաինային և խիստ ազդակ Ռուսաստանին. ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագիրը

ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարները Անկարայի գագաթնաժողովի արդյունքներով ընդունել են ամփոփիչ հռչակագիր, որում վերահաստատել են Ուկրաինային տրամադրվող լայնածավալ երկարաժամկետ աջակցությունը, հայտարարել են պաշտպանական նոր ներդրումների մասին և Ռուսաստանը մատնանշել որպես եվրոատլանտյան անվտանգության գլխավոր սպառնալիք։


Փաստաթղթի համաձայն՝ դաշինքի պետությունները պարտավորվում են 2026 թվականին Ուկրաինային տրամադրել ընդհանուր առմամբ €70 միլիարդի ռազմական օգնություն, սպառազինություն և վերապատրաստման ծրագրեր։ Բացի այդ, դաշնակիցները հայտարարել են Կիևին տրամադրվող աջակցությունը առնվազն նույն մակարդակի վրա պահպանելու մտադրության մասին նաև 2027 թվականին։


Ուկրաինային տրամադրվող օգնությունից բացի, ՆԱՏՕ-ի երկրները հայտարարել են ավելի քան $50 միլիարդի պաշտպանական նոր գնումների մասին։ Գագաթնաժողովի մասնակիցները նաև պայմանավորվել են ավելացնել սպառազինությունների արտադրությունը և արագացնել առաջատար տեխնոլոգիաների, ներառյալ՝ արհեստական բանականության վրա հիմնված համակարգերի ներդրումը՝ պաշտպանունակության ամրապնդման և Ռուսաստանի զսպման ուժեղացման նպատակով։


Հռչակագրում կրկին վերահաստատվել է դաշնակիցների հավատարմությունը Հյուսիսատլանտյան պայմանագրի հինգերորդ հոդվածով ամրագրված հավաքական պաշտպանության սկզբունքին, որի համաձայն՝ դաշինքի անդամներից մեկի վրա հարձակումը դիտարկվում է որպես հարձակում բոլորի վրա։


Փաստաթղթի առանձին բաժին նվիրված է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին։ ՆԱՏՕ-ի երկրները ընդգծել են, որ Թեհրանը չպետք է միջուկային զենք ստանա, և Իրանի իշխանություններին կոչ են արել ապահովել նավագնացության ազատությունը Հորմուզի նեղուցով։


Ամփոփիչ հռչակագրում Ռուսաստանը անվանվել է «երկարաժամկետ սպառնալիք» եվրոատլանտյան անվտանգության և կայունության համար։ Այս կապակցությամբ դաշնակիցները հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու նախկինում ստանձնած պաշտպանական պարտավորությունների կատարումը, որոնք ուղղված են Ռուսաստանին հակազդելուն և ահաբեկչության դեմ պայքարին։