Մեղրը պաշտպանում է մաշկը արևից ու ծերացումից. Իտալացի գիտնականների բացահայտումը

Բազմածաղիկ մեղրն ընդունակ է պաշտպանել մարդու մաշկի բջիջները ուլտրամանուշակագույն ճառագայթմամբ առաջացած վնասվածքներից և դանդաղեցնել բջջային ծերացման գործընթացները։ Այսպիսի եզրահանգման են եկել Սասարիի համալսարանի (Իտալիա) գիտնականները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Antioxidants ամսագրում։


Հետազոտողները մարդու մաշկի բջիջները մշակել են բազմածաղիկ մեղրի (նույն տեղանքի տարբեր բույսերի նեկտարից ստացված) թույլ լուծույթով, իսկ այնուհետև ենթարկել ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցությանը։ Պարզվել է, որ այդ բջիջները չմշակված նմուշների համեմատությամբ ավելի լավ են պահպանել բաժանվելու և ինքնավերականգնվելու հատկությունը։


Հեղինակներն ուսումնասիրել են մաշկի բջիջների երեք հիմնական տեսակները՝ ցողունային բջիջները, ֆիբրոբլաստները և կերատինոցիտները։ Ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցությունից հետո մեղրով նախապես մշակված բջիջներում ավելի ակտիվ են գործել հյուսվածքների նորացման համար պատասխանատու գեները, իսկ ծերացման հետ կապված գեները մնացել են ճնշված։


Բացի այդ, մեղրն ուժեղացրել է բջիջների հակաօքսիդանտային պաշտպանությունը և նվազեցրել ազոտի օքսիդի մակարդակը՝ մի նյութ, որի կոնցենտրացիան բարձրանում է բջջային վնասվածքների ժամանակ։ Ֆիբրոբլաստներում վերականգնվել է նաև հիալուրոնաթթվի և պաշտպանիչ սպիտակուցների սինթեզի համար պատասխանատու գեների ակտիվությունը, մինչդեռ բջիջների մահը ձգանող (մեկնարկող) ազդանշանները թուլացել են։


Սասարիի համալսարանից հետազոտության ղեկավար Ֆիկրիյե Ֆուլյա Կավակի խոսքով՝ մեղրը չի ազդում միայն մեկ կոնկրետ մեխանիզմի վրա, այլ միաժամանակ կարգավորում է մաշկի վերականգնման հետ կապված բազմաթիվ գեների աշխատանքը։


Գիտնականները նշում են, որ բազմածաղիկ մեղրն արդեն իսկ կիրառվում է բժշկության մեջ այրվածքների և քրոնիկ վերքերի բուժման համար՝ շնորհիվ իր հակաբակտերիալ և հակաբորբոքային հատկությունների։ Նոր աշխատանքը ցույց է տալիս, որ այն կարող է նաև հեռանկարային բաղադրիչ դառնալ ֆոտոծերացման (արևից ծերացման) դեմ միջոցների համար։


Միևնույն ժամանակ, հետազոտողներն ընդգծում են, որ խոսքը դեռևս միայն բջջային կուլտուրաների վրա արված լաբորատոր փորձերի մասին է։ Մեղրը չի փոխարինում արևապաշտպան միջոցներին, իսկ դրա արդյունավետությունը դեռ պետք է հաստատվի մարդկանց վրա կլինիկական հետազոտությունների ընթացքում։


Այժմ գիտնականներն ուսումնասիրում են՝ արդյոք հայտնաբերված էֆեկտները պահպանվում են կենդանի մաշկի վրա, ինչպես նաև մշակում են նյութեր՝ մեղրի ակտիվ բաղադրիչների վերահսկվող անջատմամբ (արտազատմամբ), որոնք կօգտագործվեն ապագա դերմատոլոգիական պատրաստուկների համար։