Ռոսավիացիան նվազեցրել է թռիչքների բարձրությունը՝ դրոնների հաճախակի գրոհների պատճառով

Ռոսավիացիան նվազեցրել է թռիչքների բարձրության սահմանաչափը մինչև 4900 մետր և արգելել է տարանցիկ թռիչքները Մոսկվայի օդանավակայանների մոտ, գրում է «Կոմերսանտ»-ը։ Ռոսավիացիան թերթին հաստատել է համապատասխան NOTAM-ի (թռիչքային անձնակազմին ուղղված ծանուցում) հրապարակումը։



Ըստ այդմ՝ սահմանափակումները կգործեն մինչև օգոստոսի 26-ը (Ռոսավիացիան այլ ժամկետ է նշել՝ օգոստոսի 12-ը)։ «Կոմերսանտի» աղբյուրները կարծում են, որ դրանք կերկարաձգվեն։



Ռոսավիացիան սահմանափակումները բացատրել է «թռիչքների անվտանգության ապահովմամբ»։ Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ փոփոխությունները նախաձեռնել է ՊՆ-ն՝ դրոնների հաճախակի գրոհների պատճառով։ Բարձրության նվազեցումը թույլ կտա ինքնաթիռներին սպառնալիքի դեպքում ավելի արագ վայրէջք կատարել, բայց նաև կմեծացնի թռչունների հետ բախման ռիսկը, նշում է թերթը։



Ավելի վաղ Մոսկվայի օդային գոտում թռիչքների բարձրությունը սահմանափակվում էր 8550 մետրով, «Կոմերսանտին» հայտնել է տրանսպորտի նախարարությանը մոտ աղբյուրը։