Գեղասահքի օլիմպիական չեմպիոն Տատյանա Նավկան, որը Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի կինն է, Եվրամիության դատարանում պահանջել է չեղարկել իր դեմ պատժամիջոցները և իրեն վճարել ավելի քան 2 միլիոն եվրո փոխհատուցում։ Ռուս գեղասահորդուհու այս հայցի բովանդակությունը հրապարակվել է ԵՄ պաշտոնական ամսագրում։
Նավկայի դեմ պատժամիջոցները սահմանվել են 2022 թվականին Ուկրաինայում լայնածավալ պատերազմի սկսվելուց հետո՝ «Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը սպառնացող գործողություններին աջակցող անձի» հետ նրա կապի պատճառով։ Պատժամիջոցների պատճառն այն էր, որ Նավկան, ԵՄ-ի տեղեկություններով, հանդիսանում էր բռնակցված Ղրիմում ընկերությունների և գույքի համասեփականատեր։
Իր հայցապահանջում գեղասահորդուհին պնդում է, որ ԵՄ Խորհուրդը բավարար հիմքեր չի ունեցել իրեն սև ցուցակում ընդգրկելու համար։ Փաստաթղթում նաև ընդգծվում է, որ սահմանափակումները «խախտում են իր մարդկային արժանապատվության իրավունքը, ինչպես նաև իր և իր երեխաների նկատմամբ ընտանեկան կյանքի հարգանքի իրավունքը»։ Նավկան պահանջել է իրեն վճարել գրեթե 135.000 եվրո՝ «որպես նյութական վնասի փոխհատուցում» և ավելի քան 1.9 միլիոն եվրո՝ բարոյական վնասի։