Խնդիրը ո՛չ Նիկոլ Փաշինյանն է, ոչ` ՔՊ-ն, Ռուսաստանը չի ճանաչել հայ ժողովրդի ընտրությունը

Ռեժիսոր, Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի հետ զրուցել ենք նորընտիր ԱԺ-ից սպասելիքների, ներքաղաքական և արտաքին քաղաքական իրավիճակի մասին։



Նրա խոսքով՝ մի բան է, թե ինչպիսի ԱԺ կուզենար, որ ունենայինք, և լրիվ ուրիշ բան է, թե ինչ ենք ունենալու։



«Իհարկե կուզենայի սխալվել, բայց կարծում եմ, որ ոչ մի բանով չի զիջելու նախկին ԱԺ-ին, և դա լավ չի, որովհետև իրականում ժամանակները շատ արագ են փոխվում, և նույնիսկ հիմա չի կարելի համեմատել 2021 թվականի հետ։ Ես նկատի ունեմ այն ամենը, ինչ կատարվում է աշխարհում և մեր երկրի առջև, շատ լուրջ խնդիրներ են։ Արդեն պետք է առաջնորդվել պետականաշինության մոտեցումներով։ Եվ իհարկե լավ կլիներ, որ ընդդիմության, իշխանության, անկախ նրանից՝ ով ինչ դիրք է գրավում, հիմնական խնդիրը լիներ դա՝ տարբեր ձևեր առաջարկելով և այլն։ Ցավոք սրտի, կարծում եմ, որ այն խնդիրները, որով առաջնորդվելու է մեր տիտուլային ընդդիմությունը, ձևակերպվելու են ոչ թե Հայաստանում, այլ Ռուսաստանում»,- ասաց Ռուբեն Բաբայանը։  



Նրա խոսքով՝ այսօր կա կոնկրետ մի երկիր, որը Հայաստանին հայտարարել է հիբրիդային պատերազմ, և այդ երկիրը Ռուսաստանն է, Ռուսաստանին սիրում ենք, թե չենք սիրում՝ դա փաստ է, և այդ փաստը պետք է արձանագրել։ 



«Ռուսաստանը չի ճանաչել մեր ընտրությունները, և խնդիրն այստեղ ո՛չ Նիկոլ Փաշինյանն է, ոչ էլ «Քաղաքացիական պայմանագիր»-ը, Ռուսաստանը չի ճանաչել հայ ժողովրդի ընտրությունը. սա  է խնդիրը։ Դուք ո՞վ եք, որ ընտրություն կատարեք. սա է ենթատեքստը»,- հավելեց Ռուբեն Բաբայանը։



Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան