Դատարանը մերժեց Սամվել Կարապետյանի՝ զրպարտության վերաբերյալ հայցն ընդդեմ ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի

Դատարանը մերժեց Սամվել Կարապետյանի՝ զրպարտության վերաբերյալ հայցն ընդդեմ ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի  


Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Սամվել Կարապետյանի հայցն ընդդեմ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակային հերքելու, հրապարակայնորեն ներողություն խնդրելու և փոխհատուցում վճարելու պահանջի մասին։  


2025 թվականի հունիսի 17-ին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը Ազգային ժողովի նիստի ընթացքում անդրադարձել էր գործարար Սամվել Կարապետյանի կողմից իշխող ՔՊ կուսակցության հասցեին հնչեցված քննադատությանը։ Մասնավորապես, պատգամավորը արձագանքել էր Սամվել Կարապետյանի հայտարարությանը և ներկայացրել իր քննադատական դիրքորոշումը։  


Նշված գործի շրջանակում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2026 թվականի հուլիսի 23-ին կայացրել է վճիռ, որով ամբողջությամբ մերժել է Սամվել Կարապետյանի հայցը։  Դատարանը հաստատել է AM իրավաբանական ընկերության փաստաբանի կողմից՝ ՀՀ Վճռաբեկ դատարանի և ՄԻԵԴ նախադեպերի հիման վրա ներկայացված այն իրավական փաստարկը, համաձայն որի՝ կողմերը հանդիսանում են հասարակական և քաղաքական գործունեություն իրականացնող հանրային անձինք, հետևաբար պետք է պատրաստ լինեն իրենց հասցեին հնչող քննադատություններին և նույնիսկ սուր գնահատականներին, որոնք կարող են տհաճություն պատճառել, ուստի պարտավոր են դրսևորել հանդուրժողականության առավել բարձր մակարդակ։  


Բացի այդ, դատարանն արձանագրել է, որ Հայկ Կոնջորյանի հայտարարությունն արվել է Ազգային ժողովի ամբիոնից՝ պատգամավորական լիազորությունների իրականացման ընթացքում, հետևաբար նա օգտվում է գործառութային անձեռնմխելիությունից, և Սահմանադրության ուժով պատգամավորական գործունեության շրջանակում արտահայտած կարծիքի համար չի կարող ենթարկվել պատասխանատվության։  


ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի իրավունքների դատական պաշտպանությունը ստանձնել էր AM իրավաբանական ընկերությունը՝ ի դեմս ավագ իրավախորհրդատու, փաստաբան Արման Ներսիսյանի։  


Այս գործով կայացված դատական ակտը ևս մեկ անգամ վերահաստատում է AM իրավաբանական ընկերության հետևողական և սկզբունքային մոտեցումը՝ հիմնված իրավական հիմնավոր փաստարկների, ՀՀ Վճռաբեկ դատարանի և ՄԻԵԴ նախադեպային իրավունքի արդյունավետ կիրառման և վստահորդների իրավունքների բարձրակարգ դատական պաշտպանության վրա։