Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքի շրջանակում 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, ծեծի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից):


Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել են Քննչական կոմիտեից՝ հավելելով, որ նրանցից 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել են բացակայելու արգելքը և գրավը:


Հայտնել էինք, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, ծեծի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության և խուլիգանության հատկանիշներով:


Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ հուլիսի 24-ին՝ ժամը 00:05-ի սահմաններում, Աբովյան քաղաքում՝ իր շքամուտքի առաջ, մի խումբ անձինք ծեծի էին ենթարկել Ավետ Կոնջորյանին: