Հայ-ռուսական հարաբերությունները պետք չէ կապել Ադրբեջանի հետ, Զախարովայի պնդումները անհիմն են. Հաջիզադե

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն արձագանքել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը, որը վերաբերում էր Հայաստանի անդամակցությանը ՀԱՊԿ-ին և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին։


Հաջիզադեն հայտարարել է, որ Ղարաբաղի տարածաշրջանը միջազգային հանրության, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության կողմից, միշտ ճանաչվել է որպես Ադրբեջանի անբաժանելի մաս։


«ՀԱՊԿ-ի մեխանիզմների չկիրառումը Հայաստանի կողմից Ղարաբաղը որպես իր տարածք չճանաչելու հետ կապելու փորձերը անհիմն են և հակասում են Մոսկվայի պաշտոնական դիրքորոշմանը։ Հայ-ռուսական հարաբերությունները չպետք է կապվեն Ադրբեջանի հետ»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը։


Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով Հայաստանի և ՀԱՊԿ-ի հարաբերություններին, հայտարարել էր, որ կազմակերպության մեխանիզմների ակտիվացման շուրջ քննարկումների համատեքստում խնդիրը կապված էր այն հանգամանքի հետ, որ Հայաստանը երբեք չի ճանաչել Լեռնային Ղարաբաղը որպես իր սեփական կամ անկախ տարածք։


«Կար մի պատմություն Հայաստանի հետ, որը, կարծես, ասում էր՝ «եկեք ակտիվացնենք ՀԱՊԿ-ի մեխանիզմը»։ Բայց իրականում՝ ո՞ւմ և ինչի՞ հետ կապված։ Այդ տարածքը՝ Լեռնային Ղարաբաղը, որը Հայաստանն ինքը երբեք չի ճանաչել ո՛չ իր սեփական, ո՛չ էլ անկախ տարածք»,- նշել էր Զախարովան։