Այս հարցը, թերևս, ամենաշատն է հուզում հանրությանը՝ հաշվի առնելով նոր խորհրդարանի համամասնությունն ու այն խճանկարը, որը ձևավորվել է հունիսի 7-ի ընտրությունների արդյունքում։ Խորհրդարանում են հայտնվել և ընդդիմադիր խմբակցություններ ձևավորել երկու խմբակցություններ, որոնք ընտրապայքարին մասնակցում էին կառավարող ուժին հեռացնելու՝ «պոպոխության», նույնն է թե՝ իշխանափոխության, իսկ ավելի ճիշտ՝ «փաշինյանափոխության» օրակարգով։ Այդ օրակարգը թեև նոր չէ, ավելին՝ ակտուալ է 2018-ի թավշյա հեղափոխության հաջորդ օրվանից, սակայն հերթական անգամ և ի հեճուկս ՌԴ նախագահ Պուտինի գործադրած ջանքերի ու ռուսամետ քաղաքական կոնգլոմերատին ցուցաբերված բացահայտ աջակցության՝ ձախողվեց։ Մասնավորապես Սամվել Կարապետյանին և Ռոբերտ Քոչարյանին (չհաշված Ծառուկյանն ու մյուս մանր-մունր ուժերը) չհաջողվեց կատարել Փաշինյանին հեռացնելու հանձնարարականը։
Ուստի ակնհայտ է, որ Կարապետյան-Քոչարյան ընդդիմադիր զույգի խնդիրը առաջիկա 5 տարիների ընթացքում շարունակելու է մնալ «պերեվառոտի» հարցը՝ այդ ուղղությամբ գործի դնելով հնարավոր բոլոր՝ արդեն հայտնի, ինչպես նաև անհայտ միջոցները։ Հատկանշական է, որ որպես իշխանափոխության խնդրի լուծման միջանկյալ տարբերակ ընդդիմությունը դիտարկում է նաև աշնանը ավելի քան 4 տասնյակ համայնքներում տեղի ունենալիք ՏԻՄ ընտրությունները։ Տեղական նշանակության այդ միջոցառումներին մասնակցելու վրա, ինչպես հայտնի է, ռեսուրս ունեցող ընդդիմադիր ուժերը կարևոր շեշտադրում են անում՝ եթե չի հաջողվում վերցնել ամբողջը միանգամից, ապա կարելի է այն վերցնել մաս-մաս, ինչպես, օրինակ, Գյումրիում տեղի ունեցավ՝ 2025-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքում։ Գյումրիի օրինակը, այսպես ասած, էտալոնային դարձավ ընդդիմության համար և ոգևորեց, ու այդ սցենարը խորհրդարանի մակարդակով կրկնելու հանձնառությամբ էլ ռադիկալ և նորածիլ ընդդիմադիր ուժերը մասնակցեցին 2026-ի հունիսի ընտրություններին։ Բայց, ինչպես ասացինք, վերջիններիս չհաջողվեց «կրկին քաշել հաջողության տոմսը»՝ «դուբլելով» Գյումրիի հաղթանակը։ Հետևապես «սողացող» այդ օրակարգը ակտուալ կլինի նաև առաջիկա ամիսներին, և ռևանշի կրակը սրտում վառ պահող օպոզիցիան կփորձի «քաղաք առ քաղաք, գյուղ առ գյուղ» «վերցնել» իշխանությունը՝ հուսավառված այն հանգամանքից, որ ՀՀ մոտ կես միլիոն քաղաքացի իրենց քվե է տվել հունիսի 7-ին, և մի քանի ամիս անց ընդդիմադիր այդ էլեկտորատը կկրկնի իր քվեարկությունը՝ քվեարկելով այս անգամ տեղական ընտրություններին։
Առանձնապես ակտիվ է «Ուժեղ Հայաստան»-ը, որը նախընտրական խորամանկ
մարտավարություն է որդեգրել՝ այցելում է այն բնակավայրեր, որտեղ համապետական ընտրությունների
ժամանակ շատ քվեներ է ստացել, ու բարեգործական
ցուցադրական ակտեր է իրականացնում։ Թե՝ որ համայնքում շատ ձայն ենք ստացել, այդ համայնքների
բնակիչներին էլ «հատուցում ենք» իրենց «շռայլ վերաբերմունքի» համար։
Իսկ մասնավորապես «Հայաստան» դաշինքը, այն է՝ Ռոբերտ Քոչարյան+ՀՅԴ+«Առաջ
Աջակենտրոն», դեռ չի շտապում տեղից իրար գալ,
կրկնել ուժեղների մարտավարությունը, համենայնդեպս՝ մարզային այցերի մասին տեղեկություններ
չեն սպրդում ԶԼՄ-ներ։ Այլ ընդդիմադիր ուժեր դեռ չեն հայտարարել ՏԻՄ ընտրություններին
մասնակցելու իրենց պլանների մասին։
«Ուժեղ Հայաստան» դաշինքը, նշենք, հունիսի 7-ի ընտրությունների
արդյունքում ստացել է է 340 006 քվե, և 70 համայնքներից միայն 5-ում այս ուժը ամենաշատ
ձայներն է հավաքել, բոլորը՝ Սամվել Կարապետյանի հայրենի եզերք Լոռու մարզում։ Տաշիր համայնքում ընտրություններին մասնակցած
11 110 ընտրողից 8091-ը կամ 73.44%-ը ձայնը տվել է «Ուժեղ Հայաստանին»։ Դաշինքը ստացած
քվեների քանակով առաջինն է եղել նաև Լոռու մարզի Ֆիոլետովո (71 ձայն կամ 49.31%), Գյուլագարակ
(1840 ձայն կամ 44.31%), Լերմոնտովո (112 ձայն կամ 43.08%) և Ստեփանավան (3207 ձայն
կամ 42.73%) համայնքներում։
Ամենաքիչ քվեները «Ուժեղ Հայաստանը» ստացել է Արագածոտնի մարզի
Մեծաձոր համայնքում, որտեղ 75 ընտրողից 6-ը կամ 8%-ն է ձայնը դաշինքին տվել։ Ցածր ցուցանիշներով
հաջորդում են ազգային փոքրամասնություններով բնակեցված 3 համայնքներ՝ Վերին Դվին (ասորիներ)՝
9.38%, Ալագյազ (եզդիներ, քրդեր)՝ 11.56%, Շամիրամ (եզդիներ)՝ 11.6%։
«Հայաստան» դաշինքը ստացել է 144 983 քվե։ 2002 ընտրատեղամասից
13-ում է դաշինքն ամենաշատ ձայները հավաքել, դրանցից 10-ը՝ Գեղարքունիքի մարզում։ Կոտայքի
մարզի Արզնի համայնքում «Հայաստան» դաշինքը ստացել է ձայների 16.96%-ը։ Երևանի Կենտրոն
վարչական շրջանում ընտրության մասնակցած 55 289 քաղաքացուց 8510-ը կամ 15.54%-ն է ձայնը
տվել դաշինքին։ «Հայաստան» դաշինքը քիչ քվեներ է հավաքել հատկապես Լոռու մարզում։ Տաշիր
համայնքում, օրինակ, 134 ընտրող կամ մասնակցածների 1.22%-ն է 17-րդ քվեաթերթիկն ընտրել։
Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքում դաշինքը 183-ից միայն 3 ձայն է ստացել
(1.66%)։
Խորհրդարան չանցած 15 ուժերը գյուղերում միասին ստացել են 13․5%, ընդ
որում՝ 5․3%-ը «Բարգավաճ
Հայաստան» կուսակցության ձայներն են, որը շատ մոտ էր խորհրդարան անցնելուն, սակայն
0․0107% չբավականացրեց։
Գյուղերի ձայների 21%-ը «Ուժեղ Հայաստանին» է բաժին հասել, 8%-ը՝ «Հայաստան» դաշինքին։
Գյուղական բնակավայրերում, նկատենք, ձայների մեծ մասը՝ 57.4%-ը, ստացել
է կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Ինչ խոսք, սա քվեարկություն է կատարվա՛ծ և կատարվելիք
աշխատանքի դիմաց, և այդ պատկերը՝ քվեարկության
տեսքով, կարելի է ստանալ նաև ՏԻՄ ընտրությունների ժամանակ։ ՔՊ-ն ընդամենը պետք է գրագետ
քարոզչա-լուսավորչական աշխատանք տանի։ Աշխատանք,
որում նույնպես, նկատենք, կառավարող ուժը իրեն
մրցակից չունի։
Հեղինե Մանուկյան