Մոսկվան վախենում է կորցնել Հայաստանը. Ընդդիմությունը ԱԺ-ում նրա շահերն է ներկայացնելու

«Հայաստանը որոշել է ունենալ այլընտրանքներ, մինչև էս Հայաստանը չի ունեցել այլընտրանքներ, այդ թվում՝ քաղաքական առումով։ Ես կարող եմ ասել, որ Ռուսաստանը խնդիր է տեսնում այդտեղ»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


Չեխիայում բնակվող տնտեսագետ, քաղաքական վերլուծաբան Բագրատ Առաքելյանի կարծիքով՝ Ռուսաստանը հասկանում է, որ նույնիսկ այդ տնտեսական մահակը, ինչպես իրենք պատկերացնում են, իրենց ձեռքից գնում է, և դրանով է պայմանավորված, որ Վլադիմիր Պուտինը հենց հիմա է պահանջում, որ հանրաքվե անցկացնենք և որոշենք՝ մնո՞ւմ ենք Ռուսաստանի հետ, թե՞ գնում ենք դեպի ԵՄ։


«Միայն այն, որ մենք մտածում ենք, թե կարող է պատահել ապագայում մտնենք ԵՄ, և մեր ժողովրդի հետ քննարկումներ ենք անում այդ թեմայով, միայն այդ պատճառով ինքը պատրաստ է ինչ-որ ճնշումներ գործադրել, ինչ-որ էմբարգոներ»,- ասաց Բագրատ Առաքելյանը։   

 

Ինչ վերաբերում է այն մտահոգություններին, որ ասում են, թե ԵՄ-ն դեռ պատրաստ չէ ապրանքներ ընդունել Հայաստանից, Բագրատ Առաքելյանն ասաց, որ դա ծիծաղելի է «Եթե մենք ճիշտ քայլեր ձեռնարկենք, ապա հիմա ԵՄ-ի կողմից տրված է ֆանտաստիկ հնարավորություն, քանի որ ԵՄ-ն շահագրգռված է, որ Հայաստանը եվրոպամետ լինի, և կարողանան Հայաստանի հետ դաշինք ունենալ,  Հայաստանի հետ բազմաթիվ տնտեսական ծրագրեր իրականացնել»։


Ի դեպ, վարչապետն այսօր նաև հիշեցրել էր Բելառուսի նախագահի մի հայտարարություն, թե՝ ում է պետք Հայաստանը: «Հիմա մենք ցույց ենք տալիս, թե ում ենք պետք»,- ասել է վարչապետը։


Բագրատ Առաքելյանն այս առնչությամբ ասաց, որ Բելառուսի նախագահը նախկինում կոլխոզի նախագահ է եղել, և այդ մտածելակերպը նրա մոտ մնացել է՝ այդ մարդը որևէ ինտելեկտուալ պրոգրես չի ապրել, այնպես, ինչպես որ ինտելեկտուալ պրոգրես չեն ապրել Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։


Խոսելով նաև ընդդիմության մասին, որոնք ոչ մի կերպ չեն հաշտվում այն մտքի հետ, որ մի օր Հայաստանը կարող է դուրս գալ ԵԱՏՄ-ից և գնալ դեպի ԵՄ, և շատերը կարծում են, որ իրենք հենց այդ օրակարգով են գնալու ԱԺ, Բագրատ Առաքելյանն ասաց «Նրանք սխալվեցին այն հարցում, որ Հայաստանի ժողովուրդը կարող է իրենց սատարել, և իրենք կարող է լինեն մեծամասնություն և իշխանության գալ, այդ նույն ձևով իրենք հիմա էլ են շփոթվում։ Իրենք սխալվում են, եթե կարծում են, որ հիմա ԵՄ-ի հետ կապված այդ հանրաքվեի անցկացման դեպքում այսօր դեռ կկարողանան Հայաստանի ժողովրդին համոզել, թե՝ գիտեք ինչ, առանց Ռուսաստանի թուրքերը ձեզ կուտեն, Եվրոպան ձեզ տեր չի կանգնելու, դուք ոչ մեկին պետք չեք, ձեր ապրանքնենրն էլ փտելու են, ոչ մեկը ոչ մի բան չի առնելու, դուք էլ սովից մեռնելու եք։ Այ դա է իրենց մտածելակերպը»։


Բագրատ Առաքելյանի խոսքով՝ ընդդիմությունը շատ սթափ գիտակցում է, որ երբ մենք ԵՄ-ի հետ ավելի սերտ հարաբերությունների մեջ մտնենք և հենց որ առաջին շահույթները ստանանք, ոչ մի հանրաքվեի և Ռուսաստանի հետ մնալու ոչ մի հնարավորության մասին այլևս խոսք չի կարող լինել, քանի որ Հայաստանի ժողովուրդը կտեսնի, թե ինչ տնտեսական ու քաղաքական օգուտներ կստանանք, ինչ անվտանգային հնարավորություններ կստանանք ԵՄ-ի հետ համագործակցությունից։ Ի հավելումն Բագրատ Առաքելյանն ասաց, որ ներկայիս, այսպես կոչված, ընդդիմությունը Հայաստանը չի ներկայացնում, նրանք Ռուսաստանը ներկայացնող ուժեր են, որոնք քվեներ են ստացել և մանդատները սիրով վերցրին, որպեսզի գան և ԱԺ-ի աշխատանքները փորձեն տապալել, ինչը չի ստացվի։ 


Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան