«Ozon»-ի և Wildberries-ի պահեստային հզորությունները կտեղափոխվեն նաև Ղազախստան

Ռուսաստանն ու Ղազախստանը դեռևս մինչև Ուկրաինայի կողմից ռուսական պահեստների և լոգիստիկ ենթակառուցվածքների վրա իրականացված հարձակումները սկսել էին և շարունակում են առցանց առևտրի հարթակների ինտեգրման գործընթացը։


ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, պատասխանելով Ղազախստանում ռուսական ընկերությունների պահեստային հզորությունների տեղակայման հնարավորության վերաբերյալ հարցին, նշել է, որ այդ թեման եղել և շարունակում է մնալ երկու երկրների տնտեսական օրակարգում։


«Այս հարցը մեր տնտեսական օրակարգում էր դեռևս մինչև Կիևի կողմից պահեստների և լոգիստիկ հանգույցների վրա իրականացված հարձակումները»,- ասել է նա։


Գալուզինի խոսքով՝ «Ozon» և Wildberries առցանց հարթակներում արդեն գրանցված են հարյուր հազարավոր ղազախստանցի մատակարարներ։


Փոխարտգործնախարարի գնահատմամբ՝ Ռուսաստանի և Ղազախստանի համագործակցությունը հիմնված է բազմադարյա ընդհանուր պատմության, աշխարհի ամենաերկար ընդհանուր սահմանի և խոր տնտեսական կապերի վրա։ Նա հավելել է, որ կոնկրետ ծրագրերի մանրամասների վերաբերյալ անհրաժեշտ է դիմել համապատասխան ընկերությունների ներկայացուցիչներին։