Թույլ չտալ, որ պորտալարը վերջնականապես կտրվի. Ընդդիմությանն իջեցված խիստ հրահանգն ու առաջիկա անելիքները

Հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները հարկավ պետք է ստիպած լինեն խորհրդարանական ընդդիմությանը վերախմբագրել, վերանայել նախորդ գումարման ԱԺ-ում իր կողմից շրջանառած թեզերը, քարոզչական նարատիվներն ու ձերբազատվել այսպես ասած՝ «զահլահան արած» խոսույթից ու բառամթերքից՝ «դավաճան», «հողատու»,  «թրքահաճ», «Ալիևի կամակատար»  և այլն, և այսպես շարունակ։ Պետք է որ։ Հուսանք ու հուսադրվենք։ Նորընտիր խորհրդարանի անդրանիկ նիստին, ինչպես հայտնի է, ոչ ֆորմալ պայմանավորվածություն ձեռք բերվեց կառավարող ուժի և ընդդիմության միջև՝ որդեգրել կառուցողական կեցվածք խորհրդարանական քննարկումների ժամանակ, զերծ մնալ վիրավորական խոսույթից, մի խոսքով՝ չիջեցնել բարեկրթության նշաձողը՝ դրանից բխող հետևանքներով՝ պատգամավորների կողմից իրար ուղղությամբ նետվող ջրի շշեր, բռունցքներին տված ազատություն, քֆուր-քյաֆար, մազքաշոցի և այսպես շարունակ։

    

Ինչպես խորհրդարանի անցած մի քանի օրերի աշխատանքներն են  ցույց տալիս՝ նորացված ու նոր բրենդի ներքո հանդես եկող ընդդիմությունը մեկումեջ շեղումներով, բայցևայնպես աշխատում է չանցնել բարեկրթության ու հանդարտ տոնի սահմանները։ Թու, թու, թու՝ ինչպես ասում են։ Հուսանք՝ հետայսու էլ նույն վարքագիծը կցուցաբերի ու չի ստիպի հիշել ժողովրդական հայտնի ասացվածքը՝ «կարմիր կովն իր կաշին չի փոխի», «էշին որքան էլ ներկես՝ արաբական ձի չի դառնա» և ամենադաժանն ու հիասթափեցնողը՝ «շան հետ ընկերություն արա, փայտը ձեռքիցդ մի գցիր»։ Ի դեպ, կենդանիների անուններ պարունակող ասացվածքներին ապավինելով՝ բնավ միտում չունենք վիրավորել որևէ սուբյեկտի։ Մենք մեղավոր չենք, որ ժողովուրդը մատնացույց է արել անասունների վարքը՝ ուսուցանելու, խորհուրդ տալու ասուններին՝ մանդատավոր, թե անմանդատ։ Ինչևէ։


Արդ, գանք հարցերի հարցին՝ ինչ օրակարգով ու առաքելությամբ է ընդդիմությունը խորհրդարան եկել։ Անխոս՝ իշխանափոխության, օ՛ր առաջ իշխանափոխության օրակարգով, քանի որ դա է կամքն այն արտաքին կենտրոնի, որի անթաքույց հովանավորությամբ ու ցուցումով էլ խորհրդարան անցած երկու ուժերը մտել էին կատաղի պայքարի մեջ։ Նախորդ՝ 44-օրյա պատերազմից հետո ձևավորված  խորհրդարանի առաքելությունը ևս իշխանափոխությունն էր, որը գլուխ բերելու համար ընդդիմությանն իջեցված քարոզչական նարատիվները վերաբերում էին հենց 44-օրյա պատերազմին ու հետպատերազմական զարգացումներին՝ ընդհուպ մինչև Լեռնային Ղարաբաղի հայաթափում և հանձնում՝ խաղաղապահների թեթև ձեռամբ։ Ընդդիմության գերխնդիրը այս և ածանցյալ բոլոր արհավիրքների թիվ մեկ մեղավոր ու պատասխանատու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կարգելն էր՝ ապացուցելու ՌԴ-ի, դրա նախագահ Վլադիմիր Պուտինի անմեղությունն ու զրո պատասխանատվությունը դաշնակից երկրին պատուհասած հիշյալ փորձանքներում։  Նիկոլ Փաշինյանից  բացի՝ մեղավոր էին նաև ԵՄ-ն,  Էմանուել Մակրոնը, Ջո Բայդենը, Օլաֆ Շոլցը, Շառլ Միշելը, Միշել Փֆայֆերը․․․ չէ, կներեք, վերջինը կարծես չկար մեղավորների մեջ, քանի որ նա հոլիվուդյան դերասանուհի է։

Նախորդ գումարման խորհրդարանի ընդդիմությունը, ինչպես ասում են, լավից վատից, ձեռքից եկածի, ունեցած բարոյականության ու տաղանդի չափով լծվեց այդ օրակարգի սպասարկմանը, ընդհուպ երկու անգամ՝ մի անգամ անձամբ, մյուս անգամ՝ միջնորդավորված, փողոցային պայքար նախաձեռնեց, մի քանի անգամ էլ՝ իմպիչմենթի գործընթաց, սակայն կատարյալ ֆիասկո արձանագրեց։ Թե ինչպիսի՝ հոլիվուդյան մակարդակի կինո էր ցույց տալիս ընդդիմությունը նախորդ խորհրդարանում ու փողոցում,  ինչպիսի էքսպրեսիա՝ սեփական երկրի դեմ ցուցմունքներ տալիս, հայտնի է շատերին։ Եվ եթե այդ շատերի մեջ լիներ նաև Միշել Փֆայֆերը, ապա հաստատ կնախանձեր հայրենի ընդդիմադիրներին։ Բայց խնդիրն այն է, որ ընդդիմությունը, իշխանափոխության օրակարգը ոտքին գցելուց բացի,  չկարողացավ նաև մաքրել Պուտինի անունը, ավելին՝ Հայաստանում ռուսաստանաֆոբիան, ավելի ճիշտ՝  պուտինաֆոբիան բարձրացրեց մի այլ՝ բարձր մակարդակի, ինչի հետևանքով էլ, ըստ էության, ռուսական հովանավորություն ունեցող ընդդիմությանը չհաջողվեց բավարար քվեներ ստանալ՝ կյանքի կոչելու այդքան թախանձելի իշխանափոխությունը։  


 Ընդդիմության «խաղը» նախորդ խորհրդարանում, հիշեցնենք, ավարտվեց խաղաղության համաձայնագիրը  նախաստորագրելու, Եվրոպական համայնքի՝ ՀՀ-ում տեղի ունեցած գագաթնաժողովի, ԹՐԻՓՓ-ի շրջանակային համաձայնագիրը ստորագրելու «էպիզոդում»։ Իշխանությունը վերցնել չկարողացած ու ՌԴ նախագահի ակնկալիքներն ի չիք դարձրած ընդդիմությունն այժմ նոր ու ավելի ծանր առաջադրանքի առաջ է կանգնած։ Իշխանափոխության թեմատիկան էլ  9-րդ գումարման խորհրդարանում այլ է  լինելու՝ ԵՄ, թե՞ ԵԱՏՄ, ԹՐԻՓՓ, խաղաղության գործընթաց, ՀՀ Սահմանադրության բարեփոխումներ։ Ընդդիմության խնդիրն է  տորպեդահարել ՀՀ-ի՝ ԵՄ անդամակցության հեռանկարը, մատնացույց անելով ԵԱՏՄ-ՀՀ հարաբերություններում վերջին շրջանում ի հայտ եկած լարվածությունը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալը ներկայացնել որպես  ՀՀ տնտեսության անշնչացման, կոլապսի «երաշխիք»։ ԹՐԻՓՓ-ի գծով էլ ընդդիմությունն ահռելի անելիք ունի՝ զբաղվել ՌԴ-ի «լոբբինգով»՝ մասնավորապես քարոզչական դաշտում «եփելով»  այն նարատիվը, թե՝ նախագիծը միայն կշահի, եթե Ռուսաստանը դրանում մասնակցություն ունենա։ ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը դեռ ամիսներ առաջ է իջեցրել «սպռավոչկան»։  Իսկ եթե ՌԴ-ն մասնակցություն չի ունենալու հայ-ամերիկյան այդ նախագծում, ապա պետք է այն անվանարկել  մեկ այլ նարատիվով՝ «ԹՐԻՓՓ-ը ոչ թե տնտեսական ծրագիր է, այլ՝ հարևան Իրանին լրտեսելու օպերացիա»։


Կարճ ասած՝ գործող խորհրդարանի գլխավոր անելիքը մեկն է լինելու՝  ամեն ինչ անել, որպեսզի վերջնականապես չկտրվի ՀՀ-ի պորտալարը ՌԴ-ից, քանի որ ՌԴ-ն ի վիճակի կլինի համակերպվել իրենից պոկված ու պոկվելու բերումով թուլացած, խոցելի Հայաստանի ճակատագրին, իսկ իրենից կտրված ու դեպի ԵՄ գնացող, զարգացման իր հեռանկարը սեփական ուժերով, ինքնուրույն  կերտող Հայաստանի լինելիության հետ՝ ոչ մի կերպ ու ոչ մի դեպքում։ 9-րդ գումարման խորհրդարանական ընդդիմության անելիքը հենց երկրորդ զարգացումը թույլ չտալն է՝ համապատասխան պահին «марш», «за работу» հրահանգը ստանալուց հետո։ Ոնց գցում-բռնում ենք՝ այդ հրահանգը կտրվի ԱԺ-ի վերջնական ձևավորումից հետո։     


Հեղինե Մանուկյան