ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ-ի նախագահ Մուհամեդ բին Զայեդ ալ Նահյանի հետ։
Կրեմլի հաղորդմամբ՝ երկու երկրների ղեկավարները հանգամանալից քննարկել են Պարսից ծոցի տարածաշրջանում տիրող իրավիճակը՝ ընդգծելով լարվածության կարգավորման շուրջ հնարավորինս արագ պայմանավորվածությունների ձեռքբերման կարևորությունը՝ հաշվի առնելով տարածաշրջանի պետությունների օրինական շահերը։
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը նաև կարծիքներ են փոխանակել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
Կրեմլից հայտնել են, որ Պուտինը շնորհակալություն է հայտնել ԱՄԷ-ի ղեկավարությանը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմագերիների և պահվող անձանց փոխանակման կազմակերպմանն աջակցելու համար։
Ըստ հաղորդագրության՝ հեռախոսազրույցը կրել է կառուցողական և բարեկամական բնույթ, իսկ կողմերը վերահաստատել են ռուս-էմիրաթական բազմակողմ համագործակցության հետագա զարգացման հարցում փոխադարձ շահագրգռվածությունը։