Առաջիկա օրերին Հայաստանում ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է մթնոլորտի շրջանառության էական փոփոխություն. այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակված տեսանյութում հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։


«Oգոստոսի 8-ին և 9-ին մինչև երեկո հանրապետությունը կշարունակի գտնվել հարավային շրջաններից ներթափանցող տաք օդային հոսանքների ազդեցության գոտում։ Հանրապետության ողջ տարածքում կպահպանվի առանց տեղումների եղանակը»,-նշել է նա:


Օգոստոսի 9-ի երեկոյան ժամերից, օգոստոսի 10-ին և 11-ին Հայաստանը կհայտնվի Սև ծովից ներթափանցող ցիկլոնի ազդեցության գոտում։ Այն իր հետ կբերի զովություն և խոնավություն։


«Օգոստոսի 9-ի երեկոյան ժամերից, օգոստոսի 10-ին և 11-ին հանրապետության առանձին հատվածներում սպասվում են ամպրոպային բնույթի անձրևներ։ Առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ»,-ասել է Սուրենյանը, հավելելով, որ օդի ջերմաստիճանը օգոստոսի 10-ին և 11-ին օգոստոսի 9-ի համեմատ կնվազի 4-6 աստիճանով։