Երբ եկեղեցին պահանջում էր վարչապետի հրաժարականն ու մարդկանց փողոց հանում, ընդդիմությունն ամոթի ու խայտառակության զգացում չունե՞ր

Նորընտիր խորհրդարանի «ուժեղ» հատվածում՝ որտեղ հանգրվանել է «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը, հառաչ, հոգոցներ էին հնչում ամոթի մասին։ Բայց ոչ թե սեփական ամոթի մասին, որը հարկավ պետք է ի հայտ գար այն գիտակցումից, որ հիշյալ խմբակցությունը ձևավորվել է ընտրակաշառքի, ընտրողներին 300 հազար ադրբեջանցիների վերադարձի մասին կեղծիքով ահաբեկելու գնով, այլ․․․․այն ամոթի, որի պատճառը կաթողիկոսին ու ևս  6 հոգևորականների դատարանի առաջ կանգնեցնելն է։ Օգոստոսի 7-ին, հիշեցնենք, տեղի ունեցավ այս գործով նախական դատական լսումները եւ դատական պրոցեսը եկեղեցու պաշտպանությանը զինվորագրված ընդդիմությունը որոշել էր շոուի վերածել՝  լցնելու իր սնանկ օրակարգը։ (Մասնավորապես Կտրիճ Ներսիսյանը մեղադրվում է պատժի սպառնալիքով արգելված, մեղավորությամբ կատարված այն արարքի համար, որ նա խոչընդոտել է օրինական ուժի մեջ մտած դատական այլ ակտի՝ «Հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը բավարարելու» վերաբերյալ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշման կատարմանը)։  

 

Հնչում են աղաղակներ առ այն, թե եկեղեցին ու պետությունն անջատ են, որ դատելով եկեղեցու գլխին՝ կաթողիկոսին ու հոգեւորականներին պետությունը կոպիտ միջամտում է սահմանադրորեն անկախ ինստիտուտի ներքին գործերին, ներխուժում եկեղեցու ներքին կյանք և «քրեականացնում Ամենայն Հայոց Կաթողիկոսի կանոնական իշխանության իրացումը»՝  բխեցնելով՝ այս ամենն ունի արտաքին պատվիրատու, որը, բնականաբար, Հայաստանի թշնամիներն են։  

 

Ընդդիմությունը, ի մասնավորի նաև ՈՒՀԿ-ը, սակայն, միտումնավոր շրջանցում է այն հանգամանքը, որ եկեղեցի-պետություն հարաբերությունների անջատ լինելու նկատմամբ առաջինը ոտնձգություն է իրականացրել հենց եկեղեցին։ Ընդդիմությունն այս հանգամանքի վրա, բնական է, զրո ուշադրություն կդարձնի ու անամոթաբար կշրջանցի, քանի որ ինքն էլ եկեղեցու հանդեպ աշխարհիկ իշխանությունը կատարված ոտնձգություններին տոն տվողն էր, մոլի աջակիցն ու ամենակարևորը՝ շահառուն։ Ընդդիմությունը, բնականաբար, անամոթաբար չի անդրադառնա այն հանգամանքին, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ավարտից հետո, երբ երկրում հետպատերազմական ցնցումներ էին ու վտանգված էր ՀՀ պետականությունն ու ազգային անվտանգությունը, պետությունից սահմանադրորեն անջատ ինստիտուտի գլխավոր գործող անձ Կտրիճ Ներսիսյանն ու նրա գիտությամբ այլ հոգևորականներ պահանջում էին ժողովրդի կողմից ընտրված իշխանության՝ վարչապետի հրաժարականը։ Նույն՝ «անժամանցելի» պահանջը այդ նույն գլխավոր գործող անձը վերահասցեագրեց նաև հետագայում՝ 2023-ին, իսկ 2024-ին փողոց հանեց ու օրհնեց իր արքեպիսկոպոսին, որը, հիշեցնենք, երկու տարի առաջ մոտավորապես  այս օրերին իր աջակիցների հետ պատրաստվում էր գրոհել այն շենքը, որտեղից «ուժեղները» լալահառաչ ելույթներ են ունենում ամոթի մասին։ Հիշեցնենք՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած շարժման աջակից ցուցարարները 2024-ի հունիսին հավաքվել էին ԱԺ շենքի մոտ։ Հավաքի ժամանակ ցուցարարներից մի քանիսը թռան Դեմիրճյան փողոցի մետաղյա ցանկապատի վրայով, ապա մյուսները տապալեցին ցանկապատը,  մտան այգի և այդ հատվածում բախվեցին ոստիկանական պատնեշին։ Ոստիկանությունը կիրառեց հատուկ միջոցներ ԱԺ շենքի ուղղությամբ գրոհած քաղաքացիներ նկատմամբ։

 

Հիմա այդ նույն շենքում ծվարած ուժեղները, որոնցից ոմանք հոգով, սրտով սատարում էին եկեղեցու բարձր սպասավորի առաջնորդած ու կրկնում ենք՝ կաթողիկոսի օրհնած շարժումը, ոմանք էլ ֆիզիկապես էին մասնակցում դրան, խոսում են եկեղեցու դեմ իրականացվող հետապնդումներից ու կաթողիկոս դատելուց։ Ու այս վերջինը՝ «ամոթ է»-ի, «խայտառակություն է»-ի համատեքստում։

 

Հիմա հարց «Նիկոլ Փաշինյանը խայտառակում է եկեղեցին ու պետությունը» աղաղակող, գոչող, ճչացող «ուժեղներին» ու ընդդիմադիր «կամանդային»՝ ում պատվեր էր իրականացնում իրենց պաշտպանյալ կաթողիկոսը՝ խախտելով սահմաանդրական նորմը, արհամարհելով պետությունից անջատ լինելու դոգման ու դիտավորությամբ ոտնձգելով աշխարհիկ իշխանության դեմ։ Պատվիրատուն ներսի՞ց էր, դրսի՞ց,  թե երկուսը համակցված։ Հնարավո՞ր է, որ պատվիրատուն այն նույն սուբյեկտն է, որը առատաձեռն է  հոգևոր ծառայություն իրականացնող Ներսիսյան եղբայրներին շքանշաններ շնորհելիս։

ՀՄ