Դեռևս 2013 թվականի սեպտեմբերի 28-ին հարուցված քրեական վարույթի նախաքննության ընթացքում հավաքված ապացույցներով հաստատվել է, որ ԻԻՀ և ՀՀ մի շարք քաղաքացիներ ՀՀ-ում գործող բանկին փոխանցված ընդհանուր 10 մլն 980 հզր եվրո գումարը խաբեության եղանակով հափշտակելու դիտավորությամբ, բանկի ղեկավարի և նրա տեղակալի հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ շրջանառության մեջ են դրել իբր ընկերությունների միջև կազմված փոխառության կեղծ պայմանագրեր և գրություններ:
Դրանց հիմքով բանկում պահվող հիշյալ գումարից 1 մլն եվրոն նախ 2012 թվականի օգոստոսի 1-ին փոխանցվել է հանցավոր խմբի անդամներից մեկի կողմից կառավարվող ընկերության հաշվին, որից հետո՝ ընկերության՝ բանկում բացված հաշվին։
Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից՝ նշելով, որ այնուհետև, շրջանառության մեջ դրված կեղծ փաստաթղթերի հիմքով վերոհիշյալ գումարի մնացած մասը՝ 9 մլն 980 հզր եվրո գումարը 2012 թվականի հոկտեմբերի 3-ին փոխանցել են իրենց հետ փոխկապակցված մեկ այլ ընկերության հաշվին, իսկ 2013 թվականի մարտին՝ ընկերության բանկային հաշվին, որից հետո գումարի մի մասը կանխիկացվել, իսկ մի մասը փոխանցվել է հանցավոր սխեմայում ներգրավված անձանց բանկային հաշիվներին, ինչի հետևանքով 2012 թվականի օգոստոսից մինչև 2013 թվականի մարտն ընկած ժամանակահատվածում վերոհիշյալ անձինք կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ, խարդախությամբ հափշտակել են առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 5 մլրդ 804 մլն 577 հզր ՀՀ դրամին համարժեք 10 մլն 980 հզր եվրո գումար, որի ծագման աղբյուրը և իրական բնույթը թաքցրել են՝ կատարելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում:
Դեռևս 2015 թվականի հունվարի 27-ին Վ.Մ.-ն, ինչպես նաև հանցավոր սխեմայում ներգրավված մյուս անձինք քրեական վարույթով ներգրավվել են որպես մեղադրյալներ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը), 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախությունը) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը) և նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
ՀՀ իրավապահ մարմինների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում շուրջ 11 տարի հետախուզման մեջ գտնվող Վ․Մ․-ն հայտնաբերվել և ձերբակալվել է ՌԴ-ում, իսկ 2026 թվականի հունիսի 18-ին արտահանձնվել է ՀՀ։
Նախաքննության ընթացքում նշված հոդվածներով Վ․Մ․-ի նկատմամբ հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը:
Վ.Մ.-ի վերաբերյալ քրեական վարույթի մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:
Նշված հանցավոր սխեմայում ներգրավված Ա․Կ․-ի և Մ․Ե․-ի վերաբերյալ քրեական վարույթը դեռևս 2014 թվականին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, որի արդյունքում վերջիններս դատապարտվել են ազատազրկման։