ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալն ավարտել է Կոլումբիայի համալսարանը. Վարչապետի նոր նշանակումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օգոստոսի 10-ի որոշմամբ Վահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ:


Վահան Միսակյանը Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում ճարտարապետի որակավորում ստանալուց հետո կրթությունը շարունակել է Կոլումբիայի համալսարանում (ք. Նյու Յորք, ԱՄՆ)՝ ստանալով մագիստրոսի աստիճան երկու մասնագիտություններով:


 Նա, հետևելով ՀՀ վարչապետի կոչին, դիմել էր ներառվելու կառավարության կադրային բանկում. Նիկոլ Փաշինյանը, ինչպես հայտարարել էր, արտերկրում կրթություն ստացած մասնագետներին նշանակում է բարձր պաշտոնների:


«Արմենպրես»-ը ներկայացնում է Վահան Միսակյանի կենսագրությունը:


Վահան Մաքսիմի Միսակյան

Ծնվել է 1986 թ. մայիսի 3-ին Հայաստանում:


Կրթություն


2003–2009 թթ. սովորել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի (ներկայիս՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան) ճարտարապետության ֆակուլտետում՝ ստանալով ճարտարապետի որակավորում:


2009–2011 թթ. սովորել է նույն համալսարանի ասպիրանտուրայում:


2011–2012 թթ. կրթություն է ստացել Կոլումբիայի համալսարանի (ք. Նյու Յորք, ԱՄՆ) ճարտարապետության, պլանավորման և պահպանության ֆակուլտետում՝ ստանալով գիտությունների մագիստրոսի աստիճան «Առաջադեմ ճարտարապետական նախագծում» մասնագիտությամբ:


2012–2014 թթ. Կոլումբիայի համալսարանի նույն ֆակուլտետում ստացել է գիտությունների մագիստրոսի երկրորդ աստիճանը «Քննադատական, համադրողական և հայեցակարգային գործունեություն» մասնագիտությամբ:


Աշխատանքային գործունեություն


2014–2015 թթ. ԱՄՆ Նյու Յորք քաղաքում աշխատել է որպես ճարտարապետ «Ստուդիո Էմ Դի Էյ» ընկերությունում:


2014–2015 թթ. ԱՄՆ Նյու Յորք քաղաքի Կոլումբիայի համալսարանում եղել է ճարտարապետության, պլանավորման և պահպանության հրավիրյալ և ասոցացված դասախոս:


2018–2020 թթ. ԱՄՆ Մինեապոլիս քաղաքի Մինեսոտայի համալսարանում ստանձնել է ճարտարապետության «Քես Գիլբերտ» անվանական դասախոսի պաշտոնը, հանդիսացել ղեկավար խորհրդի անդամ՝ մագիստրոսական ծրագրում մշակելով և դասավանդելով քաղաքաշինության, ճարտարապետական նախագծման և տեսության դասընթացներ:


Վերադառնալով Հայաստան՝ 2015–2018, ապա 2020–2026 թթ. նախաձեռնել է անկախ նախագծահետազոտական գործունեություն (vahanmisakyan.com)՝ ծավալելով աշխատանքներ հետևյալ ուղղություններով.


«Ամպ» արվեստանոցի շրջանակում (ampstudio.am) իրականացրել է ճարտարապետական և քաղաքաշինական նախագծեր, Երևանի պատմական քաղաքային հյուսվածքի կառուցվածքային հետազոտություններ, որոնց հիման վրա մշակված և հետագայում զարգացված նախագիծը «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական վերակենդանացման մրցույթի երկու փուլերում էլ (2022 և 2024 թթ.) ճանաչվել է հաղթողներից մեկը, Հիմնադրել է «Էքս-քոմոնս» հարթակը (x-commons.com)՝ ձևավորելով միջազգային բաց համագործակցային ցանց և իրականացնելով հետազոտություններ համընդհանուր, անշոշափելի ենթակառուցվածքների, կառուցված ու երևակայական միջավայրերի հատման տիրույթում՝ ցուցահանդեսների, ֆորումների և հրապարակումների ձևաչափով, Նախագծել և առաջնորդել է «Հսկվող քաղաքների լաբորատորիայի» (surveillantcity.org) հետազոտական աշխատանքները՝ իրականացնելով քաղաքային միջավայրերի թվային, վերահսկողական ու ենթակառուցվածքային էվոլյուցիայի տարածական հետազոտություններ, մշակելով համակարգչային տեսողության և մեքենայական ուսուցման աշխատանքային հոսքեր, ինչպես նաև հրապարակելով մասնագիտական շտեմարաններ:


Լրացուցիչ տվյալներ

Հեղինակած հոդվածները, նախագծերն ու հետազոտությունները հրապարակվել են միջազգային մասնագիտական պարբերականներում ու գրքերում, ներկայացվել գիտաժողովներում, արժանացել մասնագիտական մի շարք մրցանակների:

Հայաստանի ճարտարապետների պալատի անդամ է:

Տիրապետում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներին:


Կուսակցական պատկանելություն

Անկուսակցական է: