Ամենայն հայոց կաթողիկոսը դատարանի առա՞ջ, ամոթ, ցավ և խայտառակություն է, ինչպե՞ս կարելի է նման ստոր, սրիկա քայլ անել՝ ոտնձգելով հայոց եկեղեցու դեմ, խառնվել այդ՝ ազգապահպան ու հայրենափրկիչ առաքելություն իրականացրած կառույցի ներքին գործերին, չէ՞ որ կաթողիկոսը, իմա՝ եկեղեցին, անձեռնմխելի է՝ սահմանադրորեն անջատ պետությունից։ Ահա այսպիսի՝ ամոթի ճիչեր, բարոյախրատական աղաղակներ էին հնչում անցած մի քանի օրերին եկեղեցու, ավելի ստույգ՝ Գարեգին Բ-ի փաստաբանությունը ստանձնած ընդդիմադիր գործիչների շուրթերից, այդ թվում՝ խորհրդարանական ընդդիմության։ Սպասելի էր, որ մարդկանց փողոց դուրս բերելու «մահանայի» կարիք ունեցող ընդդիմությունը պետք է շահարկի այս մաքուր իրավական, զրո քաղաքական բաղադրիչ ունեցող գործընթացն ու փորձի անգամ լոկալ բողոքը գեներացնել քաղաքական պայքարի։ Առաջին փորձից, ինչպես ասում են, չստացվեց՝ նախօրեին տեղի ունեցած դատական նիստի ժամանակ հավաքված բազմությունը «կեցցե, իսկական հայ մարդ» մկրտեց սույն գործով դատավորին, որը ինքնաբացարկ հայտնեց, դատական նիստից հետո էլ Մայր աթոռում Գարեբին Բ-ի օրհնությունը ստանալուց հետո ցրվեց տներով, բայց, ինչպես ասում են, ամեն ինչ դեռ առջևում է։ Սպասենք դատական հաջորդ նիստերին ու դրանք քաղաքական նպատակով օգտագործելու մյուս արարներին։
Հիշեցնենք՝ նախորդ ուրբաթ, երբ պետք է տեղի ունենար Գարեգին
Բ-ի և ևս 6 հոգևորականների գործով դատական նիստը, «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը
որոշեց իր ձեռքից եկածի չափով քաղաքականացնել պրոցեսը՝ ընդհուպ չխորշեց, այսպես ասած,
հարամել Արամ Վարդևանյանի թեկնածությունը ԱԺ
փոխնախագահի պաշտոնում քննարկելու պրոցեսը։ Ասել կուզի՝ ԱԺ նիստին մասնակցելու պարտականությունը
կատարելու փոխարեն նախընտրեց մասնակցել մեկ
այլ նիստի՝ կաթողիկոսի ու 6 հոգևորականների գործով դատական նիստին։ Ի դեպ՝ խմբակցության
ղեկավարի ու մի քանի պատգամավորի մասնակցությամբ
հաջակցություն «դատվող կաթողիկոսի»
դատարանի բակ էին շտապել նաև «Հայաստան» խմբակցության անդամներից ոմանք, ինչպես
նաև նախկին ընդդիմադիր ՊՈՒ խմբակցության ղեկավարն ու ՀՀԿ որոշ անդամներ։ Իրավական գործընթացից քաղաքական շոու ստանալու, «պուբլիկա» ապահովելու
նրանց ջանքերը, սակայն, հաջողությամբ չպսակվեցին։ Գուցե պատճառը, ինչպես միշտ, եղանակային պայմաններն էին՝ վառող արևն ու սաստիկ
շոգը։ Հետևապես դատարանի բակում հավաքված ԶԼՄ-ների
կամերաների առաջ «աննախադեպ խայտառակություն է»,
«ամբարիշտ իշխանությունն այն աստիճան է կորցրել իրեն, որ խառնվում է եկեղեցու
ներքին գործերին՝ ոտնձգելով իրենից անջատ ինստիտուտի ինքնավարությանը», «դարձել ենք օտարի թելադրանքով կաթողիկոս դատող
երկիր», արևաճաճանչափայլ հայտարարություններից բացի՝ այլ նշանակալից քայլեր նրանց կողմից չարվեցին։
Էստեղ են ասել՝ հլը մի րոպե, էլի, ընկերներ, ստոպ, «ռեկլամնայա պաուզա»։ Ինչպես սիրում
է ասել Ներսիսյան եղբայրների՝ Գարեգին Բ-ի
և Եզրաս արքեպիսկոպոսի վաստակը գնահատող ու պարգևատրող ՌԴ նախագահ Պուտինը՝ եկեք զատենք ճանճերը կոտլետներից։
Եթե ոչ ամոթ ու խայտառակություն, ապա ի՞նչ է, երբ եկեղեցին է խառնվում իրենից անջատ
ինստիտուտի՝ քաղաքական իշխանության ներքին գործերին։ Դիցուք՝ պահանջում է Նիկոլ Փաշինյանի
հրաժարականը, փողոց հանում իր հոգևորականին, ավելին՝ ահաբեկչական ակտ պլանավորում,
իշխանությունը զավթելու կոչ անում։ Որևէ ընդդիմադիր գործչի կողմից երբևէ լսվե՞ց կոչ
ու առարկություն այն օրերին, երբ Գարեգին Բ-ն ու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ
Ա-ն էին խառնվում պետության ներքին գործերին՝ պահանջելով վարչապետի հրաժարականը։ Անշուշտ՝
ոչ, քանի որ եկեղեցին ու քաղաքական իշխանությունը միաձույլ էին աշխատում, որպես իրարից
անջատ կառույցներ, բայց մեկ միասնական օրակարգով։
Նաթան արքեպիսկոպոսն, օրինակ, դատական նիստից հետո լրագրողների
հետ ճեպազրույցում ազդարարեց, թե որևէ քաղաքական կուսակցություն՝ ի մասնավորի ՔՊ-ն,
իրավունք չունի եկեղեցու ներքին հարցերին միջամուխ լինելու։ Իսկ կառավարող ուժը, որը
եկեղեցուն մեղադրում է քաղաքական հարցերում ընդգրկված լինելու մեջ, «իր նախընտրական քաղաքական պլատֆորմում դնելով եկեղեցու հարցը՝ իրենք
են եկեղեցին ներքաշում քաղաքականություն»։ Կուռ տրամաբանություն է, ինչ խոսք, բայց
Նաթան արքեպիսկոպոսը, կարծես, դեպքերի խրոնոլոգիան խառնել է՝ հետուառաջ անելով դրանց
ընթացքը։ Կառավարող ուժի քաղաքական պլատֆորմում եկեղեցու հարցը հայտնվեց միայն այն
բանից հետո, երբ մայր եկեղեցին իր բոլոր շոշափուկներով,
իր առանձին դերակատարներով՝ արքության պատիվ ստացած եպիսկոպոսների մասնակցությամբ ու
շուրթերով, իր հանապազօրյա անելիքը համարեց իշխանափոխությանը մասնակից լինելը՝ դնելով քաղաքական իշխանության օր շուտ հեռացումի հարցը։
Ի դեպ, այն, որ կաթողիկոսը ներգրավված է եղել, ավելին՝ ուղիղ ցուցում է տվել իր ենթակայությամբ
գործող հոգևոր դասին մասնակցել ընդդեմ Փաշինյանի ընդդիմադիր հավաքներին՝ բացահայտվեց
ժամանակ առաջ հրապարակված ձայնագրության միջոցով։ Դրանում, հիշեցնենք, նույն Նաթան
արքեպիսկոպոսը զրուցում է հոգևորականներից մեկի հետ, որն էլ վկայում է կաթողիկոսի՝
իրեն նման հորդոր հղելու մասին։ Թե՝ «ինչու մորդ չես վերցնում, գնում Նիկոլի դեմ ցույց
անում»։ Ի դեպ, երբ նույն Նաթան սրբազանին
հարցրինք՝ արդյոք այս ձայնագրությունը, ինչպես նաև Բագրատ Գալստանյանի վկայությունը,
թե՝ սրբազան շարժումը առաջնորդում է կաթողիկոսի գիտությամբ և օրհնությամբ, անառարկելի
ապացույցներ չե՞ն եկեղեցու՝ ամենաբարձր մակարդակով քաղաքականության մեջ ներքաշված լինելու,
ժողովրդի կողմից ընտրված քաղաքական իշխանության հրաժարականը պահանջելու մասին, հարցի
հասցեատերը այսահարվեց՝ նետելով․ «Ո՜չ, ոչ, հենց էդպես»։ Ճշտմանը՝
ինչպե՞ս կհիմնավորի իր «ոչ»-ը, հնչեց արձագանք՝ «ոնց որ դուք չեք հիմնավորում, այդպես
էլ ես չեմ հիմնավորում»։ Հիմնավորելու հավելյալ կարիք, ըստ էության, չկա։ Երբ եկեղեցու
որևէ սպասավոր նախահարձակ է լինում քաղաքական իշխանության հանդեպ ու իր «կարգազանց
ընթացքի» համար չի պատժվում, ուրեմն նրա այդ հանդգնությունը վայելում է իր վերադասի
հավանությունն ու օժանդակությունը։ Պարզապես
պետք է արձանագրել՝ ազգային ողբերգություն
է, երբ եկեղեցին իր հավատավոր հոտի, այդ հոտի կողմից ընտրված քաղաքական իշխանության
ու ընդդիմադիր հատվածի «մերանը» լինելու իր առաքելությունը կատարելու փոխարեն դառնում
է կողմ, ընդ որում՝ ապակառուցողական փոքրամասնության։
Եկեղեցին
ու ընդդիմությունը դրդում են ինքնադատաստանի՞
Վերադառնալով
«կաթողիկոս դատելու» գործընթացին՝ մի քանի դիտարկում. իշխանությունը, մասնավորապես՝
դատական, փաստորեն, եկեղեցու և ընդդիմության
կողմից մեղադրվում է իր պարտականությունները կատարելու մեջ։ Այն է՝ մարդու, տվյալ դեպքում՝
եկեղեցու սպասավորի, մասնավորապես՝ Մասյացոտնի թեմակալ առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի իրավունքին առնչվող
գործառույթ իրականացնելու համար։ Աբսուրդի բոլոր թատրոններն այս պահին երևի թե դադարեցրին
իրենց ներկայացումները՝ հաջակցություն Հայաստանում ընթացող «կաթողիկոս են դատում» վերնագրով
ներկայացման, դրա բեմադրիչ ռեժիսորի և դերասանական
կազմի վիրտուոզ խաղի։ Անտեղյակների համար հատուկ
պարզաբանենք՝ եկեղեցու բարենորոգման գործընթացին, եկեղեցու դիտանկյունից՝ Գարեգին Բ-ին
դավաճանած ու Նիկոլ Փաշինյանի կողմն անցած և այդ հանգամանքի բերումով պատժված՝ թեմի
առաջնորդությունից հեռացված, ապաև՝ կարգալույծ հռչակված Գևորգ եպիսկոպոսը ս․թ․ հունվարին որոշել էր
իր խախտված իրավունքը վերականգնելու համար դիմել դատական պաշտպանության՝ դատարանից հայցելով անվավեր ճանաչել հայցվորին Մասյացոտնի
թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու մասին Գարեգին Բ-ի հայրապետական տնօրինությունը՝ որպես հետևանք հայցվորին
վերականգնելով Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում: Դատարանն էլ բավարարել էր հայցադիմումի միջնորդությունն
ու պարտավորեցրել պատասխանողին և այլ անձանց առանց խոչընդոտի ապահովել Սարոյանի պաշտոնավարումը
Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում մինչև գործով եզրափակիչ դատական ակտ կայացնելը:
Դատարանը նաև արգելել էր պատասխանողին և այլ անձանց իրականացնել որևէ գործողություն
Եկեղեցու կանոնադրությամբ սահմանված համապատասխան իրավասություններն ու պարտականությունները։
Այս քաղաքացիական գործը, որը բացառապես մարդու խախտված իրավունքը վերականգնելու համատեքստ
ունի, սակայն, ձեռք բերեց քրեական համատեքստ, քանի որ ս․թ․ հուլիսին ՀՀ քրեական դատարանը վարույթ է ընդունել
դատախազության մեղադրական եզրակացությունը, ըստ որի՝ Գարեգին
Բ-ն մեղադրվում է պատժի սպառնալիքով արգելված, մեղավորությամբ կատարված արարքի համար, այն է՝ իր ծառայողական լիազորություններն
օգտագործելով՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի՝ «Հայցի ապահովման միջոց կիրառելու
մասին միջնորդությունը բավարարելու» վերաբերյալ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության
դատարանի որոշումը կատարելուն խոչընդոտելու
համար։ Կարճ ասած՝ դատարանի որոշման վրա թքած ունենալու և Գևորգ եպիսկոպոսին կարգալույծ հռչակելու համար։
Ահա այս հանգամանքն էլ՝ դատախազության բողոքը, եկեղեցին ու դրա «քաղաքական ֆան քլաբի» ներկայացուցիչները որակում
են ամոթ ու խայտառակություն՝ թքած ունենալով այն հանգամանքի վրա, որ չի կատարվել դատարանի
որոշումը։ Այն դատարանի, որտեղ, ի դեպ, իր խախտված իրավունքները տարբեր ժամանակներում
վիճարկում են նաև Հայաստանյայց առաքելական եկեղեցին՝ ինքը՝ Մայր Աթոռը, և դրա տարբեր
ներկայացուցիչներ։ Եկեղեցու պաշտպանությունը ստանձնած քաղաքական փարիսեցիներին, արդ,
առաջարկում ենք այցելել «Դատալեքս» հարթակ
և աչքի անցկացնել այն՝ տարբեր ժամանակներում դատարան ներկայացված, մի քանի տասնյակի
հասնող հայցերը, որոնք Մայր Աթոռը ներկայացրել է տարբեր պահանջներով։ Մասնավորապես
2026-ին եկեղեցին հայցեր է ներկայացրել «կաթողիկոսին դավաճանած ու ճամբարափոխ» հոգևորականներ
Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանա Արամայիս
Թախմազյանի՝ տեր Թադեի, Հովհաննավանքի քահանա Ստեփան Ասատրյանի՝ տեր Արամի դեմ։ Առաջինից՝
տեր Թադեից, եկեղեցին պահանջում է վերադարձնել եկեղեցին՝ բանալիներից մինչև եկեղեցու
որոշ հատվածներ մուտք գործելու արգելք, երկրորդից՝ եկեղեցուն պատկանող բնակարանի բանալիներն
ու վտարել նրան այդտեղից։ Եկեղեցու այս երկու սպասավորները՝ ՀՀ քաղաքացիներ, իրենց
հերթին են դիմել դատական պաշտպանության, գտնելով, որ խախտվել է իրենց իրավունքը։
Հիմա
հարց՝ Հայաստանում, որտեղ խախտված իրավունքը վիճարկելու, օրենքի խախտումը վերացնելու
միակ ատյանը դատարանն է, ուրիշ ի՞նչ եղանակով պետք է պաշտպանել օրենքն ու իրավունքը։
Դիմել ինքնադատաստանի՞, թե՞ քրեական հեղինակությունների աջակցությանը։ Երբ եկեղեցին
է դատի տալիս որևէ պետական մարմնի, ասենք՝ Էջմիածնի քաղաքապետարանին, Պետական եկամուտների
կոմիտեին, մասնավոր ընկերությանը և կամ իր համայնքի ներկայացուցչին՝ նորմալ, տրամաբանական,
գովելի, նույնիսկ՝ խրախուսելի քայլ է։ Իսկ երբ «իքս» քաղաքացին կամ պետական մարմինն
է դատի տալիս եկեղեցուն՝ դա մի ցինիկ, լկտի, պարանորմալ երևույթ է, ամոթ ու խայտառակություն,
ապոկալիպսիս։
Հ․ Մանուկյան