Գլխավոր խնդիրն այժմ ԵԱՏՄ-ի ապաինտեգրումից խուսափելն է. ՌԴ փոխարտգործնախարար

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ընդլայնումը ներկայիս պայմաններում կարող է վերածվել լրացուցիչ տնտեսական և բյուրոկրատական բեռի։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։


Նրա խոսքով՝ Արևմուտքի կողմից ստեղծվող լոգիստիկ և այլ բարդությունների պայմաններում ԵԱՏՄ-ի համար այժմ առաջնային խնդիր է միության ապաինտեգրումից խուսափելը։


Պանկինը, մասնավորապես, անդրադարձել է Հայաստանի դիրքորոշմանը՝ նշելով, որ Երևանը շարունակում է Եվրամիության հետ մերձեցման քաղաքականությունը։


Ռուսաստանի փոխարտգործնախարարի գնահատմամբ՝ Հայաստանի՝ ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացումը կարող է ազդեցություն ունենալ ԵԱՏՄ-ի ներսում ինտեգրացիոն գործընթացների վրա։


Պանկինը նաև քննադատել է Բրյուսելի քաղաքականությունը՝ պնդելով, որ Եվրամիությունը տարբեր երկրների խոստումներ է տալիս, որոնք, նրա կարծիքով, «դժվար թե որևէ պահի կատարի»։


Միաժամանակ, Հայաստանի իշխանությունները ԵԱՏՄ-ն պաշտոնապես շարունակում են դիտարկել որպես տնտեսական համագործակցության հարթակ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախկինում ընդգծել է, որ ԵԱՏՄ-ն չպետք է ունենա քաղաքական կամ աշխարհաքաղաքական օրակարգ։